Միքայել Մինասյանի հայտարարություններին դատախազությունն ընթացք է տվել

Միքայել Մինասյանի հայտարարություններին դատախազությունն ընթացք է տվել

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շաբաթօրյա «լայվում» հնչած խնդրահարույց հայտարարություններին իրավապահները ընթացք են տվել։ «Տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութ նախապատրաստելու» ,-այս մասին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Մինասյանը հայտնեց, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ 2019թ․Հռոմում հանդիպել է, իբր այդ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե նա որոշակի գումար վճարի ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները իր և իր հարազատների նկատմամբ կդադարեցվեն, և նա կկարողանա իր հանգիստ կյանքն ապրել Հայաստանի սահմաններից դուրս։

Մինասյանը, որը մերժել է Փաշինյանի առաջարկը, ասել է․ «Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»։

Երեկվանից իշխանական շրջանակները բարձրաձայնում են Վանեցյանին պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սակայն եթե հաստատվեցին Մինասյանի բոլոր հայտարարությունները, ապա Վանեցյանից բացի Փաշինյանի պատասխանատվության հարցն էլ է առաջ գալու։