Ադրբեջանական հիմարություն

Ադրբեջանական հիմարություն

Մի քանի օր է՝ ադրբեջանական մամուլը հատվածաբար վերաշարադրում է ռուսաստանյան «Նեզվիսիմայա գազետայի» հոդվածը, որի հեղինակ Լեւ Մաաստ (Ասկերով) շրջանառության է դրել Լուբյանկայի արխիվներում «հայտնաբերած մի փաստաթուղթ»: Դա, իբր, Ադրբեջանի ՊԱԿ-ի հակահետախուզության վարչության աշխատակից  Թոմազ Կարիչաձեի զեկուցագիրն է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Սեմիչաստնիին՝ հեռավոր 1963 թվականին: Դա կատարյալ հիմարություն է, որն ապացուցելու համար բավական է կարդալ միայն առաջին նախադասությունը. «Ես խորապես համոզված եմ,- իբր թե գրել է ադրբեջանական ՊԱԿ-ի բարձրաստիճան սպան,- որ հանրապետության հայ բնակչության շրջանում Բաքվի եւ Ստեփանակերտի լուսավորչական եկեղեցիների սպասավորների միջոցով կատարվում է գաղտնի եւ միաժամանակ կոնսպիրացիայի բոլոր կանոններով կազմակերպված աշխատանք, որ արտահայտվում է ադրբեջանական ժողովրդի դեմ ատելության քարոզչությամբ»: Միանգամից բացահայտվում է, որ նման «Զեկուցագիր» գոյություն չունի: Այն պարզ պատճառով, որ ադրբեջանական ՊԱԿ-ի բարձրաստիճան աշխատակիցը պետք է վերջին հիմարը լիներ, որպեսզի Մոսկվային զեկուցեր Ստեփանակերտում լուսավորչական եկեղեցու գոյության եւ նրա սպասավորների կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ ատելություն քարոզելու մասին, որովհետեւ ԽՍՀՄ գոյության ողջ ժամանակահատվածում Ստեփանակերտում գործող հայկական եկեղեցի չի եղել: Սա ադրբեջանական քարոզչության առաջին հիմարությունն է: Երկրորդն ավելի ցցուն է: Բանն այն է, որ «Զեկուցագրի» հեղինակը բողոքում է իր անմիջական ղեկավարությունից, որ բազմաթիվ ահազանգերն անուշադրության են մատնել, ինչն էլ ստիպել է, որ դիմի վերադասին: Սա ուղղակի հարված է Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի հեղինակությանը, որովհետեւ 1963-67թվականներին հենց նա է գնդապետի զինվորական կոչումով գլխավորել Ադր. ԽՍՀ կառավարությանն առընթեր Պետական անվտանգության կոմիտեի հակահետախուզության վարչությունը: Ստացվում է, որ Կարաչիձեն բազմիցս ահազանգել է Հեյդար Ալիեւին, որ Ադրբեջանի հայ բնակչության շրջանում լուսավորչական եկեղեցու սպասավորները գաղտնի ատելություն են քարոզում ադրբեջանական ժողովրդի դեմ, կազմավորում եւ հրահանգավորում են «դաշնակցական ահաբեկչական խմբեր»՝ իսկ Հեյդար Ալիեւը ոչ մի ուշադրություն չի դարձրել ենթակայի զեկուցագրերին: Երկուսից մեկը՝ կամ Հեյդար Ալիեւն Ադրբեջանի եւ նրա ժողովրդի թշնամին էր, կամ Լեւ Մաասը պարզապես մոգոնել է այդ «Զեկուցագիրը»: Ընտրություն պետք է կատարեն «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակման պատվիրատուները: Այն է՝ անձամբ Իլհամ Ալիեւը: Եթե նրան ձեռնտու է, որ իր հայրը ներկայացվի որպես դավաճան, թող շարունակի նույն ոգով տիրաժավորել Լեւ Մաասի հոդվածը: