Երեխաները մոխիրների մեջ են իրենց խաղալիքները փնտրում

Երեխաները մոխիրների մեջ են իրենց խաղալիքները փնտրում

Հունիսի 11-ին հրդեհ բռնկվեց Արարատի մարզի 13 փողոցի տնակներից մեկում: Հրդեհն արագ տարածվեց ու ամբողջ տնակն այրվեց՝ իր ողջ գույքով, կահ- կարասիով: Հարեւաններին ու ԱԻՆ աշխատակիցներին չհաջողվեց տնից որեւէ իր փրկել, քանի որ տնակի չոր փայտն այրվեց լուցկու արագությամբ: Տնակի բնակիչներից ավագները՝ Անուշավան ու Գոհար Կիրակոսյանները, հրդեհից մեկ ժամ առաջ էին դուրս եկել՝ գնացել հիվանդանոց:

Բարեբախտաբար, թոռները մայրիկի հետ առավոտյան գնացել էին բարեկամի տուն, իսկ նրանց հայրն աշխատանքի էր: Իսկ երբ տատն ու պապը՝ հարեւանների զանգելուց հետո արագ վերադարձան, իրենց վարձակալած տնակը տեսան ամբողջությամբ հրդեհված ու մոխրացած: Նրանք անզորությունից լացում, գոռում էին: Սիսիանից եկած Կիրակոյանների բազմանդամ ընտանիքը երկու տարի առաջ էր եկել Այնթապ՝ աշխատելու նպատակով: Այս տնակում նրանց ողջ ունեցվածքն էր՝ հագուստ, անձնական իրեր, գույք, տեխնիկա, որոնք վերջին երկու տարում էին գնել: Հիմա նրանք իրենց անչափահաս թոռների, տղայի եւ հարսի հետ մնացել են առանց կացարանի, առանց որեւէ հագուստի: Նրանք գիշերում են ամեն օր տարբեր ծանոթ –բարեկամների տանը: Իսկ երեխաներն ամեն օր հուսահատ գալիս են ու մոխրակույտերի մեջ փնտրում իրենց խաղալիքները…