Հերոստրատի փառքի հետնորդները

«Մարդկային լկտիությունը զորավոր է բոլոր աստվածներից»։
Հերոստրատ
Էս ի՞նչ ենք անում՝ բոլորս իրար հոշոտում ենք ու դեռ շարունակում ենք դրսում հավերժ բարեկամ ու թշնամի փնտրել: Խաղաղվեք, պարոնայք, հավերժ թշնամի չի լինում, բիզնեսն է ե՛ւ հավերժը, ե՛ւ բարեկամը, ե՛ւ թշնամին:
Շատերը կհիշեն 1998 թվականը, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը։ Հիշենք նաեւ, թե նրա իշխանավարման տարիներին ինչ «պատահարներ» հաջորդեցին։ Նշենք միայն մի քանիսը․ 1999թ․ հոկտեմբերի 27-ի ծածկադմփոց արված ողբերգությունը, առայսօր չբացահայտված հայ գեներալների առեղծվածային սպանությունները, Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների, դրանց կառավարման գործառույթների «նվիրաբերումն» այլ պետությանը՝ Ռուսաստանին, 2008-ի մարտի 1-ի նույնպես չբացահայտված, փակված ոճրագործությունը․․․
Գուցե պատահաբար, այդուհանդերձ, մեկ դրական արդյունք գրանցվեց․ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի տարածքի փոխանակման գործարքն առանց մեծ աղմուկի բացահայտվեց եւ կանխվեց։ Նկատենք, որ Մեղրիի խնդիրը նաեւ բախտորոշ եղավ ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀՀ քաղաքացիների համար։ Այն է՝ փաստագրվեց Ռ․ Քոչարյանի հանդեպ ՀՀ քաղաքացիների վստահության կորուստը, ասել կուզի՝ ՀՀ երկրորդ նախագահի անձն օտար մարմին է հայոց անկախ պետականության գլխին (կասկած առաջացավ՝ գուցե իսկապե՞ս ալբանացի է․․․)։
Ի դեպ, համոզվելու համար, որ մեր տարածաշրջանում ամեն ինչ աղվանական է, բերենք ակներեւ մեկ փաստ: Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայիս պետությունների՝ հնագույն հայկական համարվող ճարտարապետական կոթողները, ըստ մեզ հետ հակամարտող թեւի, աղվանական արմատներ ունեն: Հայկական ճարտարապետության լինել-չլինելուց բխող վեճը նոր չէ, սակայն լուծումը չի նշմարվում, քանզի ժամանակակից միջազգային հարաբերությունների տիրույթում իշխող գերհզոր տերությունները, համաշխարհային հանրությունը կարեւորություն չեն տալիս հայկական կողմի ահազանգերին (մեջը շահ չկա), իսկ ադրբեջանական թեւի ստահոդ խոսքը խրոխտ է հնչում (ուրեմն՝ մեջը շահ կա): Նկատենք, որ ՀՀ երկրորդ նախագահը ժամանակին եղել է, իսկ գործող վարչապետը կա որպես Հայաստանի եւ Երեւան քաղաքի չգրանցված գլխավոր ճարտարապետ-քաղաքաշինարար- կառուցապատող-ուրբանիստը եւ Հայաստանի գլխավոր հատակագծի հեղինակը՝ միայն բիզնես-բովանդակությամբ։ Իզուր չէ, որ ՀՀ երկրորդ նախագահի անսխալականության զգացումը՝ ստրատեգիական հաշվարկ կատարելու կարողությունը, երբեք իրեն չի «դավաճանել»: Եվ ի՞նչ, նույն քաղաքական ինքնավստահությամբ է օժտված նաեւ ՀՀ գործող վարչապետը:
Հենց նա էլ գտավ ի՛ր «գրավարժ» հերթական հաշվարկի «դրդապատճառը» (մոտիվացիան): Այն է՝ ՀՀ իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ լուրջ անհամաձայնությունների փաթեթն արդեն լցվել է, ժամանակն է՝ այն որքան հնարավոր է, արագ պարպել: Գործող իշխանությունների հանձնառությունն է՝ սասանել ՀԱԵ-ի հեղինակությունը հանուն իշխանական շահի: Անշուշտ, ՀԱԵ-ն բարեփոխելու անհրաժեշտությունն ակնհայտ է: 1998-ից մեր ազգային եկեղեցու եւ գործող իշխանության հարաբերությունները սերտացան ոչ ժողովրդաշահավետության ուղիով: Իսկ 2018-ից սկսած՝ խնդիրն ավելի սրվեց, երբ գործող իշխանությունների հանձնառությամբ ՀԱԵ-ից պահանջվեց լիովին տրվել իշխանություններին: Ակնբախ է, որ հարեւան Ադրբեջանում իշխանություն-հոգեւոր դաս անբովանդակ միաբանությունը «լավ օրինակ է» հայոց իրականության համար: Իսկ երբ ՀՀ գործող իշխանություն-ՀԱԵ հակամարտությունը խաղաղ ընթացք ունենա եւ մարի, ապա մյուս պատվիրված շտկումները՝ Անկախության հռչակագրի չեղարկում, նոր սահմանադրության ընդունում, անկախ պետականության խորհրդանիշների ձեւափոխում, դասագրքերի պատվիրված կոնցեպտով շարադրում եւ այլ մեծ ու փոքր պահանջների իրագործում, լուրջ բարդություններ չեն առաջացնի, քանզի հանրության ապատիկ հոգեվիճակը խիստ նպաստավոր է եւ կարծես թե շարունակական:
Ի վերջո, վերջ կդրվի նաեւ մե՛ր հանրության ու մե՛ր պատմության միջեւ ընթացող անպտուղ վեճին: Անշուշտ, այդ ամենի մեջ բիզնեսի մի անմարդկային տեսակ է ձեւավորվել, որը ո՛չ ազգություն ունի, ո՛չ հավատք, ո՛չ էլ…
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