Թե ինչ եղավ, երբ ՔՊ-ից երկու պատգամավոր պակասեց

Թե ինչ եղավ, երբ ՔՊ-ից երկու պատգամավոր պակասեց

Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության ենթակա էլ չէ այդ ՔՊ-ական պերսոնաժը: Ոչ այն է՝ ՔՊ-ին քննադատես՝ ինչո՞ւ հեռացրիք խեղճ հարիֆին, ոչ այն է՝ խորանաս հեռացնելու պատճառների մեջ, քանզի պատճառներ չկան առհասարակ: Մարդը տրանսպորտով գալիս էր ԱԺ, գնում տուն, ընդդիմությանը (հիմնականում՝ Դաշնակցությանը) «քննադատող» ելույթներ ունենում, մասնակցում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին: Ի՞նչն այնպես չէր անում: Մի անգամ նույնիսկ քիչ էր մնացել ծեծ ուտեր Եռաբլուրում՝ ՔՊ-շնիկ լինելու համար: Դա էլ չօգնեց: Հեռացրին մարդուն, եւ վերջ: Գոնե ժամանակավոր հեռացնեին կամ սառեցնեին, ինչպես ինքն էր խնդրել իր հայտարարության մեջ: Չէ, դրեցին ու չորով հեռացրին ֆրակցիայից: Երեւի կուսակցությունից էլ կհեռացնեն, եւ խեղճ Հակոբ Ասլանյանը կդառնա քայլող հանգուցյալ: Չեմ ասում՝ քաղաքական հանգուցյալ, որովհետեւ նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, կարելի է ասել` քաղաքականությամբ չի զբաղվել, այլ միայն քաղաքական պատվերներ է կատարել եւ, ահա, մնաց առանց աշխատանքի, գործատուի՝ իր նմանների պահանջարկ չունենալու պատճառով: Սա է ամբողջը: Պետք է նկատել նաեւ գործատուի ազնվությունը: Գործատուն Հակոբ Ասլանյանին չզրկեց պատգամավորական մանդատից եւ կշարունակի աշխատավարձ տալ նրան, որպեսզի նա մինչեւ այս խորհրդարանի վախճանը փողի կարիք չունենա եւ վայելի իր ծերությունը:

Հենց ՔՊ ֆրակցիան որոշեց իր գլխաքանակից հեռացնել Հովիկ Աղազարյանին, Ալեն Սիմոնյանն աշխատակազմին խնդրեց Հովիկ Աղազարյանի տեղը փոխել եւ նրան տանել-նստեցնել դահլիճի ամենաձախ, իր կողմից՝ ամենաաջ մասում: Որտե՞ղ կնստի Հակոբ Ասլանյանը՝ Հովիկ Աղազարյանի կողքի՞ն: Բայց կնստի՞: Ախր նրանք այնքան տարբեր են իրարից: Աղազարյանը՝ պայքարող տեսակ, Ասլանյանը՝ հանձնվող, դիմումը հետ վերցնող, թքածը լիզող: Ճիշտ է, Ասլանյանի հետ գործընթացներն սկսվեցին Աղազարյանին պաշտպանելու նրա փորձերից, բայց դա ի՞նչ արժեք ունի, երբ հայտնի է, որ Ասլանյանը մի հատ էլ մեղայական է ներկայացրել ՔՊ-ին: Ենթադրում եմ, որ ՔՊ-շնիկները, այնուամենայնիվ, Ասլանյանին միառժամանակ չեն տեղաշարժի եւ կսպասեն, որ դատախազն ԱԺ մտնի՝ Աղազարյանին այնտեղից տանելու միջնորդությամբ:

