Մեսրոպ Մանուկյանին գաղտագողի հեռացրե՞լ են «1000 դրամների» հիմնադրամից

Մեսրոպ Մանուկյանին գաղտագողի հեռացրե՞լ են «1000 դրամների» հիմնադրամից

Անցյալ շաբաթ մամուլում գրվեց, որ «զինծառայողների ապահովության հիմնադրամի», այսպես ասած՝ «1000 դրամների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի կազմից ծածուկ որոշմամբ հեռացրել են Մեսրոպ Մանուկյանին։ Մանուկյանը, հիեցնենք, ամենաակտիվն էր բարձրաձայնում հիմնադրամից գումարների անհետացման կամ թվերի անհամապատասխանության մասին։ Հիմա, թերևս, որոշել են դրանով լռեցնել նրան կամ մեկուսացնել հիմնադրամից, որ այլևս տեղեկացված չլինի՝ ինչ է կատարվում ներսում։

Մեսրոպ Մանուկյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է մամուլից լսել իր հեռացման մասին, բայց պաշտոնապես որևէ ծանուցում չի ստացել։

«Ես դիմել եմ պաշտպանության նախարարին՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ տա պարզաբանում և իրավական հիմքերը։ Քանի որ ես 5 տարի ժամկետով ընտրված եմ, և մեր կանոնադրությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի փոփոխություն չի ենթադրում, եթե հոգաբարձուների խորհրդի անդամը հրաժարականի դիմում չի գրում»,-ասաց Մանուկյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ ճշտել նախարարից և ասել՝ կա նման բան, թե ոչ, թեև հիմնադրամի հարցերով իրենք չեն զբաղվում, դա Կենտրոնական բանկի կառավարման տիրույթում է։ ԿԲ-ից ևս խոստացան ճշտել, ասել։