Կոմպլեքսներ չունեն

Կոմպլեքսներ չունեն

Մարդը տակտի, նրբանկատության, էթիկայի զգացում կա՛մ ունի, կա՛մ չունի, եւ դրա դեմ ոչինչ չես կարող անել: Ասենք, երբ ձեր շենքի մուտքում թաղում է, դուք զուռնա-դհոլով հարս չեք հանի շենքից: Դա տարրական էթիկայի եւ հարեւանին հարգելու նշան է: Կամ՝ ապրիլի 24-ին ոչ ոք հարսանիք ու ծնունդ չի անում, որովհետեւ դա համազգային սգո օր է: Չնայած` նոյեմբերի 9-ի ոչ պակաս աղետալի օրը ոմանք աֆրիկյան լողափերից լուսանկարներ էին դնում:

Աղքատ պետությունում, որը բազում կորուստներ է կրել վերջին տարիներին, որի գլխին բազում վտանգներ են կախված, իշխանություն կոչվածի պահվածքն էլ պետք է համարժեք լինի իրավիճակին, որի մեղավորը նաեւ իրենք են: Երբ մարդիկ ամբողջ ամառվա ընթացքում մեկ անգամ Սեւան չեն կարողանում մեկնել, Մալդիվներ ու Ռիմինի մեկնելու հնարավորություն ունեցողները չեն հանրայնացնում իրենց շքեղ հանգիստը: Դա էլ է տարրական տակտի դրսեւորում: Կամ` եթե ինչ-որ հավաքույթի եք մասնակցում, եւ բոլորը փակ օձիքով են, կոստյում-պիջակներ են հագել, ճիշտ չէ լանջաբաց դեկոլտեով ներկայանալը: Էթիկան ու նրբանկատությունը շատ սերտորեն առնչվում են արարողակարգային ավանդույթներին, որոնցով պարտավոր են առաջնորդվել բարձրաստիճան պաշտոնյաներն ու իրենց կանայք:

Իհարկե, ոչ մի աղետալի բան չի լինի, եթե Ֆրանսիայի նախագահի կինը լողազգեստով նկարվի եւ նկարը տեղադրի սոցցանցի իր էջում, բայց նրանք, որպես կանոն, նման բան չեն անում, իսկ եթե անեն, հանրային համապատասխան արձագանքի կարժանանան: ՀՀ պաշտոնյաները, որոնք մեր հասարակության ու երկրի առաջ տասնապատիկ-հարյուրապատիկ ավելի մեծ մեղքեր ունեն, նման կոմպլեքսներից զերծ են. մեկը փղի վրա է նկարվում, մյուսը` սեւամորթի կողքին, երրորդն ադրբեջանցու գլխարկը գլխից չի հանում անգամ փակ տարածքում: