Որտեղ փնտրել իսկական մարդասպանին

Որտեղ փնտրել իսկական մարդասպանին

Լավրովն իր հայաստանյան այցը, ամենայն հավանականությամբ, կգնահատի «լավ»: ՀՀ իշխանություններն այդ այցը չեն գնահատի որեւէ կերպ, եւ դա՝ մի պարզ պատճառով, որ իրենք այդ այցին մասնակից չէին: Մասնակից չէին այն իմաստով, որ բանակցությունների կողմ չէին հանդիսանում: Լավրովը Հայաստան էր եկել՝ ներկայացնելու ՌԴ անդրկովկասյան քաղաքականության ուղղությունները, Հայաստանի հետ կապված Ռուսաստանի հետաքրքրությունները եւ միայն այդքանը: Մնացածը կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ հետեւություններ անելու գործը, Լավրովը թողեց ՀՀ քաղաքական ղեկավարության ուսերին: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ՀՀ իշխանությունները պետք է այս անեն, այն անեն, այսպես պահեն իրենց կամ այնպես պահեն: Լավրովը ՀՀ իշխանություններին դիվանագիտորեն հասկացրեց՝ մենք այլեւս ձեր «զահլեն» չունենք, ինքներդ կողմնորոշվեք ձեր պետության եւ անկախության համար ճակատագրական այս իրավիճակում: Արարատ Միրզոյանի կմկմոցը՝ Հայրենական մեծ պատերազմին հայերի ակտիվ մասնակցության եւ 300 հազար զոհ տալու մասին, հին ու բարի ժամանակների երգ էր ընդամենը, որ Լավրովը հազար անգամ էր լսել: Փոխարենը՝ Լավրովի ակնարկը, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հաղթանակի շքերթին, չնայած ԵՄ ճնշումներին, մի յուրահատուկ կսմիթ էր, որից ոչ թե պետք է ուրախանալ, այլ՝ գետինը մտնել… Ուր ենք հասել, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթահանդեսին հատուկ «համարձակություն» ցուցաբերելով ենք մասնակցում, միայնակ, առանց հայկական զորախմբի, տրիբունայի մի անկյունում կուչ եկած: Ինչեւէ:

Մի այսպիսի միջանկյալ հարց Արարատ Միրզոյանին՝ արդյոք Հայաստանի եվրոպական կողմնորոշումո՞վ էր պայմանավորված ՌԴ արտգործնախարարին նման սառը վերաբերմունքի արժանացնելը: Կարող եք չպատասխանել, պարոն Միրզոյան, որովհետեւ ես հրաշալի գիտեմ, որ ձեր սառը կամ տաք լինելը ոչ թե Հայաստանի շահերից է բխում, այլ՝ Նիկոլ Փաշինյանի: Բավական է նա Ձեզ հրահանգի՝ դիմավորել Բուրունդիի արտգործնախարարին, ուղեկցել նրան անգամ զուգարան գնալիս, եւ Դուք կվազեք: Այնպես որ, խնդրում եմ, ինձ Ձեր պրոտոկոլը ցույց չտաք:

Իսկ հիմա՝ գլխավորի մասին: Հայաստան էր այցելել հզորագույն, մեր տարածաշրջանում ամենամեծ հետաքրքրություններն ունեցող գերտերություններից մեկի արտաքին գերատեսչության ղեկավարը: Մենք էլ այն վիճակում ենք, որ առանց այդ գերտերության կարող ենք ուղղակի գոյություն չունենալ: Եվ, ուրեմն, ի՞նչ էր պետք անել: Առաջին հերթին պետք էր մեր լավը չուզող հարեւաններին ցույց տալ՝ մենք միայնակ չենք, ունենք մի հզոր դաշնակից, որի շահերը համընկնում են մեր շահերին, որն այս տարածաշրջանի մասին իր պատկերացումներն ի վիճակի է իրականության վերածել՝ զսպելով հայատյաց ծրագրեր որոճացող հարեւանների հարաճուն ախորժակը: Ավելին պետք էլ չէր անել, մանավանդ որ Լավրովը սեփական նախաձեռնությամբ արդեն իսկ հիշատակել էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի եւ ռուս սահմանապահների առկայության փաստը: Իսկ ի՞նչ արեցինք մենք, այսինքն՝ Նիկոլը: Մենք փողոց հանեցինք հենց այս պահին Ռուսաստանից պարտություն կրող Արեւմուտքի հայաստանյան սեգմենտը՝ այսպես կոչված՝ «հայ» արեւմտամետների սբրոդը, Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: Էս կարգի էշություն կարող էր իրեն թույլ տալ միայն Հայաստանում բախտի բերմամբ ձեւավորված որեւէ թուրքական կամ ադրբեջանական իշխանություն, որի նպատակը Հայաստանը քարտեզի երեսից ջնջելն է: Արման Բաբաջանյանը, հասկանում ես, ՌԴ արտգործնախարարին դիմավորում է «Պուտին՝ մարդասպան» պաստառով: Дебилы, б… Լավրովի խոսքերով միայն կարելի է բնութագրել «հայ» արեւմտամետների այս ակցիան: Եվ, պատկերացրեք, բախտներս բերեց, որ այս կարգի դեբիլները Լավրովի համար արտառոց կամ չտեսնված ինչ-որ բան չէին: Սրանցից Ռուսաստանում միլիոններով կան: Հակառակ պարագայում Լավրովը կարող էր չեղարկել այցն ու վերադառնալ Մոսկվա՝ դա համարելով վիրավորանք իր երկրի ղեկավարի հասցեին:

Դե իսկ մենք՝ հայերս, մեր հետեւությունը պետք է անենք Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյանի եւ Գյումրուց մազապուրծ փախած «Եվրատաշիկի» համատեղ այս ակցիայից:  Պետք է ընդամենը մի հասարակ հարց տանք ինքներս մեզ՝ ո՞վ է իսկական մարդասպանը՝ նա՞, որ մի քանի անգամ առաջարկել է կանգնեցնել Արցախի դեմ պատերազմը, թե՞ նա, որ հազարավորների արյան գնով կործանեց Արցախի Հանրապետությունը: