Չգրված մի ուղերձի մասին

Չգրված մի ուղերձի մասին

ՀՀ Սահմանադրության օրն այս տարի եթե նույնիսկ տոնական չստացվեց, ապա ստացվեց գոնե քաղաքական: Տարբեր կուսակցություններ, դրանց առաջնորդներ հանդես եկան շնորհավորանքներով, և գրեթե բոլորն առաջին՝  «բուն» նախադասությունից հետո արագ անցնում էին հորդորների, զգուշացումների, քննադատությունների` ուղղված «իշխող ուժին»: Բայց քանի որ այդպիսի ուժ Հայաստանում ընդհանրապե՛ս գոյություն չունի, և ամեն ինչ սկսվում-ավարտվում է վարչապետի աթոռին նստած մեկ-միակ անձի կերպարով, ուրեմն քննադատություններն ուղղված էին հենց նրան: 

Ի դեպ, խիստ անմիօրինակ, հակասական էին ՀՀ Սահմանադրության տոնական գնահատականները նույնպես: Մեկի համար դա կարևորագույն փաստաթուղթ է, որ հայոց պետականությունը քանիցս զերծ է պահել քաղաքական ցնցումներից ու վայրիվերումներից, մյուսի համար` թղթի կտոր, որ իբրև երկրի մայր օրենք «ամրագրվել» է 1995 թվականի կեղծված ընտրություններով: Քաղաքական մի կուսակցության առաջնորդ նույնիսկ անլրջացրել էր թեման և շնորհավորանքին խառնել հեգնանք ու ծաղր`«գուցե մեզ Սահմանադրություն պետք էլ չէ» ավետիսով:

Սահմանադրության օրը բնականաբար շնորհավորել էր նաև վերջին շրջանում հատկապես այդ գործում մասնագիտացած ՀՀ նախագահը: 

Իսկ ինչպե՞ս էր իր երկրի մայր օրենքը արժևորել մեկ անձի մեջ անպատկերացնելի կերպով պարփակված «իշխող ուժը»` վարչապետը: Նրա շնորհավորական խոսքը պետք է որ հետաքրքիր լիներ, մանավանդ որ նախօրեին տոնական ուղերձով շնորհավորել էր ուրիշ մի երկրի ղեկավարի: Բայց եթե ԱՄՆ անկախության օրվա առթիվ վարչապետական շնորհավորանքն ակնհայտորեն շողոմքոր էր, տեղ-տեղ` ինքնահավան ու ինքնամեծար, սեփական երկրի տոնի առթիվ նրա խոսքն ավելի շատ դժգոհություն ու հիասթափություն էր բովանդակում, քան թեկուզ զուսպ տոնականություն: Ավելին` վերջին երկու օրվա ընթացքում աշխարհի հզորներին`ՌԴ և ԱՄՆ նախագահներին շնորհավորական  «ուղերձներով» պատված անձը իր երկրի տոնի առթիվ «հպարտ քաղաքացիներին» դիմելու ձևաչափ էր ընտրել ոչ թե տոնին պատշաճող ուղերձի ժանրը, այլ… ֆեյսբուքյան գրառումը: 

Ուղերձ, ուրեմն, չկար, փոխարենը կային վարչապետական ֆեյսբուքյան ծանր մտորումներ առ այն, թե՝ «պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս»: 

Ահա՛ թե ինչ, ահա՛ թե որտեղից է սկիզբ առնում Սահմանադրության, օրենքների հանդեպ «իշխող ուժի» խոր հակակրանքն ու քամահրանքը, խոր այնքան, որ նույն Սահմանադրությունն ու օրենքները արհամարհելով` այդ ուժը թերևս չարախնդում էլ է, թե` լավ եմ անում. այստեսակ Սահմանադրությանն ու օրենքներին` էդ էլ է շատ: 

Բայց վարչապետի շնորհավորանք-գրառման մեջ ամենահետաքրքիրը հետո էր գալու. «Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ»: Մեզ մնում է սոսկ գուշակել, թե ի՛նչ նկատի ունի մարդը «վերջին շրջանի իրադարձություններ» ասելով: Գուցե այն, որ այդ «իրադարձությունները» ծավալվել են քաղաքացիների` Սահմանադրության հետ իրենց կամքի օրգանական կապի բացակայության գիտակցումից, և նրանք  Ազգային ժողովին պարտադրել են անօրինական որոշումնե՞ր կայացնել` «կապը» վերականգնելու խոր մտահոգությամբ: Կամ գուցե այդ «իրադարձությունները» ենթադրում են քաղաքական ուժերի նկատմամբ ծայր առած հալածանքնե՞րը, որոնք նույնպես ծավալվել են՝ ի սեր Սահմանադրության հետ ՀՀ քաղաքացիների «կամքի օրգանական կապի» վերականգնման:

Բայց ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, ամենազարմանալին մեջբերման այն հատվածն է, որը հավաստում է, թե վարչապետը «իրադարձությունների վերլուծություն» է կատարել: Մինչդեռ, քանի որ իրադարձություններն ինքն էր «նախաձեռնել», թերևս պետք էր վերլուծել ոչ թե իրադարձությունները, այլ սեփական ատելություններն ու վախերը, սեփական հիվանդագին մտասևեռումները: