Դատավորնե՞ր են բռնել․ Դատավորներից մեկը Հ1-ի նախկին հաղորդավարի ամուսինն է

Դատավորնե՞ր են բռնել․ Դատավորներից մեկը Հ1-ի նախկին հաղորդավարի ամուսինն է

Սնանկության դատարանում այսօր Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություն է իրականացրել՝ խուզարկություններ են կատարվել երկու դատավորների աշխատասենյակներում։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հաստատեց այս տեղեկությունը։ Սակայն հերքեց այն, որ դատավորներ են ձերբակալվել։ Ասաց՝ մենք նման տեղեկություն չունենք։ Մենք կապվեցինք նաեւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, նա մի քիչ կասկածանքով ասաց՝ չեմ կարծում, որ ձերբակալված լինեն, դրա համար անհրաժեշտ է ԲԴԽ համաձայնությունը, իսկ այդ դատավորները քրեական հետապնդման ներքո չեն գտնվում։
Սակայն դատավորներին հանցանքի պահին ձերբակալելու համար չկա ԲԴԽ-ի թույլտվությունը ստանալու կարիքը։ ԱԱԾ-ն նման գործողություններ շատ է իրականացրել՝ օպերատիվ աշխատանքի արդյունքում, ասենք, փողը ստանալու պահին ձերբակալում են, ապա դիմում համապատասխան կառույցին եւ դատարան՝ կալանքի սանկցիա ստանալու համար։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ երկու դատավորը, որոնք հնարավոր է արդեն ձերբակալված են, սնանկության գործերով դատարանի կազմից են, որտեղ 11 դատավոր է աշխատում։ Մեզ ասացին, որ մեկը Գեւորգ Նարինյանն է։ Առայժմ ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել։

ՀԳ Գեւորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, եւ վաղուց էր իշխանությունների նշանակետում։  Մեզ ասացին, որ ինչ որ բնակարանային ձեռքբերման պատմություն է ընկած այս մեղադրանքի հիմքում, որի տերը օրերս ինքնահրկիզման փորձ է կատարել։ Առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն տեղեկանալ այս դեպքի հետ կապված։