Ադրբեջանցիներն ասում են, որ հայերը 3 միլիոն ղազախ են ոչնչացրել․ ինչո՞վ է զբաղված ՊՈԱԿ-ը 

Ադրբեջանցիներն ասում են, որ հայերը 3 միլիոն ղազախ են ոչնչացրել․ ինչո՞վ է զբաղված ՊՈԱԿ-ը 

Ադրբեջանը նաև տեղեկատվական պատերազմի մեջ է․ սուտ, կեղծ, անհեթեթ, անգամ՝ զավեշտալի, բայց մարդիկ իրենց գործը հետևողականորեն անում են։ Օրերս, օրինակ, մի ամբողջ հաղորդում են նկարահանել և «Բաքու հաբեր» կոչվող ալիքից դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում են այն մասին, որ հայերը, իբր, ոչնչացրել են 3 միլիոն ղազախ, 20-30-ականներին այդ երկրի 40 միլիոն անասունից ու ուղտերից թողել 5 միլիոն ու դրանով սովի մատնել «եղբայրական ղազախ ժողովրդին»։ Անգամ ինչ-որ «ականատես վկաներ են» պեղվել, որոնք այդ անհեթեթությունների տակ «հիշում ենք և պահանջում» ոճով գրառումներ են թողել։

Օրինակ․ «Գիտենք, հիշում ենք և չենք մոռանա։ Բոլոր թուրքերը պետք է միասին լինեն»։ Ինչպես հիշում ենք, կառավարությանն առընթեր տեղեկատվական ՊՈԱԿ-ը ժամանակին ստեղծվել էր հակառակորդի սանձազերծած քարոզչական պատերազմներին դիմակայելու համար և այդ տրամաբանությամբ գործում էր մինչև 2018 թվականը։ Բայց 2018-ից հետո 92 հաստիք (տնօրեն, տնօրենի առաջին տեղակալ ու տեղակալներ, ավագ  խորհրդական ու խորհրդական) ունեցող ՊՈԱԿ-ը հիմնականում ներքին օրակարգ է սպասարկում։ Այն է՝ սատկացնել-ոչնչացնել Նիկոլ Փաշինյանի ու թիմի քաղաքական ընդդիմախոսներին, իսկ լավագույն դեպքում՝ կորոնավիրուսի քարոզչություն, ինչ-որ անհասկանալի վեբինարներ արտաքին քաղաքական թեմաներով։ Նախագծի հարթակներից մեկն էլ տեղեկատվության ստուգման կենտրոնն է, որի հիմնական գործառույթն ընդդիմադիր մեդիային հերքելն է։ Կառույցի նախագծերից Օրբելի կենտրոնում էլ վերջին թարմացումներից էին կորոնավիրուսի դեմ պայքարի, Ադրբեջանում թալիշների, հայ-իրանական կապերի զարգացման ինչ-որ նյութեր ու վեբինարների հղումներ։ Գոռ Ծառուկյանն ասաց, թե Օրբելի կենտրոնն իրենց ողջ կառույցը չէ։ Ապա ասաց, որ եթե հետաքրքրված եմ, կարող են հրավիրել, իրենց փորձագետների հետ ծանոթացնել, կպատմեն։ Հրավերն ընդունեցինք այլ օրվա համար, իսկ մինչ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին հարցրինք, թե, առհասարակ, տեղյա՞կ է վերը հիշատակված նյութի մասին, և նաև, թե ինչ են արել իրենց 100 հոգանոց հաստիքակազմով` նման նյութերի դեմն առնելու համար։ Գոռ Ծառուկյանն ասաց․ «Իրականում կան մի քանի հարթակներ, որոնց միջոցով հակադարձում ենք, ուղղակի ավելի մանրամասն էսպես (հեռախոսով) չեմ կարող ներկայացնել։ Դա պիտի ներկայացնեն մասնագետները, ովքեր նաև զբաղվում են այդ աշխատանքով»։

Իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը մասնագետ չէ՞։ Մասնագետ է, բայց ոչ հակաադրբեջանական քարոզչության մասնագետ։ Տնօրենը, որքան էլ հորդորեցինք նշել, թե վերջին 2-3 ամսում ինչ են արել այդ ուղղությամբ, առաջարկեց այցելել War.karabakhrecords.info եռալեզու կայքը, «որն ամբողջությամբ ադրբեջանական հակաքարոզչության հիմնական նյութերի՝ պատերազմի, դրա հետևանքների, ադրբեջանական զորքերի թույլ տված խախտումների և այլնի մասին է»։

ՊՈԱԿ-ի տնօրենից ճշտեցինք՝ իսկ այդ կայքը կապ ունի՞ իրենց հետ, բառացի՝ իրենց կառուցվածքո՞ւմ է։ Ստացանք դրական պատասխան, որ «այո, սա մեր կայքն է»։

Բացում ենք կայքը և տեսնում, որ վերջին թարմացումները 100 հոգանոց ՊՈԱԿ-ի կայքում արվել են մոտ 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 10-ին և սեպտեմբերի 7-ին: Դրանցից մեկում պատմվում է հայ գերիների խոշտանգման և գլխատման դեպքերի մասին, իսկ մյուսում էլ` Մեծ Թաղերում հայկական մշակութային կոթողների հետևողական ոչնչացման մասին։

Օգոստոսին մի քիչ ավելի ակտիվ են եղել։ Գոնե մի քանի նյութ կա․ «Հայերին դեմոնիզացնող և դեհումանիզացնող կոչեր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում», «Ադրբեջանի հասարակական գործիչների կողմից հակահայկական ատելության խոսքի քարոզ», «Ադրբեջանի կողմից կռված վարձկանների կորուստներն Արցախում», «Ահաբեկչական խմբավորումները արցախա-ադրբեջանական պատերազմում. Միջազգային պաշտոնական աղբյուրներ»։