Կապանի «Ճանշինի» տերը պաշտոնյայի է վիրավորել 

Կապանի «Ճանշինի» տերը պաշտոնյայի է վիրավորել 

Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվում Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված «Կապան ճանշին»-ի վերաբերյալ։ Կոմիտեից հայտնեցին, որ գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 291 հոդվածի 2-րդ մասով` «Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը», որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին, եւ օրենսգրքի 318-րդ հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը»։ Ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը հարցաքննվել է։ Նա կասկածյալի կարգավիճակ ունի։ 

Կարապետյանը Կապանում հայտնի մարդկանցից է, մականունը՝ Թլիշ, Կապանի ասֆալտի գործարանի սեփականատերն է, նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի եղբայրը, ում 2008-ին հաղթեց ՀՅԴ-ական Արտուր Աթայանը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հովանավորյալն էր։  
«Սեւերի» իշխանության օրոք Արարատ Կարապետյանը «հարց լուծող» էր։ Քաղաքում նա գործնական «արիշ-վերիշների» մեջ է եղել, ռեստորանային բիզնես ուներ, որը վաճառել է։ Ի դեպ, ռեստորանն իր անունով է կոչել՝ «Արարատ»։ Նաեւ Կապանի կաբելային հեռուստատեսության հիմնադիրն է համարվում։ «Կապան ճանշինը» զբաղվում է քաղաքացիական եւ առեւտրային շինարարությամբ, կապիտալ վերանորոգում ու կամուրջների կառուցում է իրականացնում։ Թե ընդերքի օգտագործման ինչ կանոններ է խախտել Կարապետյանի ընկերությունը, ում եւ ինչու է վիրավորել, փորձեցինք իմանալ հենց իրենից։

Նա սկզբում հարցրեց, թե ինչ գործի մասին է խոսքը, ինքը ոչինչ չգիտի։ Ապա ասաց՝ տեղս հարմար չէ, հետո կզանգեմ, սակայն ո՛չ զանգեց, ո՛չ էլ այլեւս մեր զանգերին պատասխանեց։ Մեր տեղեկություններով՝ նա հարվածել է Կապանի ոստիկաններից մեկին։