Վանաձորում թեւածում էր կարոտը…

Վանաձորում թեւածում էր կարոտը…

Օրերս Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ  «Կարոտ» խորագիրը կրող համերգ, որը կազմակերպել էր արտերկրում բնակվող վանաձորցի հայտնի երաժիշտ Արթուր Քոչարյանը: Կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Համլետ Ղազարյանը, Էլմիրա Մարկոսյանը, երգահան Ջիվան Չիլինգարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք: Համերգը մի յուրօրինակ նոստալգիկ իրադարձություն էր. հնչում էին 70-ականների, 80-90-ականների կիրովականցի երաժիշտների, երգիչ- երգահանների երգերը: Այդ տարիների կիրովականցի սերունդը կարոտով հիշեց իր խենթ ու խելառ երիտասարդությունը, վերապրեց այդ տարիներին ունեցած զգացողությունները, հիշեց ջահել օրերը, անցած սերերը, կարոտները:  

Կատարումներով հանդես եկան նաեւ ժամանակակից երգիչներ, որոնք էլ այսօրվա սերնդին ուրախություն պատճառեցին:  Բեմահարթակին մեծ էկրանի վրա հիշատակվեցին վանաձորցի այն հայտնի երգիչների անունները, որոնք այսօր ողջ չեն, բայց իրենց երգերով մնացել են վանաձորցիների հիշողության մեջ: Իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող վանաձորցի այն երաժիշտները, որոնք չէին կարողացել իրենց ֆիզիկական ներկայությամբ հարստացնել համերգի երգացանկը, տեսաուղերձներով ողջունեցին իրենց համաքաղաքացի հանդիսատեսին: Հանդիսատեսն էլ ծափերով էր պատասխանում իր սիրելի երաժիշտներին: 

Պետք է նշել, որ համերգը բավականին լավ էր կազմակերպված,  մեծ ծավալի աշխատանք էր կատարվել: Արդյունքը նկատելի էր: Հրապարակն աստիճանաբար դարձավ մարդաշատ:

Այնուամենայնիվ, նկատելի էր, որ վանաձորցիները նախկինի նման ուրախանալու, «քեֆ անելու» սիրտ ու հավես չունեն: Նմանատիպ համերգների ժամանակ նրանք նախկինում ուրախ պարում էին, անզուսպ ուրախանում: Հիմա չկար այդ ուրախությունը: Թեեւ Ռոբերտ Ամիրխանյանի աչքերով իրականությունն այլ էր. նրա կարծիքով՝ վանաձորցիները երբեք այսքան համախմբված ու ուրախ չեն եղել: Հավանաբար, մաեստրոն Վանաձորում առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ համերգի… Գուցե վանաձորցիների տխրության պատճառն այն էր, որ սա 44-օրյա պատերազմից հետո առաջին ուրախ համաքաղաքային միջոցառումն էր: Կամ գուցե իրենց ընտրած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի բանտարկված կարգավիճա՞կն էր պատճառը։

Երգիչ Համլետ Ղազարյանն իր գրեթե բոլոր կատարումների սկզբում եւ վերջում փառաբանում էր համերգի կազմակերպմանն աջակցող, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին՝ Ակային: Բայց որքան էլ ուզում էր հանդիսատեսին «շախի գցել», որ ծափահարեն, ողջունեն համայնքապետի ԺՊ-ին, վանաձորցիները Փելեշյանի անունը լսելիս որեւէ կերպ չէին արձագանքում։