Հապաղելն այլևս աններելի է…

Հապաղելն այլևս աններելի է…

Որպեսզի հրապարակմանս քաղաքական երանգ չտրվի, նշեմ, որ շարքային մտավորական եմ, անկախացման տարիներին որևէ  կուսակցության չեմ հարել (1984-1989թթ. ԽՄԿԿ անդամ), մշտապես զբաղվել եմ գիտակրթական գործունեությամբ, մեկուկես տասնամյակ աշխատել եմ պետական կառավարման համակարգում (Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ՝ բաժնի պետ, վարչության պետ, գլխավոր վարչության պետ, ՏՄՊՊՀ-ի անդամ), շուրջ հինգ տարի մասնավոր ձեռնարկություններ եմ ղեկավարել (անցած ուղիս նշելը միայն նպատակ է հետապնդում ցույց տալ, որ առաջարկություններս որոշակի կենսափորձի վրա են հենվում):

Երբևէ չեմ եղել իշխանամետ: Ուր էլ, որ աշխատել եմ, աշխատել եմ «բաց» ճակատով: Երբեք վերադասին հաճոյանալու կամ շահադիտական նպատակով խղճիս դեմ չեմ գնացել: Առհասարակ, իրեն հարգող մտավորականը պետք է լինի պետականամետ, բայց ոչ՝ իշխանամետ: 
 
Սույն գնահատականն ու առաջարկությունները պատրաստվում էի հանրությանը ներկայացնել դեռևս գարնանը, սակայն, սկզբում խանգարեց երկրում մոլեգնող համաճարակը, այնուհետև՝ «անսպասելի» պատերազմը: Ասելիքս վերաբերելու էր, երկրի տնտեսության, կրթության, գիտության ու սպորտի մարտահրավերներին, դրանց պետական կարգավորման ու կառավարման տեսամեթոդական ու կիրառական հարցերին:

Չնայած առանձին առկայծումներին, շուրջ 30 տարի իշխանություններն արմատական քայլեր չեն ձեռնարկել հզոր տնտեսություն և դրան նպաստող կրթական ու գիտական ներուժ ստեղծելու ու զարգացնելու առումով: Չունես հզոր տնտեսություն, ժամանակակից կրթություն և գերժամանակակից գիտություն, չես կարող ունենալ գերժամանակակից ու հզոր բանակ: Իսկ մենք, առնվազն հինգ տարի հետո նոր և ավելի լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնելու: Իշխանություններն անցողիկ են, իսկ մարտահրավերները՝ մնայուն: Դրանց պետք է ազգովին պատրաստ լինենք:

Անցած տարիների իշխանությունների հիմնական նպատակը՝ ունեցած իշխանությունը պահելն ու երկարաձգելն է եղել, որոնք ուղեկցվել են հասարակությունը երկփեղկելուն և պառակտելուն ուղղված քայլերով (մտածված, թե՛ չմտածված, բացահայտ, թե՛ քողարկված, կարևոր չէ): Ցավոք նման գործելակերպը բնորոշ է եղել բոլոր իշխանություններին: Սակայն այն առավել սրությամբ է դրսևորվել վերջին 2.5 տարվա ընթացքում:

Արդեն բավական է երկիրը բաժանել բոլշևիկների ու մենշևիկների, հների ու նորերի, սպիտակների ու սևերի: Բոլորն էլ մեր ժողովրդի զավակներն են: Այս ողբերգական իրավիճակում հարկավոր է միավորվել և, առաջին հերթին, թույլ չտալ երկրում քաղաքացիական պատերազմ: Սա ամեն ինչի վերջը չէ: Գործող իշխանությունը պարտավոր է հասարակության և տնտեսության բոլոր բնագավառներում արմատական քայլեր ձեռնարկել: Ներգրավել մասնագետներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից:

Իսկ այն, որ ներկայիս իշխանության կադրերի զգալի մասը ի վիճակի չէ ոչ միայն արմատական, այլև՝ իրավիճակային  խնդիրներ լուծել, համոզվել եմ  դեռևս 2019թ. հունվարին ու սեպտեմբերին, ՀՀ Վարչապետին ուղարկած՝ տնտեսության պետական կարգավորման բարելավման երկու առաջակություններիս, ինչպես նաև պետական մարմիններին (ԿԳՄՍ, ՏՄՊՊՀ, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին և ԿԲ նախագահին) հասցեագրված հարցադրումներիս վերաբերյալ ստացած պատասխանները ուսումնասիրելով:

Կներկայացնեմ ոլորտային առկա մի շարք խնդիրներ:Միաժամանակ, կառաջադրեմ դրանց լուծումները:  

Մաս 1 

ԿԳՄՍ նախարարին հասցեագրված հարցադրումների առթիվ. 

Կրթության նախարարին ուղարկել եմ հինգ հարց, յուրաքանչյուրում առնվազն 2- ից 3 ենթահարց: Նշեմ, որ դրանցից ոչ մեկին մասնագիտական սպառիչ պատասխան չեմ ստացել: Անդրադառնամ դրանցից մի քանիսին և ներկայացնեմ դրանցում առկա խնդիրների լուծումները:

Հարց 1. Բուհական համակարգում առկա խնդիրներին լուծում տալու և ապօրինությունները վերացնելու նպատակով պրոֆեսորադասախոսական անձնակազմի (ՊԴԱ) դիմումները հաճախ օբյեկտիվորեն մերժվում են՝ հղում անելով բուհերի կանոնադրությամբ նախատեսված կառավարման ինքնուրույնությունը: 
Իշխանափոխությունից հետո ավելի քան երկու տարի է անցել, բուհական համակարգին առնչվող  ի՞նչ մեխանիզմներ են մշակվել կոռուպցիոն դրսևորումները արմատախիլ անելու և ապօրինություններն ու անօրինականությունները վերացնելու առումով:

Ցավոք, պատասխանում նորից հղում է կատարվել բուհական համակարգի ինքնակառավարման  դրույթին: Լրացուցիչ պարզաբանման համար ուղարկել են հեռախոսահամարներ, որոնց միջոցով «մասնագետներից» պետք է սպառիչ պատասխան ստանայի: Պարզվեց, որ կոռուպցիան վերացնելու համար նախարարությունը Օրենքի փոփոխությամբ նախատեսել է էթիկայի կանոններ մշակել: Առավել քան զավեշտալի պատասխան:

Բուհական համակարգում կառավարման վճռորոշ դերը ռեկտորինն է: Նա միաժամանակ և՛ վարչական և՛, գիտակրթական գործունեության համակարգողն ու ղեկավարն է: Ռեկտորը բուհին առնչվող գրեթե բոլոր խնդիրների  լուծումները  գիտական խորհրդի որոշումներով է կայացնում: Հետևաբար, ապօրինություններ «թույլ չի տալիս»: Իսկ ովքե՞ր են գիտական խորհրդի անդամները: Բերենք մայր բուհի՝ ԵՊՀ-ի օրինակը: ԵՊՀ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ռեկտորի անմիջական ենթակաները (անկախ նրանից, թե գիտակրթական գործունեության հետ անմիջական ի՞նչ կապ ունեն), ընդգրկված են գիտ. խորհրդի կազմում: Գիտ խորհրդի անդամների առնվազն 50 %-ը ընտրովի անդամներ են՝ ՊԴ անձնակազմից և ուսանողներից (25%-ը): Որպես կանոն, ուսանողների և ՊԴԱ ընտրովի անդամների զգալի մասը ռեկտորի կողմից ուղղորդվող անձինք են: Այս կամ այն ձևով գիտ. խորհրդի անդամների ձայների գերակշռող մասը ռեկտորն է ուղղորդում:

Կոռուպցիան և ապօրինությունները արմատախիլ անելու համար հարկավոր է համակարգում կառավարման հակակշիռների միասնության մեխանիզմ ստեղծել: Դրան կարելի է հասնել բուհի (գիտական հաստատության) գիտական խորհրդի ձևավորման մեխանիզմը փոխելու միջոցով: Մասնավորապես, գիտական խորհրդի ի պաշտոնե անդամ պետք է լինեն միայն ռեկտորը (տնօրենը), գիտական գծով պրոռեկտորը (փոխտնօրենը) և արհմիութենական կազմակերպության նախագահը՝ առանց խորհրդի նախագահ լինելու իրավասության: Մնացած անդամները պետք է  ընտրովի լինեն: Ուսանողությունն էլ գիտական խորհրդի կազմում պետք է ներկայացված լինի սակմանափակ թվով (ոչ ավել քան 10 %-ը): Գիտական խորհրդի նախագահը պետք է ընտրվի այդ խորհրդի անդամներից (առաջատար գիտնականներից): Կառավարման նման մեխանիզմի դեպքում կբացառվեն կոռուպցիոն երևույթների դրսևորման պայմանների առաջացումը:

ԵՊՀ-ի հարցում, ի դեպ, նախարարությունը սահմանափակվեց միայն նախկին ռեկտոր Ա.Սիմոնյանին «ազատվելով»: Տպավորություն է ստեղծվում, ԵՊՀ-ում յուրացումների և կոռուպցիայի «հայրը» Սիմոնյանն էր: Հետաքրքիր է, ի՞նչ ընթացք ստացան 800 մլն դրամի յուրացումների «բացահայտումները»: Եթե Պետական վերահսկողական ծառայությունն իր գնահատականներում սխալվել է, ապա բարի լինի մարդուց հրապարակային ներողություն խնդրի: Իսկ այն, որ Սիմոնյանի կառավարման տարիներին առնվազն ապօրինություններ եղել են, ապա կարելի է մասնագիտական (ոչ սիրողական, ինչպես իրականացրել է ՊՎԾ-ն) ուսումնասիրություն կազմակերպել և գնահատել:

Այնուամենայնիվ, եթե Սիմոնյանի ռեկտորության տարիներին յուրացումներ ու ապօրինություններ եղել են, ապա դրանց մասնակցել կամ նպաստել է ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը, որը շատ կարճ ժամանակահատվածում աչքի է ընկել մի շարք ապօրինություններով (առնվազն այդ են վկայում ԵՊՀ-ի նկատմամբ դատական գործընթացները):

Հարց է առաջանում, ինչու՞ է մեկ տարով նշանակված պաշտոնակատարը ավելի քան մեկուկես տարի շարունակում է պաշտոնավարել: Ինչու՞ չեն անցկացվում ռեկտորի ընտրություններ և, ինչու՞ է արդեն մոտ 5 ամիս ձևավորված հոգեբարձուների խորհուրդը անգործության մատնված (ոչ միայն ԵՊՀ-ում, այլև այլ բուհերում էլ): Նախարարությունը պետք է պարզեր պատճառները: Գուցե նախարարության անգործունեությունն է հանգեցրել այդ իրավիճակին:

Ի դեպ, ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ մեր երկրում 99 %-ով վերացել է կոռուպցիան: Այլ ոլորտների համար չեմ կարող հաստատել կամ ժխտել, սակայն ԵՊՀ-ի մասով խիստ կասկածում եմ: Եթե տասնամյակներ շարունակ ստորաբաժանումները ղեկավարող պաշտոնատար անձինք նույն են մնացել, ապա կոռուպցիայի վերացման մասին խոսք չի կարող լինել: Ես այն կարծիքին չեմ, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք կոռուպցիայով են զբաղվում: Բայց դրանց հայտի, մականունավոր մասը արատավորում է ողջ համալսարանը:

Պատահական չէ, որ ս.թ. մայիսի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ «ԵՊՀ-ն և կոռուպցիան սիամական եղբայրներ են»: Հասկանալի է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չէր «նեղացնի» իր հովանավորյալ ֆակուլտետին: Բայց արդյոք այդ հայտարարությունը չանհանգստացրեց նախկին նախարարին: Էլ չեմ ասում իրավապահ մարմիններին:

