Տպավորություն է` ոչ թե ռեկտոր են ընտրում, այլ Եվրատեսիլում ելույթ ունեցող թեկնածուի

Տպավորություն է` ոչ թե ռեկտոր են ընտրում, այլ Եվրատեսիլում ելույթ ունեցող թեկնածուի

Օրերս, ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը հանդիպել է պետական եւ ոչ պետական բուհերի ռեկտորների հետ եւ ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագիծը: Հանդիպման ընթացքում նա նշել է, որ նախագծի նոր տարբերակում երկու սկզբունքային փոփոխություն է արվել. խմբագրվել են Սահմանադրական դատարանի կողմից 2021 թ. օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթները, որոնք վերաբերում էին բուհերի ռեկտորների ընտրությանը, ինչպես նաեւ փոխվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանն առնչվող դրույթները:

Նոր նախագծով՝ կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, որից  6-ը բուհի ներկայացուցիչներ են, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։ Ըստ խմբագրված օրինագծի` ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկությամբ։ Խորհրդի որոշմամբ՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած եւ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ ձայները ստացած մինչեւ երեք թեկնածություն: Լիազոր մարմնի ղեկավարը ներկայացված թեկնածուներից մեկին նշանակում է ռեկտոր` նրան ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով: Ի դեպ, խորհրդի անդամն իրավունք կունենա կողմ քվեարկելու ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուի օգտին: Ըստ նախարարի, այս լուծումն առաջարկվել է՝ բուհերում ռեկտորի ընտրությամբ պայմանավորված լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի կարծիքով, իրավական տեսանկյունից միանշանակ խնդրահարույց է այս իրավակարգավորումը, քանի որ ակնհայտ է, որ նպատակ է դրված ամեն կերպ միջամտել բուհի գործունեությանը եւ ազդել բուհի կառավարման մարմինների ձեւավորման վրա. «Իսկ ազդելու ամենալավ օրինակը հանդիսանում է հենց նախարարի կողմից իր հայեցողությամբ մրցութային կարգով անցած այդ մի քանի թեկնածուներից որեւէ մեկին նշանակելը: Իմ կարծիքով, այս իրավակարգավորումը սահմանադրական է այնքանով, որքանով չի կարողանում ապահովել բուհի լիարժեք ինքնակառավարումը, բուհը զրկված է սեփական մարմիններն ինքնուրույն ձեւավորելու հնարավորությունից: Հետո նշված չէ, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվելու նախարարը ռեկտորին նշանակելիս, այսինքն` ընտրված թեկնածուներից որեւէ մեկին նշանակելու է սեփական հայեցողությամբ, ինչն ապահովելու է կոնկրետ նախարարի կողմից բուհի գործունեությանը միջամտելը»:

Այս օրենքն ու բարեփոխումները Վ. Հովհաննիսյանը համարում է կեղծ օրակարգ.

