Կոմանդոսի նախաձեռնած «Քաղաքացիական խորհուրդ» կազմակերպության համաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին

Կոմանդոսի նախաձեռնած «Քաղաքացիական խորհուրդ» կազմակերպության համաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին

Մայիսի 7-ին տեղի կունենա երջանկահիշատակ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) նախաձեռնած «Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության համաժողովը։ 

«Հրապարակի» հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը շատ փակագծեր չբացեց, սակայն ասաց, որ «Քաղաքացիական խորհուրդ»-ի գաղափարը և նախաձեռնությունը Շուշիի ազատագրմանը գործուն մասնակցություն ունեցած Կոմանդոսինն է։

Կազմակերպությունն արդեն ունի պետական գրանցում։

«Արկադի Տեր-Թադևոսյանը նոյեմբերի 11-ին է հանդես եկել այդ գաղափարով։ Ես և մեր համախոհներն աջակցել ենք, կայացրել ենք «Քաղաքացիական խորհուրդը»։ Ծրագրերին ինքը հավանություն է տվել։ Հստակ ծրագրեր ենք մշակել ու շարունակում ենք. տնտեսության ձևավորման, կայացման, ազգային տնտեսության ստեղծման և տարբեր ոլորտներով։ Տարբեր ոլորտների մասնագետներն իրենց ծրագիրը կներկայացնեն մայիսի 7-ին։ Մայիսի 7-ին նախատեսել ենք համաժողովը», - եզրափակեց Մանասերյանը։

Կազմակերպության լոգոն կլոր է։ Այն եռաշրջանակ է։ Երրորդ շրջանակի մեջ «Մայր Հայաստան» արձանի լուսանկարն է, ոտքերի հատվածում տեղակայված է «Քաղաքացիական խորհուրդ» անվանումը։ Արձանի հետևի ֆոնին կապույտ գույնով հավերժության նշանն է ներկայացված, լոգոյի առաջին շրջանակի վերևի հատվածում գրված է «Համախմբված Հայություն», իսկ ներքևի հատվածում՝ «Հզոր Հայաստան»։