Ավանակը եւ համառությունը նույն օրն են ծնվել

Ավանակը եւ համառությունը նույն օրն են ծնվել

Ես չեմ կարող հստակ ասել, թե Նիկոլը երբ քարը կթափի փեշից եւ կարտասանի այս մոգական բառերը՝ «ահա եւ վերջ»: Կառքին լծված ծեր ձին, օրինակ, այդ բառերն արտասանել է՝ տեսնելով առաջին ինքնագնաց տրամվայը: Դե, այդ ձիու ժամանակներում ամեն ինչ ավելի հեշտ ու հասկանալի էր: Ո՛չ գիտությունն էր բավականաչափ զարգացած, ո՛չ կապի միջոցները, ո՛չ սոցցանցեր կային, եւ ո՛չ էլ որեւէ չորքոտանի էր տիեզերք թռել: Եվ ծեր ձիու համար, որ «տաքսի էր աշխատում» փոշոտ քաղաքում, ինքնաշարժ տրամվայն իսկական կատաստրոֆա էր, ու, տեսնելով այն, նա ճիշտ հետեւություն արեց՝ «ահա եւ վերջ»:

Փաշինյանի պարագայում ամեն ինչ այդքան պարզ չէ: Ժողովրդավարության եւ էշի համառության բնագավառներում գիտության անժխտելի նվաճումները, զարգացած սոցցանցերը, վայ-քաղաքագիտական հարուստ գրականությունը, հարմարվելու եւ տրվելու նուրբ արվեստները, ինչպես նաեւ՝ բնատուր տաղանդները՝ ստելը, ճղճղալը, գժի կերպարը, ընտրությունը հմտորեն կեղծելու շնորհքը, նպաստում են, որ նա հնարավորինս ուշ գիտակցի եւ արտաբերի «ահա եւ վերջ» մոգական բառերը:

Նիկոլ Փաշինյանի փոխարեն ես վաղուց ս..ս քաշած կլինեի: Ո՛չ ժողովրդավարությունից եմ բան հասկանում, ո՛չ ստել գիտեմ, ո՛չ ճղճղալ, ո՛չ գիժ եմ, ո՛չ էլ էշի համառություն ունեմ: Շուշին չտված՝ Պուտինն ինձ ասեր՝ թող պատերազմը դադարեցնեմ, ես ասեի՝ չէ՞, Շուշին տայի, նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրեի ու պախկվեի բունկերո՞ւմ: Հետո բունկերից սկսեի հաթաթա տալ իմ ժողովրդի՞ն… Չէ, կներեք, բայց դա իմ ուժերից վեր կլիներ: Ես կասեի՝ «ահա եւ վերջ», կգնայի, կկանգնեի գնդակահարության պատի տակ եւ ոչ թե էշի համառությամբ կկպչեի աթոռիս ու պոկ չէի գա: Ժողովուրդը կգյուլլեր՝ լավ, չէր գյուլլի՝ սուսուփուս ռադս կքաշեի ասպարեզից, որ հետո էշի հարսանիք (ազգակործան պատուհաս) չդառնայի ժողովրդիս ու երկրիս գլխին:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ուրիշ «ֆռուկտ է»: Նրան հաճախ ենք համեմատում գունավոր «հեղափոխությունների» շնորհիվ իշխանության բերված տարբեր գործիչների հետ, բայց իրականում համեմատության եզրերը շատ քիչ են՝ Սահակաշվիլի, Զելենսկի, «Մուսուլման եղբայրներ» (Եգիպտոս) եւ այլն: Թվարկվածներից ոչ ոք այլեւս գոյություն չունի, միայն Նիկոլն է մնացել աթոռին: Բռնելու հնար չկա. ով բռնում, ինչպես բռնում է, միեւնույն է, լպրծուն ձկան պես պլստում ու էլի ընկնում է ջուրը: Մարդն անգամ Հիսուսին խաչեց, բայց Նիկոլի պարագայում նույնիսկ դա է անհնար: Էս տեսակ ֆենոմեն անգամ հունական դիցաբանության մեջ չկա:

Կարծիք կա, որ Նիկոլին Էրդողանն ու Ալիեւն են պահում: Մի քիչ դժվար է չհամաձայնելը, բայց ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ այդ կարծիքը մեր հուսահատությունից է ծնունդ առել: Ինչպե՞ս է Նիկոլն ամեն անգամ իր անհաջողությունների մեջ սրան-նրան մեղադրում: Այդպես էլ մենք ենք Էրդողանին ու Ալիեւին մեղադրում մեր անհաջողությունների մեջ: Չենք կարողանում ոտուձեռը կապել, գցել պադվալ, ասում ենք՝ սաղ Էրդողանն ու Ալիեւն են մեղավոր: Էն մարդիկ ի՞նչ անեն, ավելի ճիշտ՝ է՞լ ինչ անեն, որ Նիկոլն ասի՝ «ահա եւ վերջ»: Իսկ գուցե Էրդողանի եւ Ալիեւի մեղքն այն է, որ Նիկոլին չե՞ն բռնում… Իլհամ Ալիեւ, արի Նիկոլին բռնի… Սա՞ ենք պահանջում այդ մարդուց:
Էրդողանն ու Ալիեւը Նիկոլին հեռացնելու «փայ» իրենց անելիքն արել են, մի բան էլ՝ ավելի: Արցախը հայաթափեցին, Ալիեւի զորքերն արդեն 5 տարի է՝ մեր սուվերեն տարածքում են ու հիմա էլ սպառնում են նոր տարածքներ գրավել՝ Տավուշի անկլավներ, Տիգրանաշեն, Սյունիք (որպես արտատարածքային միջանցք): Եվ սա դեռ ամենը չէ: ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի, Մինսկի խումբը պետք է լուծարվի, կես միլիոն ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան… Մենք մեր բոլոր պահանջները հիշում ենք՝ ասել են Ալիեւի աշխատակազմից: Լավ, էլ ի՞նչ անի ու ասի Ալիեւը, որ Նիկոլը քարը փեշից թափի ու հասկանա՝ «ահա եւ վերջ»:

ՀԳ. Ալիեւի փոխարեն լինեի՝ ես էլ նույն կերպ կվարվեի: Ինձ էլ, բնականաբար, կհետաքրքրեր, թե Նիկոլը դեռ ինչքան կարող է համառել ու հրաժարական չտալ: Ես Բաքվում հատուկ ինստիտուտ կհիմնադրեի, որ մի կողմից զբաղվեր Նիկոլի ֆենոմենի ուսումնասիրությամբ, մյուս կողմից՝ Հայաստանի համար ավելի դաժան ու անիրագործելի պահանջներ ձեւակերպելով: Օրինակ՝ Նիկոլը պետք է գնա Պրահա եւ հայտարարի, որ Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի սուվերեն տարածքը 900 հազար քառակուսի կիլոմետր է… Եվ կամ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Երեւան-Սեւան մայրուղին` որպես միջանցք, տրամադրել Ադրբեջանին...