«Ռեկտորի ընտրությունը անձի ընտրություն չէ, դա ծրագրի ընտրություն է, հոգաբարձուների խորհրդին ռեկտորի 3 թեկնածու ներկայացնում է համալսարանի 5-ամյա զարգացման 3 տարբեր ծրագիր, 3-ն էլ անհրաժեշտ ձայներ են ապահովում, նախարարն ընտրում է մի թեկնածուի, որը, ի տարբերություն մյուս երկուսի, ներկայացրել է տրամաբանորեն հակառակ մի ծրագիր: Հիմա հարց է առաջանում.  ի՞նչ սկզբունքով եւ ի՞նչ չափանիշով է առաջնորդվելու նախարարը: Եվ հենց այստեղ գալիս է իշխանության թաքնված ոչ լեգիտիմ նպատակը, այն է` օրենքը ոչ թե նախատեսում է ծրագրային ընտրություն, այլ անձի ընտրություն, որը ես ամբողջովին սխալ եմ համարում»: 
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարման խորհուրդը ռեկտորին ընտրելու է վարկանիշային քվեարկությամբ, Հովհաննիսյանը հեգնում է. «Այո, եվրատեսիլյան սկզբունքով... այնպիսի տպավորություն է, որ ոչ թե ռեկտոր են ընտրում, այլ Եվրատեսիլում ելույթ ունեցող թեկնածուի: Պատկերացրեք, վարկանիշային քվեարկության արդյունքում 3 թեկնածու է անցնում, 3-ն էլ` միմյանց տրամաբանորեն հակասող ծրագրերով, ի՞նչ են անելու, չի՞ ստացվում, որ որոշումը կայացնելու պատասխանատվությունն էլի նախարարի ձեռքերում է: Բայց եթե չափանիշ դրված լիներ, որ ընտրում է այն թեկնածուին, որը ներկայացրել է առավել լավ ծրագիր, կամ որի ծրագրի արդյունքում ապահովվելու են այս-այս վերջնարդյունքները, այսինքն ` մենք հստակ սահմանափակող նորմ դնեինք, թե որ ծրագրին եւ որ թեկնածուին պետք է նախապատվությունը տա, իսկ այս մարդիկ վերցրել ու շեշտը դրել են թեկնածուի վրա: Պարզ չէ՞, որ իրենց նպատակը իրենց հարմար անձին ընտրելն է, ի՞նչ համալսարանի զարգացում, ի՞նչ ռազմավարական ծրագիր»:       

«Բուհական ինքնավարությունն արդեն իսկ ոչնչացվել է ՀՀ-ում` բոլորիս հայտնի վերջին գործողությունների արդյունքում,-ասում է Վ. Հովհաննիսյանն ու ակնարկում ԵՊՀ-ի օրինակը,- լավ հասկացանք, որ ուզում են անպայման բուհը լինի իրենց վերահսկողության տակ, միջամտեն բուհի գործունեությանը, բայց գոնե միջամտելու արդյունքում զուգահեռ ինչ-որ դրական գործընթացներ ապահովելու հնարավորություն էլ նախատեսեն օրենքով»:

Նա նկատում է, որ թեպետ բոլորը կենտրոնանում են ռեկտորի ընտրության հարցի վրա, բայց այս օրենքում ավելի խնդրահարույց դրույթներ էլ կան: «Օրինակ, վերջին տարբերակում կոնկրետ ռոտացիայի վերաբերյալ հստակ որեւէ իրավակարգավորում չեմ տեսել, այսինքն` անվճար եւ վճարովի տեղերի ռոտացիայի սկզբունքը բավարար չափով իմպլեմենտացված չէ այս օրենքում, դա ինքնին ուսանողներին լրացուցիչ խրախուսելու գործիքակազմի զրկում է, նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որեւէ մեկն ընդունվել է անվճար եւ հետագայում, անկախ առաջադիմությունից, անվճար էլ սովորելու է, այսինքն` առաջադիմության շարունակականությունն ապահովող գործիքակազմ այս օրենքում մենք չենք նախատեսում»,-ասում է նա ու ընդգծում, որ բացի դրանից օրենքում գիտության շարունակականությունն ապահովող գործիքակազմ եւս չկա:

«Օրինակ, տարբեր երկրներում գիտության շարունակականության ապահովման տարբեր մեխանիզմներ կան, որոնցից ամենավառ օրինակը հանդիսանում է հաբիլիտացիան, որը գործում է մեկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգում, այսինքն` դոկտորականը պաշտպանում են եւ դրանից հետո դառնում են նաեւ հաբիլիտացված դոկտորներ, որը ենթադրում է դոկտորի կողմից որոշակի գիտական աշխատանքի կատարում, միայն այդ միջոցով դու կարող ես հաբիլիտացվել, նույն մոդելը նախկինում գործում էր նաեւ մեզ մոտ, ինչը, որպես մեխանիզմ, ապահովում էր գիտության շարունակականությունը: Օրենքը, ինտեգրելով գիտությունն ու կրթությունը, ինտեգրման որեւէ կոնկրետ կառուցակարգ, վերջնարդյունք, գիտության շարունակականությունն ապահովող գործիքակազմ չի նախատեսում»,-ընդգծում է Վ. Հովհաննիսյանը: