Բուհերում ցույց արած քաղաքացիների վրա փորձում են խուլիգանության մեղադրանք կարել

Բուհերում ցույց արած քաղաքացիների վրա փորձում են խուլիգանության մեղադրանք կարել

Այսօր ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասն արդեն ազատության մեջ է։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Սարգսյանը․

«Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով 200-ից ավելի բերման ենթարկված անձ կա, բայց հստակ տեղեկություններ չկան, քանի որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնված վարույթների վերաբերյալ, ոչ էլ բերման ենթարկված անձանց վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Այնուամենայնիվ, բերման ենթարկվածների հիմնական մասը արդեն իսկ ազատության մեջ է գտնվում»,- ասաց Սարգսյանը։ 

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալների մեջ կա՞ն անձինք, որոնք ձերբակալված են․

«Այս պահի դրությամբ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, բայց պիտի նշեմ, որ իմ գործընկերներից ստացված տեղեկության հիման վրա կարող եմ ասել, որ այն անձինք, որոնք բուհերում են իրականացրել իրազեկման ակցիաներ, նրանց վերաբերյալ իրականացվում են վարույթներ՝ խուլիգանության հանցակազմերով, ինչը ակնհայտորեն ապօրինի է»,- պատասխանեց փաստաբանը։

Սարգսյանին հարցրինք՝ իրենց ինչպե՞ս են պարզաբանել՝ ի սկզբանե ի՞նչ հիմքով են ցուցարարներին բերման ենթարկում․

 Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք տեսանկարահանված են, որ ոստիկանի կողմից որևէ օրինական պահանջ չի ներկայացվում, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ ակցիայի, հավաքների մասնակիցները մայթերից են բերման ենթարկվել ակնհայտ ապօրինի։ Ըստ էության, որևէ ապօրինի պահանջ նույնիսկ չեն էլ ներկայացնում, բերման են ենթարկում և արձանագրությունն էլ կազմում են ոստիկանության օրինական պահանջը չկատարելը»,- ասաց փաստաբանը։