Հիմա գանք երեւույթին: Թե՛ Հովիկ Աղազարյանը եւ թե՛ Հակոբ Ասլանյանը հեռացվեցին, ճի՞շտ է: Հետեւաբար կարելի է ասել, որ ԱԺ-ի իշխանական գլխաքանակը դրանից նոսրացավ, պակասեց, փոքրացավ… Մի բառ էլ կար՝ նվազեց: Թե 21 թվին ՔՊ-ն ինչեր էր անում ամեն մի մանդատի համար, հայտնի է ՔՊ-ին էլ, մեզ էլ, ժողջանին էլ: Ու մեկ էլ՝ 2 մանդատի կորուստ… Առանձին վերլուծաբաններ շտապեցին ասել, որ ՔՊ-ից առնետավազք է սկսվել: Ես համամիտ չեմ: Առնետավազքը, սիրելի բարեկամներ, քաղաքական կատեգորիա է, որ տվյալ քաղաքական թիմում սկսվում է նրա առանձին անդամների քաղաքական ուրույն հաշվարկների հետեւանքով: Առնետավազքի մասնակիցները, սովորաբար, ունենում են քաղաքական նպատակներ, այլ քաղաքական ճամբարներում ապաստան գտնելու հեռանկարներ եւ այլն: Դիցուք՝ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի պարագայում ես ո՛չ քաղաքական հաշվարկ եմ տեսնում, ո՛չ էլ քաղաքական ապաստանի հեռանկար: Բայց այնպես էլ չէ, որ ՔՊ-ից Աղազարյանի եւ Ասլանյանի հեռացումը ձեռքբերում չեմ համարում: Վերեւում արդեն ասացի, որ ՔՊ ֆրակցիան, ի դեմս Աղազարյանի եւ Ասլանյանի, նոսրացավ: Ձեռքբերումը հենց դա է, հաջողություն է դա, եթե կուզեք՝ մի փոքր ուրախանալու առիթ: Ինչքան քիչ ՔՊ-շնիկ՝ այնքան լավ:

Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ապաքպականացումից երբեք չի կարելի հեռուն գնացող հետեւություններ անել եւ ասել՝ օֆ, է, վերջապես ՔՊ-ի փլուզումն սկսվեց: Դա կլինի քաղաքական կուրություն: Նորից եմ ասում՝ ՔՊ-ից այդ երկուսի հեռացումն ինքնին քաղաքական երեւույթ չէ, եւ դրա վրա քաղաքական երազանք կառուցել հնարավոր չէ: Դա մեկ կամ երկու փոքրիկ ճակատամարտ էր, որ ՔՊ-ն, գուցե մեզ շփոթեցնելու համար, ցուցադրաբար պարտվեց: Մինչդեռ ՔՊ-ի դեմ բուն «պատերազմը» դեռ չի էլ սկսվել: Ավելին ասեմ ձեզ՝ Նիկոլն իր այս որոշումներով ավելի կատաղի դարձրեց ՔՊ-ին, հասկացրեց, որ հանուն իշխանության պետք է անձնուրաց լինել, ոչնչի առաջ կանգ չառնել, ջարդել, փշրել եւ, ընդհանրապես, թքած ունենալ կիրթ եւ օրինական լինելու հրամայականի վրա: Գործող ՔՊ-շնիկները պետք է իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում իշխանությունից զրկված ՔՊ-շնիկների հետ, ինչպես են նրանք ստորացվում, խայտառակվում, դառնում, շատ ներողություն, առոչինչ:

Վերեւում մենք այդպես էլ չորոշեցինք, թե ԱԺ նիստերի դահլիճում որտեղ է նստելու պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Ես որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է որոշել Ալեն Սիմոնյանը, բայց կարող եմ նրան օգնել այս հարցում: Օրինակ, պարտադի՞ր է, որ Աղազարյանն ու Ասլանյանը ֆիզիկապես ներկա գտնվեն նիստերին, կոճակ սեղմեն կամ ելույթներ ունենան: Հասկանալի է, նրանց բացակայությամբ քվորում ապահովելը մի փոքր կբարդանա, բայց ինչքա՜ն գլխացավանքներից կազատվի իշխանական ֆրակցիան: Ասում եմ՝ թողեք Աղազարյանն ու Ասլանյանը աշխատասենյակներից հետեւեն նիստերին կամ էլ՝ տնից աշխատեն: Հո տեսա՞նք, թե նրանք ինչպես են տիրապետում մեսինջերին եւ ժամանակակից կապի մյուս միջոցներին:

ՀԳ. Ալեն Սիմոնյան, մի փոքրիկ խնդրանք ունեմ եւ հուսով եմ՝ չեք մերժի: Երբ գործը հասնի «նստացնելուն», Աղազարյանին եւ Ասլանյանին նույն «կամերում» չնստեցնեք: Աղազարյանին մենախուցն էլ բավական է, բայց Ասլանյանի «կամերը» պետք է ընդարձակ, շատ ընդարձակ լինի, որպեսզի, երբ օրը գա, բոլորդ տեղավորվեք այնտեղ: