Այդպիսի համաձայնության եզրերը առայժմ դժվար թե երևում են

Այդպիսի համաձայնության եզրերը առայժմ դժվար թե երևում են

Վաղը Ժնևում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդւթյամբ տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի՞նչ կտա այս հանդիպումը, արդյոք նախորդների նման հրադադարի ռեժիմի մասի՞ն է լինելու, որը Ադրբեջանը վիժեցնում է հաստատման առաջին իսկ րոպեներից, թե՞ տեղի են ունենալու առարկայական բանակցություններ։ Զրուցել ենք քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարգարովի հետ․

«Խոսելով ակնկալվող հանդիպման մասին՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որ մինչև բովանդակային քննարկումներ սկսելը, այն հայտարարության մեջ, որը ներկայացված է եղել ամսի 25-ին, անհրաժեշտ էր պահպանել հումանիտար հրադադարը, ընդունել համապատասխան ձևաչափը՝ հրադադարի մշտադիտարկման  և կրակի դադարեցման համար, և սկսել բանակցությունները այն խնդիրների կամ էլեմենտների մասին, որոնք կարող են ուղղորդել դեպի խնդրի կարգավորում։ Այսինքն՝ առաջին մասը, ինչ-որ մի իմաստով նախապայմանը՝ Ժնևում արդյունավետ բանակցային գործընթացի համար, կայացած չէ, այսինքն՝ կողմերը, այս դեպքում պարզ է, թե որ կողմը, չեն իրականացրել 3 անգամ պայմանավորված հումանիտար հրադադարը, ինչ մնաց մնացած հարցերը։ Այն, ինչի մասին առաջարկվում է խոսել Ժնևում, վերաբերում է ինչ-որ մի ժամանակացույցին և այն քայլերին, որոնք անհրաժեշտ են խաղաղության հասնելու համար՝ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք ընդունված են 2 պետությունների լիդերների կողմից։ Բայց այստեղ առաջանում է նաև հարց, իսկ որո՞նք են այն հիմնարար սկզբունքները, որոնք  ընդունելի են դարձել 2 երկրների ղեկավարների համար, որովհետև մենք շեշտադրում ենք, որ խոսքը միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող 3 սկզբունքների մասին է։ Ադրբեջանի համար ինքնորոշման իրավունքը՝ որպես այս 3 իրար հավասար սկզբունքներից մեկը, բացառձակապես անընդունելի է, ինչի մասին խոսք գնաց նաև Ալիևի կողմից, երբ ինքը նշում էր, թե Ադրբեջանը երբևէ չի համաձայնելու, որ Ղարաբաղում անցկացվի անկախության հանրաքվե։ Այնպես որ մինչև Ժնևում բանակցային գործընթացի մասին խոսելը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի՞ շուրջ կողմերը գոնե պատրաստ են համաձայնել, իսկ այդպիսի համաձայնության եզրերը առայժմ դժվար թե երևում են։ Երկրորդ տարբերակը․ եթե Ադրբեջանը հաշվի է առնում հիմնարար սկզբունքները, բացարձակապես այլ բովանդակություն է ներշնչում, խոսքը գնում է Մադրիդյան կամ ձևափոխված մադրիդյան սկզբունքների մասին, ես վստահ չեմ, որ հայկական կողմը տվյալ պահին տվել է իր համաձայնությունը այդ սկզբունքներին, իսկ այն, ինչ համաձայնեցված է եղել Կազանում, ապա դա Ալիևը մերժեց՝ ներկայացնելով լրացուցիչ պայմաններ։ Այնպես որ՝ ո՛չ կատարված են հումանիտար զինադադարի և կրակի դադարեցման  նախապայմանները, ո՛չ կա մոնիթորինգի ձևաչափը, ո՛չ էլ կան համաձայնությունները՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Համապատասխանորեն բարդ է պատկերացնել, թե կողմերն իրենց ինչպես են պահելու և ինչ են քննարկելու Ժնևում»,- ասաց Մարգարովը։

Հարցրինք, թե իր կարծիքով՝ իշխանությունների կողմից  ի՞նչ պատգամով է Ժնև գնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյւանը՝ նկատի ունենալով, որ վարչապետ Փաշինյանն իր «լայվում» խոսում էր «ցավոտ փոխզիջումների մասին», իսկ դրանից մեկ օր հետո հայտարարեց, թե Արցախի ամեն սանտիմետրի և միլիմետրի համար կռիվ ենք տալու․

«Ենթադրվում է՝ այն մոտեցումները, որոնք ներկայացված են լինելու հայաստանյան կողմից իրենց մեջ, ըստ էության, պարունակելու են առաջարկը՝ խաղաղ եղանակով գտնել լուծումը՝ գոյություն ունեցող խնդրի համար, ինչը ենթադրում է այդ թվում նաև անմիջապես անդրադարձը այն 3 անգամ հնչեցված մոտեցումներին՝ կապված հումանիտար հրադադարի հայտարարմանը։ Այսինքն՝ տեսականորեն ենթադրում եմ, գնում է այն պատգամով, որը նշված է եղել Հայաստանի ղեկավարության կողմից որպես կարմիր գիծ, և դա իր մեջ բնականաբար ներառում է նաև Ղարաբաղի անկախությունը։ Եւ բանակցային գործընթացը, ըստ էության, տարվելու է այն ուղղությամբ, որ մենք խաղաղ բանակցային գործընթացի կողմնակիցն ենք, և եթե ադրբեջանական կողմը դա մերժելու է, մենք, բնականաբար, կամա թե ակամա, շարունակում ենք ներգրավված լինել ռազմական գործողությունների մեջ, որոնք տևում են մինչ օրս։ Այսինքն՝ ինտենսիվությունն ու ուղղությունները կարող են փոփոխվել, բայց բովանդակային մասն առայժմ մնում է, այնպես որ հայաստանյան դիրքորոշումները՝ կապված բանակցային գործընթացի հետ հայտնի են, և եթե մենք խոսում ենք այն մասին, որ կարող են լինել զիջումներ կամ «ցավոտ զիջումներ», ապա ենթադրվում է, որ այդ զիջումների պարագայում մենք մեկ է այն կարմիր գիծը, որը Հայաստանը չի անցնի, Ղարաբաղի անկախությունն է և դրա ճանաչումը։ Այն, ինչին կողմերը կարող են հասնել բանակցությունների ժամանակ, իհարկե, պետք է ընդունելի լինի արցախահայության համար, որը օժտված չէ միջազգային սուբյեկտայնությամբ, բայց օժտված է ինքնորոշմամաբ, ինչը ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքներից մեկն է»,- պատասխանեց քաղաքագետը։