Գյումրին պատրաստվում է ընտրությունների․ ինչպիսին կարող է լինել ընտրական «ներկապնակը»

Գյումրին պատրաստվում է ընտրությունների․ ինչպիսին կարող է լինել ընտրական «ներկապնակը»

Օրեր առաջ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը որոշում ստորագրեց Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։ Սրանք արդեն Գյումրիում երկրորդ ՏԻՄ ընտրություններն են լինելու, որոնք անցկացվելու են նոր կամ համամասնական ընտրակարգով, այսինքն` առաջադրումները լինելու են ըստ կուսակցությունների կամ դաշինքների։ Սեպտեմբերի 2-ից մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 12-ը, իսկ ահա դրանից հետո մեկնարկելու է գրանցման գործընթացը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՏԻՄ ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ու չնայած առաջադրումներին դեռ վեց օր կա, սակայն որոշակի պասիվություն է նկատվում։ Ընդհանրապես, պետք է նկատել, որ այս ընտրություններն ունենալու են երկու հիմնական խնդիր՝ մասնակցությունը եւ առաջադրումները։ Նախ, ընտրական գործընթացների պրակտիկան ցույց է տվել, որ Գյումրիում ընտրություններին մասնակցությունը բավական ցածր է։

Ժամանակին, երբ ինչ-որ ընտրական «մութ երևույթներ» էին գործում, մասնակցության մի փոքր բարձր ցուցանիշ ապահովել հնարավոր էր, սակայն հիմա, երբ շարքային գյումրեցին գիտի, որ, մեծ հաշվով, «իր մատից փուշ հանող չկա» եւ ընտրական գործընթացներին մասնակցելու անմիջական շահագրգռություն չունի, նախընտրում է այդ օրը զբաղվել, ինչպես ասում են, «օրվա մի կտոր հացը» հայթայթելով, քան թե ընտրատեղամաս գնալով։ Մյուս խնդիրը առաջադրումներն են։ Բոլոր քաղաքական ուժերը, առանց բացառության, կանգնած են կադրային խնդիրների առաջ, և այս ընտրություններն էլ բացառություն չեն։ Ու քանի որ դեռ ընկեր Ստալինն էր ասել, որ «կադրերը որոշում են ամեն բան», ապա այս ընտրությունների արդյունքների վրա էլ կադրային հարցը, այսինքն՝ թե ովքեր են առաջադրվելու, գրանցվելու, առաջադրվածները որքանով են վայելում հեղինակություն, հարգանք եւ համակրանք գյումրեցիների շրջանում, որ քվե վստահեն եւ այլն, իր ազդեցությունն ունենալու է։ Եվ այսպես, նախօրեին «Հրապարակը» գրել էր, որ  Գյումրիում ձեւավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։ Գյումրու «Ազգային արժեք ակումբ»-ի եւ Երեւանում գործող «Հայք», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։

Ինչպես դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, մասնակցելու են հոկտեմբերին  կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին, եւ ցուցակը գլխավորելու է «Ազգային արժեք ակումբ»-ի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։ Այս դաշինքն ընդհանրապես բավական հետաքրքիր է ներհայաստանյան քաղաքականության մեջ` որպես ինքնին իրողություն։ Նախ, երիտասարդներով համալրված քաղաքական միավոր է, բացի այդ, հիմնականում ջատագովում է ազգային արժեքներ, ավանդական հայեցի մոտեցումներ, հանգամանք, որը կարեւոր է, եւ հետաքրքիր է, որ արձագանք գտնում է տեղի երիտասարդության շրջանում, հատկապես հիմա, երբ հետպատերազմական ընդհանուր բարդ իրավիճակ է, ու, ինչպես դասականն է ասում, «ինքնության ճգնաժամ»։

