Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են

Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս պարբերաբար հայտնվում է մամուլի եւ օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Որոշ դեպքերում նախարարը հրապարակային բացատրություններ է ներկայացնում՝ ցույց տալով, որ պատրաստ է հանրությանը հաշվետու լինել իր գործողությունների համար: Օրինակ, Սյունիք եւ Տավուշ կատարած ուղղաթիռային անտեղի վոյաժների հետ կապված, որոնցով, ըստ որոշ տվյալների, քրեական գործ է հարուցվել, նա ասել է.

«Այո՛, գործուղվել եմ Սյունիք եւ հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի, մասնագիտական թիմի հետ ուղեւորվելու եմ հեռավոր մարզ, շտապ կերպով օգտագործվելու են բոլոր միջոցները»։ Նա կարծում է, որ իր այցերը նպատակային են, եւ կան իրավիճակներ, երբ պետք է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից: Բայց կան նաեւ իրավիճակներ, երբ անհարմար հարցերից չխուսափող նախարարը` իր ամբողջ աշխատակազմով, մամուլի քարտուղարով, ենթականերով, լռում է՝ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում, երբեմն նույնիսկ կոպիտ պատասխաններ է տալիս լրագրողներին: Հարցը, որով երեկ դիմեցինք նախարարին, «սուպերանհարմարներից» էր, եւ մենք պատասխան չստացանք: 

Բանն այն է, որ վերջերս ԱԱԾ աշխատակիցները մտել են նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել են Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը: Ծ. Վարդանյանը, ըստ իրավապահներին մոտ մեր աղբյուրի, «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Փաստորեն, հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին տրամադրվող գումարների բաշխումն իրականացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, որը նախարարի ամենահավատարիմ մարդն է համակարգում:  

Այս գրառումն է եղել Գրիգորյանի համակարգիչն ուսումնասիրելու, նրա նամակագրությանը ծանոթանալու հիմքը, քանի որ, ըստ ՊԱԳ կանոնադրության, այդ գործակալության հիմնական գործառույթներից է «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկների ու կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքման կազմակերպումը, փաստացի կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ամփոփումը եւ սահմանված կարգով ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը»: Իսկ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N-318-Ն որոշմամբ սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ֆինանսավորման կարգը: 

ՊԱԳ-ի վրա է, կոպիտ ասած, դրված պետպատվերի բաշխումը: Նա է իրականացնում ծրագրերի բաշխման, վերաբաշխման գործընթացը, որոշում, թե որ հիվանդանոցը եւ պոլիկլինիկան որքան գումար են ստանալու պետբյուջեից, եւ տվյալ հաստատության հետ կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավերացնում  նախարարության գլխավոր քարտուղարը:

Այս ընթացակարգը խախտվել է: Պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ: Ըստ հաստատությունների ներկայացրած կատարողականների, փողերը տվել են տարբեր չափերով․ մեկին՝ ներկայացված գերակատարված ծախսի 50 տոկոսի չափով, մյուսին՝ 30: Օրինակ, խոշոր ԲԿ-ները՝ «Արմենիան», «Էրեբունին», «Աստղիկը», ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քան, ասենք, մարզային ԲԿ-ները: Հիրավի առյուծի բաժին է ստացել «Արմենիա» ԲԿ-ն՝ Հանրապետական հիվանդանոցը, մոտ 188 մլն դրամ՝ 1 մլրդ 200 մլն դրամից, ինչը քիչ չէ, եթե հաշվենք, որ այս 1,2 մլրդ դրամը 100-120 կազմակերպության միջեւ է բաշխվում, եւ հաշվի առնենք, որ «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ԱՆ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի հորեղբայրն է, որ նրա հայրը եւս այդ ԲԿ-ում է աշխատում: Այսինքն՝ նախարարության «շռայլության» մեջ կոռուպցիոն ռիսկն ակնհայտ է, եւ զարմանալի չէ, որ ՊԱԳ պետը հրաժարվել է ստորագրել նման բաշխման նախագիծը: Այս պատմության մեջ մի նրբերանգ էլ կա` ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանը հին ոսկոր է` դեռ նախկին ժամանակներից աշխատող: Հեղափոխությունից հետո նշանակվող նախարարները փորձել են նրան հեռացնել պաշտոնից` չի ստացվել: Նման փորձեր արել է նաեւ Անահիտ Ավանեսյանը, ապա որոշել են նրան շրջանցել` աշխատելով տեղակալի հետ: 

ՀԳ. Պարզաբանումների համար դիմեցինք առողջապահության նախարարին: Անահիտ Ավանեսյանը, լսելով մեր «անհարմար» հարցերը, ասաց. «Ձեր հարցերն ուղղեք Ծաղիկ Վարդանյանին: Սա է իմ պատասխանը»: ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց` վատառողջ է, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է բացել, եւ խնդրեց հարցերն ուղղել նախարարի մամուլի խոսնակին: Տեղեկացանք, որ նա վերջերս սրտի վիրահատություն է տարել: ԱՆ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը եւս չպատասխանեց` արդյոք ԱԱԾ-ականներն այցելե՞լ են նախարարություն եւ ստուգել էլեկտրոնային նամակագրությունը` կապված պետպատվերի հետ: «Ես չեմ ուզում Ձեր ասածները մեկնաբանել, ցտեսություն, դիմեք նախարարի մամուլի խոսնակին»,- ասաց նա: ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ ինքն «ինֆորմացիա չունի»:

Դիմեցինք ԱԱԾ եւ դատախազություն: ԱԱԾ-ից գրավոր հարցում պահանջեցին, իսկ դատախազությունից հարցին, թե քրեական գործ հարուցվա՞ծ է ԱՆ-ի կողմից պետպատվերի գումարների բաշխման վերաբերյալ, պատասխանեցին, որ չունեն նման քրեական գործի հարուցման մասին տվյալներ, իսկ նախարարի ուղղաթիռային վոյաժների հետ կապված էլ հետեւյալն ասացին. «Առողջապահության նախարարի հետ կապված՝ քրեական գործի մասին տվյալներ մենք չունենք, բայց դրա վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունում, ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում, ուսումնասիրվում են»: