Արցախի գործող իշխանությունը պետք է ընդունի իր սխալները

Արցախի գործող իշխանությունը պետք է ընդունի իր սխալները

Հարցազրույց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

-Պարոն Գալստյան, Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ հայրենիքի համար այս ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսում քաղաքական- հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նա ցանկանում է ստեղծել ազգային համաձայնության իշխանություն՝ «հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության»: Որպես խորհրդարանի ընդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս կգնահատեք այս կոչը, պատրա՞ստ եք մաս կազմել այդ իշխանության։

-Մենք դեռ կարձագանքենք, ես նպատակահարմար չեմ գտնում միայն իմ կարծիքը հայտնելու, ճիշտ կլինի կոնսուլտացիաներից հետո խոսենք այս հարցադրումների մասին։

-Այդուհանդերձ, Դուք տեսնու՞մ եք համագործակցության, համաձայնության կառավարության ձեւավորման հնարավորություն՝ հաշվի առնելով ձեր նախկին քննադատությունները, որ բազմաթիվ բացեր ու անհասկանալի դրվագներ եք նկատել պատերազմում իշխանականների գործողություններում։

-Այո, մենք մեր ասածներից հետ չենք կանգնելու, բայց ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, որ համախմբման ձեռք է մեկնել, միեւնույն ժամանակ, դեռ չենք որոշել, թե ինչպես կարձագանքենք։ Ըստ իս, միայն այդ կոչը բավարար չէ համագործակցության համար, մենք ակնկալում էինք նաեւ կատարվածին գնահատական տալ, որն այդպես էլ չի հնչում։ Մենք այսօր ունենք գերագույն խնդիր՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելն է եւ սոցիալական խնդիրները հաղթահարելը, եւ այս ճանապարհին մենք մեզնից կախվածը անելու ենք, աշխատելու ենք միայն այդ ուղղությամբ՝ անկախ նրանից՝ կհամախմբվենք, թե ոչ։

-Հայտնի պայմանագրի ստորագրումից հետո ԱՀ խորհրդարանական 4 ուժ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանդես եկան, սակայն, պարզվում է՝ նա չի գնում եւ պահանջողներին առաջարկում է համատեղ աշխատել, ինչու՞։

-Պարտված թիմերի եւ իշխանությունների վերաբերյալ մենք պետք է նախ գնահատական տանք, գործող իշխանությունը պետք է ընդունի իր սխալները եւ եթե ի զորու չէ ընդունելու իր սխալները, ապա շատ դժվար է լինելու հետագա աշխատանքները։

-Եթե ընդունի սխալները, հրաժարականի պահանջը դո՞ւրս է գալու ձեր օրակարգից։

-Մենք մեր օրակարգից հետ չենք կանգնելու։

-Այսինքն,հրաժարականի պահանջը մնում է ձեր օրակարգում։

-Ես ասացի, որ մենք մեր օրակարգից չենք հրաժարվում։ Բայց էլի եմ ասում, մենք երբ հանդիպեցինք Արայիկ Հարությունյանին դեռ հայտնի հայտարարությունից մի քանի օր հետո, որոշեցինք, որ պետք է քաղաքական գնահատական տրվի ու ասեն՝ ինչու այսպես եղավ։ Մենք բազմիցս ենք խոսել բացթողումների, անհասկանալի իրողությունների մասին, ես անձամբ ասել եմ, որ Արցախի քարտեզին նայելով չենք կարող գտնել հարցի պատասխանը, թե ինչպես թշնամին հասավ Շուշի։

- Իսկ ձեզ այս մասով պարզաբանումներ չտվե՞ց Արայիկ Հարությունյանը։

-Ոչ,ասաց, որ դրա ժամանակը չէ։

- Իսկ ինչի ժամանակն է՝ չասա՞ց։

-Ավելի ճիշտ, երբ մենք ասացինք, որ կարծում ենք՝ դավադրություն է տեղի ունեցել, նույնիսկ ընտրություններից առաջ էինք բարձրաձայնում, որ կան որոշակի պայմանավորվածություններ եւ դա նկատելի է, որ բոլորիցս թաքուն, մեր թիկունքում ինչ-որ բանակցություններ են ընթանում, բայց մեզ տեղյակ չեն պահում, իսկ եթե գաղտնի է, ապա մենք  խորը կասկածներ ունենք։ Եւ այն, ինչ ասել ենք նախկինում, այսօր մարդիկ առնչվում են, տեսել են իրենց աչքով։ Մենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն էլ մեր հիմնավորումները, փաստարկները բերեցինք, ասելով, որ մարդկանց պետք է վստահություն ներշնչվի, իսկ գործող իշխանությունն ի վիճակի չէ դա անել։

-Ընդունե՞ց Արայիկ Հարությունյանը։

-Այո։

-Դրա համա՞ր է ուզում համաձայնության իշխանություն ձեւավորել։

- Պետք է հարցնեք իր խոսնակից, բայց մենք էլի պնդում ենք, որ ցանկացած հայտարարությունից առաջ պետք է տրվի գնահատական այսօրվա իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ Գովասանքներ շատ ենք լսել, բայց ոչ մեկը բացթողումների մասին չի խոսել Ու ակնկալում ենք ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ գնահատական։