Այս փաստերն էլ վկայում են նախարարության և, անձամբ  արդեն նախկին նախարարի անգործության  կամ ապօրինություններին անուղղակի մասնակցության մասին: Եթե ԿԳՄՍ նախարարը իրավիճակով մտահոգ լիներ, ապա պետք է դիմեր իրավապահ մարմիններին կամ հանձնաժողով կազմեր և գրառման փաստը հաստատվելուց հետո անմիջապես փոխեր ժամանակավոր պաշտոնակատարին: Ի՞նչ է, արժանի կադրեր չկա՞ն: Թող մինչև ռեկտորի ընտրություն անցկացնելը, ԵՊՀ ՊԴԱ-ի ռեկտորի թեկնածուներից որևէ մեկին նշանակեր ժամանակավոր պաշտոնակատար:

Իսկ իրավապահ մարմիններն էլ միշտ չէ, որ արձագանքում են կոռուպցիայի և այլ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումներին: Դրանում համոզվել եմ դեռևս նախորդ իշխանության օրոք՝ 2016թ. «Հետքում» վերլուծական նյութ հրապարակելիս, որում հիմնավորել եմ, որ ՏՄՊՊՀ-ի անբարեխիղճ մրցակցությանն առնչվող երկու տարվա մի շարք որոշումներում առկա են կոռուպցիոն դրսևորումներ (կամ մասնագիտական բացահայտ անգրագիտություն) պարունակող փաստեր: 

Հարց 2. Հանրապետությունում գիտության զարգացման ի՞նչ հայեցակարգ ունենք (նկատի չունեմ կառավարության ծրագրերում արտացոլված իրականության հետ կապ չունեցող ընդհանուր ձևակերպումները): Մասնավորապես, մենք հիմնարար, թե՞ կիրառական գիտությունն ենք զարգացնելու՝ հիմնավորումներով:

Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ զարգացած գիտություն (և՛ հիմնարար և՛, կիրառական): Նախորդ դարի 80-ական թվականներին յուրաքանչյուր տարի բյուջետային ծախսերի 24-ից 27 %-ն ուղղվել է կրթությանն ու գիտությանը: Այդ %-ների մեջ հաշվի չեն առնվել ճյուղային նախարարությունների և միութենական նշանակության գիտաարտադրական  միավորումների կիրառական գիտությանն ուղղված հատկացումները: Ներկայումս այդ ծախսերը բազմակի անգամ քիչ են, իսկ գիտությունը գոյատևում է չնչին աշխատավարձով աշխատող առանձին նվիրյալների շնորհիվ:

Պետության նման անտարբեր վերաբերմունքը շարունակվելու դեպքում մի քանի տարի հետո գիտության զարգացման մակարդակով կդասվենք աշխարհի ամենահետամնաց երկրների շարքին: 

Մեկ փաստի մասին էլ: Պետությունը, յուրաքանչյուր անհատի՝ ծննդից մինչև մասնագետ կադր դառնալը, տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսում: Սակայն այդ պատրաստի կադրերի գիտելիքներից օգտվում են այլ՝ առաջին հերթին, զարգացած երկրները: Մի առիթով /2018թ. մայիսին/, երբ զրուցում էի աշխարհահռչակ ֆիզիկոս, ակադեմիկոս, երջանկահիշատակ Դավիթ Սեդրակյանի հետ, նա ցավով նշում էր, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի վեց մագիստրոս-շրջանավարտներից հինգն արդեն արտասահմանում աշխատելու պայմանագիր ունի: Այդպես է եղել առնվազն վերջին տասը տարիներին: Դրա պատճառը՝ իր շրջանավարտների ճակատագրի վերաբերյալ պետական մարմինների անտարբերությունն է: Մինչդեռ մեր տնտեսության ու բանակի հզորացման գրավականը՝ զարգացած կրթություն ու գիտություն ունենալն է: 

ԿԳՄՍ նախարարության մասով կսահմանափակվեմ սրանով:

Եթե նախարարությանը և անձամբ նորանշանակ նախարարին առավել հանգամանալից կհետաքրքրեն գիտության, կրթության (ընդհանուր և ավագ դպրոցների) և սպորտի զարգացման խոչընդոտների և դրանց վերացման անհրաժեշտ քայլերի վերաբերյալ առաջարկությունները, ապա պատրաստ եմ դրանք տրամադրել: 
Շարունակելի…