Գինու փառատոնից մինչեւ «Քաղպայմանագրի» գովազդ

Գինու փառատոնից մինչեւ «Քաղպայմանագրի» գովազդ

Երկու թեմայի մասին եմ ուզում խոսել։ Հստակ գիտակցում եմ, որ երկուսն էլ ծանր ու միանշանակ չընկալվող թեմաներ են, եւ հնարավոր է, որ այս հրապարակումից հետո հարձակումներ սկսվեն իմ դեմ, բայց մենք դրան սովոր ենք, եւ այս մասին բարձրաձայնելն էլ, կարծում եմ, անհրաժեշտ է։
Մեր հասարակության մի հատվածը՝ ազնիվ հատվածը, շատ ծանր տարավ գինու փառատոնը եւ Սարյան փողոցում կատարված երկօրյա խրախճանքը։ Գիտակցելով պատերազմի ողջ աղետալի բնույթը, մեր զոհերի համար իրենց հարազատներից ոչ պակաս ողբալով ու սգալով հանդերձ, չեմ կարծում, թե կյանքը պետք է կանգ առնի, մարդիկ չպետք է ծնունդ-կնունք նշելու, ուրախանալու, հանգստանալու ու լիցքաթափվելու հնարավորությունից զրկված լինեն։ Անգամ զոհերի հարազատներն իրավունք ունեն ապրելու, քանի որ կյանքը շարունակվում է, եւ մեր զոհերի հիշատակի հանդեպ նվիրվածությունն ամենեւին չապրելը չէ։ 

Միանգամայն հասկանում եմ զոհ ունեցող ընտանիքների ցավն ու ըմբռնումով եմ մոտենում նրանց պահանջներին՝ քաղաքում բարձր երաժշտություն չպետք է հնչի, չպետք է մոռանանք մեր ցավի մասին, բայց այդ նույն ընտանիքներում էլ կան երեխաներ, տարեցներ, որոնք չեն կարող հավերժ ապրել սթրեսի պայմաններում։ Հիմա գանք գինու օրերին․ 2 օր շարունակ Թումանյան-Սարյան-Մոսկովյան փողոցների հատվածում վրաններ էին տեղադրվել, գինի եւ ուտեստներ էին վաճառում, ինչը խիստ զայրացրել էր ոմանց։ Փորձեք այս ամենին նայել գինեգործների, ռեստորատորների, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների աչքերով։ Նրանք 2 տարի շարունակ վնասով են աշխատում, շատերը փակել են բիզնեսը, մյուսները հույս են փայփայում, որ կյանքը կկարգավորվի՝ կսկսեն փող աշխատել, հարկեր վճարել, բիզնեսը կրկին ոտքի կանգնեցնել։ Նրանց բիզնես շահերն ու ձեր վիշտը միմյանց հետ չառնչվող իրողություններ են։ Դուք պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ մարդիկ սնվում են, կինո, թատրոն ու համերգ են գնում, երեխա են ունենում, ծնունդ եւ հարսանիք են անում, չնայած ձեր հոգում միայն ցավ է, ողբ ու վիշտ։ Աշխարհի կարգն է այդպես՝ մի տեղ մահ է, մյուս տեղում՝ նոր ծնունդ։ Առհասարակ՝ մեծ վիշտը մեծ զոհողություններ չի պահանջում, այն նաեւ մեծահոգի է լինում շրջապատի հանդեպ։

Իսկ գինու փառատոնին առաջարկում եմ այլ հայացքով էլ նայել՝ դրան մասնակցող տուրիստների քանակը, աշխույժ առեւտուրը, երիտասարդության ուրախությունը շատ թանկ իրողություններ են, կնշանակի՝ մեր ազգը դատապարտված չէ վերանալու, նա իր մեջ վերականգնվելու, ապրելու ուժ ու ռեսուրս ունի, եւ երկիրն էլ, ըստ այդմ, կապրի ու կհարատեւի։

Երկրորդ թեման, որն ուզում եմ բարձրացնել, գուցե ոչ բոլորին հասկանալի լինի՝ ավելի նեղ մասնագիտական է։ Ընտրությունների շեմին, երբ սկսվել է պաշտոնական քարոզարշավը, աջ ու ձախից լրագրողներին ու լրատվամիջոցներին ուղղված կոչեր են հնչում։ Մի կողմից կոչ են անում պարտված իշխանությունների քարոզարշավը չլուսաբանել, գովազդային նյութերը չտեղադրել, մյուս կողմից՝ դատապարտում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քարոզարշավը լուսաբանելու, նրանց փիառն անելու համար։ Երկու կողմն էլ մեզ ստիպում է լինել ոչ թե լրատվամիջոց, կատարել ոչ թե լրագրողի պարտականությունները, այլ դառնալ քարոզչամեքենա, որն իր նախասիրություններին է ծառայեցնում իր գործունեությունը։ Առանց այն էլ քանդվող ու պատերազմում պարտված երկրում լրագրողները կորցրել են իրենց անաչառությունը, քանզի դժվար է երկիրը կործանման տանող իշխանությունների հանդեպ չեզոքություն պահպանել, եւ մենք, կամա թե ակամա, դարձել ենք հակընդդեմ՝ քննադատող կողմ, բայց մեզնից հիմա ավելին են պահանջում։ Հակաիշխանական ուժերը պահանջում են, որ «Քաղպայմանագրի» «բաները» մեր կայքում չտեղադրենք։ Իշխանականները՝ նախկինների գովազդը չանենք։ 

Հարգելիներս, մենք բացի այն, որ երկրի մասին ենք անհանգստանում, քաղաքացիներ ենք եւ ունենք քաղաքացիական կեցվածք բոլոր հարցերում, նաեւ լրագրողներ ենք եւ պարտավոր ենք հնարավորինս օբյեկտիվ լինել ու հավասար պայմաններ ապահովել գոնե նախընտրական փուլում՝ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար։ Ինքը՝ իշխանությունը, ողջ երկիրը սեւ-սպիտակի է բաժանել, այդ թվում՝ լրատվամիջոցներին, բայց մենք այդ առճակատումից, թշնամանքից ազատվելու լուրջ խնդիր ունենք։ Ենթադրվում էր, որ գոնե ընդդիմությունը գիտակցում է այս պառակտման աղետալի լինելը երկրի համար եւ փորձելու է հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտը վերականգնել երկրում։

«Քաղպայմանագրի» բանները մեր կայքում տեղադրելով, մենք պահպանում ենք օբյեկտիվության այն նվազագույն սահմանը, որը խախտելն անընդունելի է։ Պատրաստ ենք մեր թերթում եւ TV-ում հյուրընկալել նաեւ այդ կուսակցության ներկայացուցիչներին եւ համակիրներին։ Ավելին ասեմ՝ մեր թերթում եւ կայքում հրապարակվում են շատ նյութեր, որոնց հետ ինքս՝ անձամբ համաձայն չեմ, սակայն բազմակարծությունը դեմոկրատիայի ամենակարեւոր ատրիբուտներից է, եւ աշխատում ենք այն պահպանել՝ որքան էլ դա այսօր դժվար է։