Իրացումը կնվազի, գույքի գները կիջնեն, բայց բնակարանները շատ մատչելի չեն դառնա

Իրացումը կնվազի, գույքի գները կիջնեն, բայց բնակարանները շատ մատչելի չեն դառնա

Իրացման մասով 2026 թվականին կառուցապատողները անկում են սպասում։ Այս մասին հայտարարեց «Կառուցապատող ների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։ Նա նախկինում ՊԵԿ պետի տեղակալ է եղել և լրագրողների հետ զրույցում հմտորեն խուսափեց թվեր հնչեցնելուց։ Մասնավորապես, նա չպատասխանեց «Հրապարակի» հարցին, թե ունի արդյոք ասոցիացիան հաշվարկ, թե քանի դատարկ, իրացման ենթակա բնակարաններ կան այս պահին երևանյան նորակառույց բազմաբնակարան շենքերում։ 

«Նման հաշվառում չկա, ես հիմա թվեր չեմ կարողանա հնչեցնել, որովհետև Կադաստրի կոմիտեն մինչև տարեսկիզբը այլ կերպ էր վիճակագրություն հաշվառում, ավելի շատ իրացվող տների մասով։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանում կա շուրջ 80 մլն քմ բազմաբնակարան շենք, և որպեսզի մենք ամեն տարի 101 տոկոսը ռենովացնենք, գոնե տարեկան 800 հազար քմ պետք է շահագործման հանձենք, որ վաղը հին բնակֆոնդի մաշվածության պայմաններում կարողանանք առաջարկել բնակիչներին նոր հարմարավետ բնակարաններ», - ասաց նա։ 

2007-2008 թվականներին , երբ երկրում շինարարական  բում էր, տարեկան 800-900 հազ քմ էր կառուցվում, անցյալ տարի, ըստ Սաքապետոյանի, հանձվել է 800-900 հազար քմ բնակտարածք, այս տարի ձգտումը մեկ մլն է, իսկ եկող տարի նորից  կլինի 700-800 հազար։ «Բայց սա բավարար չէ, մենք պետք է այս տեմպերը գոնե պահենք, որպեսզի 10 տարի հետո մեր քաղաքացիները տեղափոխվեն նոր, հարմարավետ բնակարաններ», - ասում էր նա։ 

Արմեն Սաքապետոյանը նաև վստահեցնում է, որ կառուցապատողները հետաքրքիր ծրագրեր ունեն մարզերում։ «Մարզեր ասելով, նկատի չունենք Բագրևանդի աջ, կամ ձախ մասը։ Մենք նկատի ունենք գոնե երևանամերձ քաղաքները՝ Աբովյան, Հրազդան, Արտաշատ Աշտարակ, փորձում ենք ծրագրեր տանել նաև այլ հեռավոր մարզեր, բայց իհարկե, այստեղ գնողունակության խնդիրներ կան։ Նաև բանակցում ենք կառավարության հետ, որ նոր, խթանիչ գործիքներ ներդնեն ու որ կառուցապատումը իրականացվի նաև մարզերում», - ասաց նա։ 

Նաև, լրագրողների հարցերին պատասխանելով, նշեց, որ բնակարանների գները իթեւ իջնում են, կառուցապատողները բազմաթիվ ակցիաներ, զեղչեր են իրականացնում։ «Պահանջարկի նվազմամբ կիջնեն նաև գները, բայց դրանք չեն կարող այնքան նվազել, որ բնակարանները դառնան շատ ավելի մատչելի, որովհետև մյուս կողմից ավելանում են հարկերը, տուրքերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից միացման վճարները»։