«Գյումրին կռնա»-ի հետաքրքիր դեմքերից է նաեւ ռադիոհաղորդավար, դասախոս Արմեն Ներսիսյանը, որի քաղաքական կամ քաղաքացիական գործունեության ակտիվացումը սկսվեց դեռ «Էլեկտրիկ Երեւանի» եւ «Էլեկտրիկ Գյումրիի» ժամանակներից։ Ի դեպ, վերջինս օրեր առաջ ենթարկվել էր հարձակման, եւ փորձել էին Արմեն Ներսիսյանին կացնահարել, ինչն ընդվզում առաջացրեց գյումրեցիների շրջանում, լայն արձագանք ստանալով Ֆեյսբուքում։ Այս ընտրությունների մասով առայժմ միայն հայտնի է, որ իշխանությունները որոշել են հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնը վստահել Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծես թե չի առաջադրվելու այլեւս։ Սակայն, ըստ եղած տեղեկությունների, Բալասանյան ընտանիքը կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր տրամադրության տակ գտնվող «Գյումրեցու ոգի» կուսակցությունով եւ կաջակցի գործող իշխանություններին։ Իշխանությունն էլ Սամվել Բալասանյանին ձեռնունայն չի թողնի, եւ, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո, երբ Հովհաննես Հարությունյանը դառնա քաղաքապետ, Սամվել Բալասանյանն էլ կդառնա Շիրակի մարզպետ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից այս պահին դեռ նորություններ չկան։

Այս կուսակցությունը, որն ավանդաբար Գյումրիում ուներ բարձր վարկանիշ, հաշվի առնելով, որ Գյումրին մարզամշակութային քաղաքի համարում ունի, եւ այդ առումով Գագիկ Ծառուկյանի դիրքերը բավական ամուր էին հենց  երկրորդ քաղաքում, արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձնապես լավ արդյունքներ չապահովեց։ Հայտնի է միայն, որ այս քաղաքական ուժից Վարդեւան Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել էր իր հարցազրույցներից մեկում, որ չի մասնակցելու եւ չի առաջադրվելու սպասվող ՏԻՄ ընտրություններին։ ԲՀԿ-ն թերեւս վերջում կներկայացնի իր առաջադրվողներին, սակայն այժմ կարծես թե քննարկումների մեջ են։

Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունեցած անհաջողությունը կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանն իր ավանդաբար ձայն բերող թիմակիցների փոխարեն տեղում նոր դեմքերի էր առաջ քաշել ու եթե հիմա էլ նույն սկզբունքով շարժվի, ապա կարող է նույն անհաջող պատկերը նաեւ ՏԻՄ-ում գրանցվել։ Իհարկե, հաշվի առնելով, որ արտահերթ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի գործերը լավ են, ու ներքաղաքական գլխացավանքից դուրս է գտնվում, չենք բացառում, որ հենց ուզածն էլ Ծառուկյանի դա էր` ազատ լինել նաեւ ՏԻՄ մակարդակում գլխացավանքից, իսկ ԲՀԿ-ն պահել նոմինալ կամ անվանական ակտիվության մակարդակի վրա։

 «Հայաստան» դաշինքից էլ դեռ նորություններ չկա, այս առումով։ Նկատենք, որ Գյումրին իր վերականգնման բուռն շրջանն ապրել է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում, սակայն «Հայաստան» դաշինքի շանսերը Գյումրիում մեծ չեն։ Թերեւս ճիշտ կլինի, որ այս ընտրություններում դաշինքից առաջադրվի գյումրեցի դաշնակցականներից որեւէ մեկը․ ՀՅԴ-ն Գյումրիում ունի կայացած կառույց, քիչ թե շատ կայուն էլեկտորատ, եւ այս ճանապարհով կարելի է ապահովել ներկայություն ավագանիում։ Նորություններ չկան նաեւ «ԳԱԼԱ» կուսակցությունից, որը համանուն խմբակցությամբ ներկայացված է գործող ավագանու կազմում, մասնակցելու՞ են այս ընտրություններին, թե՞ ոչ, եւ եթե այո, ինչ կազմով, կամ միայնա՞կ, թե՞ դաշինքով։

Կարծես թե լուռ է նաեւ Գյումրիում գործող «Գործարար» կուսակցությունը։ Հանրապետության քաղաքական դաշտի կայացած միավորներից առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ՀԱԿ կուսակցությունը, որն ավանդաբար իր ոչ մեծաթիվ, բայց հավատարիմ կողմնակիցներն ունի Գյումրիում, եթե մասնակցի եւ անցնի ավագանու կազմ, ապա հետաքրքիր կլինի հետեւել ավագանու կազմում ՀԱԿ-ի կողմից ժամանակին առաջադրված «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Եպրաքսյա Մեխակյանի գործունեությանը։ Վերջինս ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում, հաճախակի անդրադառնում է տեղի խնդիրներին։ Ավագանու կազմ կարող է անցնել նաեւ «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, սակայն չգիտենք, թե ունի՞ արդյոք նա քաղաքական հավակնություններ:

Կարեն Ենգիբարյան