Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք

Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք
Հրանտ Բագրատյան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի տնօրենը նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է՝ Դավիթ Փափազյանը, իսկ խորհրդի նախագահը՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, դատական հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ մեզ մեղադրելով ֆոնդի գործարար համբավն արատավորելու մեջ։

Մենք անդրադարձել էինք այդ ֆոնդի հուլիսի 14-ին կնքված գործարքին, որով արաբական «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ են տվել։ Գրել էինք, որ սա մի խումբ մարդկանց բիզնես է, քանի որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար, եւ ազգային ավիափոխադրողը չի ընտրվել մրցույթով։ ԱՆԻՖ-ի հետ ծագած վեճի վերաբերյալ հարցրինք ՀՀ  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը։ 

- Ի՞նչ եք կարծում՝ մենք իրո՞ք արատավորում ենք ԱՆԻՖ-ի գործարար համբավը՝ պնդելով, թե այդ ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, պետության շահերին հակասող բիզնես է անում եւ որոշում «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրող դարձնել։ 

- Մենք ունենք տարեկան 3 մլն օդային ուղեւորաշրջանառություն եւ 30 հազար տոննա բեռնաշրջանառություն՝ ավիացիայով։ Դրանք լուրջ թվեր են։ Քանի որ հայերի կեսից ավելին ապրում է արտասահմանում, Հայաստանում  միշտ ե՛ւ ավիացիոն ուղեւորափոխադրումները, ե՛ւ հեռախոսային զանգերը գերշահութաբեր են եղել, քանի որ մեծ թրաֆիկ կա Հայաստանի եւ սփյուռքի միջեւ։ Զարմանալի է, որ մինչեւ հիմա մենք 3 մլն ավիաշրջանառությունից 1,5 մլն-ն չէինք տվել ազգային ավիափոխադրողին։ Կեսը պետք է հաշվես, որովհետեւ ռացիոնալ տրամաբանության դեպքում հակառակ կողմն ասում է՝ չվերթների կեսը ես պիտի անեմ, անկախ այն բանից, թե դա Air France-ն է,  Flydubai-ը, Emirates-ը, թե, ասենք, Aэрофлот-ը։

Տարեկան 1,5 ուղեւորաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 250 մլն դոլար։ Հայաստանի նման երկրներում դրա յոթնապատիկը համարվում է ակտիվի գինը։ Այսինքն՝ ակտիվը կազմում է 1 մլրդ 750 մլն դոլար։ Եթե ես խանութ եմ բացել, որի շրջանառությունը 150 հազար դրամ է, խանութի արժեքը Երեւանում 1մլն 50 հազար է, Բեռլինում կլինի 1.8 մլն (12-ապատիկը), եւ ինձ զարմացնում է, որ 1 մլրդ 750 մլն դոլարանոց ակտիվը, իսկ դա կոչվում է ոչ նյութական (non tangible) ակտիվ, զիջվում է ինչ-որ արաբական ընկերության։ Եթե մենք ՀՀ երրորդ նախագահին դատում ենք մի քանի հազար տոննա դիզվառելիքի գնման մրցույթին միջամտելու համար, ապա պատկերացրեք, թե այստեղ ինչ ահռելի կոռուպցիոն ռիսկի հետ գործ ունենք։ Բոլոր դեպքերում, մրցույթի բացակայությունը կոռուպցիա է, որովհետեւ կարող է, այդ նույն ազգային ավիափոխադրումներն ուզում էր անել Air France-ը կամ էլ, ասենք, Уральские авиалинии-ն։  

- Կարո՞ղ է պետական հետաքրքրություններ ներկայացնող հիմնադրամն օրենքով սահմանված կարգով հաշվետու չլինել հանրությանը, ոչ մի տեղ այս ընկերության ֆինանսական հաշվետվությունը չենք գտնում։

- Դա բնորոշ է Տիգրան Ավինյանի ոճով աշխատող մարդուն։ Հիշում եք, անցյալ տարի նա, լինելով պարետ, ասաց, որ 550 հազար դոլար տվել են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին՝ համավարակի հայկական թեստեր ստեղծելու համար։ Մենք հարց բարձրացրինք, թե ինչպես կարող են այդ հայկական թեստերն ավելի էժան լինել, քան չինականները, որոնք միլիարդներով են արտադրվում։ Լսե՞լ եք, որ հայկական թեստով մեկը թեստավորված լինի։

- Ամենասկզբում լսել ենք, բայց ասում էին, որ շատ անորակ են։

- Այդպիսի թեստեր հիմա չկան։ Ինչպես մենք 2020 թվականի հունիսին հայտարարեցինք, այդ փողերը պարզապես մսխվել են։ Այս կոռուպցիոն ֆոնի վրա՝ լինի ավիաընկերությունը, լինեն հայկական թեստերը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող գործարքներ կան, ու հաճախ դրանք կապվում են հենց Ավինյանի հետ։ Հայկական ավիափոխադրողի ստեղծումն առանց միջազգային մրցույթի համարում եմ ամբողջությամբ կոռուպցիոն գործարք, եւ նկատի ունենալով «Էյր Արաբիա» եւ այն հանգամանքը, որ արաբների հետ աշխատել սիրում է հանրապետության նախագահը, կարծում եմ, որ այդտեղ խնդիրներ կան։

- Երբեմն այսպիսի առարկություն ենք լսում, որ Հայաստանն ավիացիայի համար հետաքրքիր չէ, որ այն փոքր շուկա ունի, որ մեզ հետ չեն ուզում աշխատել, եւ եթե լիներ մրցույթ, ապա ոչ ոք էլ չէր գա։

-  Այդ դեպքում ինչո՞ւ են դատում Սերժին։ Դա պարզապես կոռուպցիան արդարացնելու ձեւ է։ Տենդերն արեք, թող ոչ ոք չմասնակցի, Air arabia-ն թող մենակ գա, մասնակցի։ Խախտված է ՀՀ Սահմանադրությունը։ Ընդհանրապես, առանց մրցույթի ձեռքբերումները ներկայում հասել են առաստաղին։ Նման մակարդակ չի եղել։ Գնումների 80 տոկոսն անում են առանց մրցույթի, եւ սա արվում է մի իշխանության օրոք, որը, իբր, կոռուպցիայի դեմ է պայքարում եւ նույնիսկ հակակոռուպցիոն հանձնաժողով է ստեղծում։