Նման սարսափելի գնաճի պայմաններում ինչպես է գոյատեւում հայ ժողովուրդը

Թե այսօր ինչ վիճակում է Հայաստան պետության անվտանգության համակարգը, կարծում եմ՝ շատերին է հայտնի: Իսկ թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ, ոչ բոլորին է հայտնի: Մենք այսբերգի, այսպես ասած, վերեւի հատվածն ենք տեսնում: Օրինակ՝ գիտենք, որ մեր պետության ներքին ու արտաքին պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի, որի միայն տոկոսներն ամեն տարի հսկայական բեռ են մեր բյուջեի վրա, բայց իշխանությունը շարունակում է մսխել պետական միջոցները, չհիմնավորված ծախսեր կատարել եւ նոր պարտքեր վերցնել: Փորձ էլ չեն անում՝ արտադրություններ հիմնել ու զարգացնել, աշխատատեղեր ավելացնել, տնտեսությանն ուղղված դրական քայլեր կատարել:
Մի խոսքով, տնտեսության քայքայումը շարունակվում է, եւ, դրան զուգահեռ, անկառավարելիորեն, թռիչքաձեւ աճում են ապրանքների, հատկապես՝ սննդի եւ ծառայությունների գները: Սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ուղղակի ժամառժամ են աճում, եւ զարմանալի է, թե ինչ հնարքով է գոյատեւում հայ ժողովուրդը: Մարդկանց աշխատավարձերն ու այլ եկամուտները մնում են նույնը, ոմանց դեպքում անգամ նվազում են, իսկ գները բարձրանում են արագընթաց տեմպերով: Քիչ է մնում մտածենք, որ հայ ժողովուրդը ֆոկուսնիկ է, որովհետեւ այս իրավիճակում միայն ֆոկուսներով կարելի է գոյատեւել: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Կենտրոնական բանկը վերջերս բարձրաձայնում է, որ Հայաստան մտնող տրանսֆերտները նվազում են, ավելի անբացատրելի է դառնում այս հարցի պատասխանը:
Իսկ հարցը, ըստ իս, ունի մի պատասխան` ժողովուրդը սկսել է օգտագործել վերջին խնայողությունները եւ դեռ կարողանում է մի կերպ գոյատեւել, բայց դրա վերջն էլ է մոտ: Այս մասին իշխանությունները չեն մտածում, չեն անհանգստանում: Չունեւոր մարդկանց մի հատված, որը դեռեւս վճարունակ է եւ բանկերի սեւ ցուցակներում չէ, փորձում է նոր վարկեր վերցնել, հին վարկերը վերաձեւակերպել ու մի կերպ գոյատեւել: Մյուս հատվածը կիսասոված կյանքով է ապրում, որի հետեւանքները կլինեն անդառնալի, եթե պետությունը քայլեր չձեռնարկի: Այնպես որ, առանց այն էլ ողբերգական իրավիճակում հայտնված Հայաստանին ոչ միայն արտաքին վտանգներն են նեղում, այլեւ՝ տնտեսական կոլապսը, հասարակության աղքատացումը եւ սոցիալական ծանր վիճակը:
Կշեռքի մի նժարին դրված է մեզ ոչ մի լավ բան չխոստացող «խաղաղության համաձայնագիրը», որը Հայաստան պետության ուղիղ կործանման ճանապարհն է, մյուս նժարին՝ տնտեսական անկումը: Փաստորեն, որ կողմից մոտենում ենք, փրկության ռեալ շանսեր չեն երեւում` երկիրն ուղիղ գծով ու մեծ արագությամբ գնում է կործանման: Ստացվում է, որ երկրում չկա ոչ մի ուժ, որը կկարողանա փրկել մեզ այս ճգնաժամից, կանգնեցնել այս գահավիժումը: Ժողովուրդն էլ այնքան է զբաղված օրվա հոգսով, որ ոչ մի քայլ չի անում՝ այս վիճակից դուրս գալու համար: Այս սարսափելի գնաճն ուղղակի հյուծում է մարդկանց, վհատեցնում, թուլացնում ժողովրդի դիմակայությունը, չի թողնում, որ նա սթափվի, լուրջ քայլեր ձեռնարկի։
Հայաստանի ժողովրդի հոգեբանական ծանր վիճակին ավելացել է նաեւ նրա անօգնականությունը, որն արագացնում է մեր հայրենիքի կործանումը: Ոմանք Արցախին ու արցախցիներին մեղադրում են, որ լավ չկռվեցին, չմնացին` չպայքարեցին, սակայն Արցախը, մոտ 10 ամիս շրջափակման մեջ, սովի մատնված՝ հերոսաբար պայքարեց ու դիմացավ, իսկ ինչքա՞ն կդիմանա Հայաստանի ժողովուրդը սովին, հոգեբանական տեռորին, քաոսին, անելանելիությանը, որն այժմ տիրում է: Հայրենիքի նկատմամբ սերը եւ պատասխանատվությունը կօգնե՞ն, որ ժողովուրդը դիմանա` չարտագաղթի, վտանգի ու պատերազմի սպառնալիքի դեպքում չփախչի երկրից, այլ կռվի ու պաշտպանի իր երկիրը` ոչինչ չխնայելով հայրենիքի փրկության համար, անգամ ամենաթանկը՝ կյանքը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