Մարդիկ թաքուն մոտենում են մեզ ու ասում են՝ ձեզ հետ ենք

Մարդիկ թաքուն մոտենում են մեզ ու ասում են՝ ձեզ հետ ենք

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված են նաեւ արվեստի, մշակույթի գործիչներ: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ համարի ներքո ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանն է, ով շարժման համահիմնադիրներից է եւ խորհրդի անդամներից։

«Որոշում կայացվեց, որ խորհրդի բոլոր անդամներն առաջադրվեն։ Անձամբ ես առաջադրվեցի այն մտայնությամբ, որ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն է պետք ունենալ, որպեսզի հնարավոր լինի համակարգային փոփոխություններ կատարել, որովհետեւ գտնվում ենք ծանր, ճգնաժամային իրավիճակում, այդ թվում՝ կառավարման առումով․ չունենք ԱԳՆ ղեկավար կազմ, շփման գիծն անտերության է մատնված, բանակում ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է, եւ այդպես շարունակ»,- ասում է Սողոմոնյանն ու հավելում, որ անկախ արդյունքներից, կուսակցությունը՝ շարժման ֆորմատով, շարունակելու է գոյություն ունենալ, քանի որ նպատակ ունեն ազգային համախմբում իրականացնել։

Թե ինչ են անելու խորհրդարանում, Մենուա Սողոմոնյանն ասում է․ «Խորհրդարան անցնելուց հետո նայած ինչ կարգավիճակում կլինենք։ Ամեն դեպքում, մեզ համար մի շարք գերակա ոլորտներ կան, որոնց ուղղությամբ մենք՝ որպես քաղաքական ուժ, խորհրդարանական կլինենք, թե արտախորհրդարանական՝ պետք է աշխատենք, ազդենք քաղաքական որոշումների վրա։ Հայաստանում շատ արագ տեմպերով պետք է ստեղծել ռազմարդյունաբերական համակարգ, պետությունը պետք է խնդիր դնի այդ ոլորտում եւ իրականացնի ճիշտ քաղաքականություն՝ պետական ձեռնարկություններ ստեղծի, մասնավոր ձեռնարկություններին խրախուսի, պետական պատվեր ֆինանսավորի՝ ռազմարդյունաբերությունը սպասարկող մասնագիտությունների ուղղությամբ։ Եթե ԱԺ-ում լինենք իշխանություն, բնականաբար, շատ ավելի պարզ, հասկանալի ու նպատակաուղղված կգործենք, իսկ ընդդիմության կարգավիճակում՝ լոբբինգ անելով»։ 

Անդրադառնալով ընթացող նախընտրական քարոզչության որակին ու բառամթերքին՝ Մ․ Սողոմոնյանը նկատեց․ «Քաղաքական ուժերից շատերը, մասնավորապես գործող իշխանությունները, շատ վատ են պահում իրենց, անթույլատրելի բառամթերք է օգտագործվում, իսկ վարչապետի կողմից օգտագործվում են ցենզուրայից դուրս բառապաշար, վրեժի կոչեր, վենդետայի խոստումներ, որը հասարակության շրջանում ահաբեկման մթնոլորտ է ստեղծում հատկապես մարզերում պետական ոլորտի աշխատողների մոտ, մարդիկ հետո թաքուն ինչ-որ ձեւով մոտենում են մեզ ու ասում են՝ մենք ձեզ հետ ենք։ Այսինքն՝ վախի, ահաբեկման մթնոլորտն առկա է։

Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի քաղաքացին․ «Նա պետք է հասկանա, որ այս ընտրությունը կարող է ճակատագրական լինել, այս ընտրությունից կախված է պետության լինել-չլինելու հարցը, Հայաստանի՝ Թուրքիայի վիլայեթ դառնալ-չդառնալու հարցը։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ պետք է գնա եւ իր ձայնը տա «հանուն»-ի։ Այսօր Մարտունի քաղաքում շրջում էինք, եւ շատ մարդիկ ասում էին՝ ընտրելու ենք Նիկոլ Փաշինյանին, ասում էինք՝ ի՞նչ է արել Փաշինյանը, ասում էին՝ բան էլ չի արել, հակադարձում էինք՝ բա ինչի՞ եք ընտրելու, ասում էին, որ հները չգան․․․ հետո՝ որ իրեն չեն թողել ինչ-որ բան անի։ Ասում եմ՝ բա եթե ինքը նորից ընտրվի, իրեն էլի չեն թողնելու, որ ինչ-որ բան անի, ինչի՞ եք նորից ընտրում․․․ այս հարցի պատասխանը չկար։ Մարդիկ պետք է վերլուծելով մոտենան ընտրություն կատարելիս, եւ մեր հորդորն է մարդկանց՝ վերլուծել, տեսնել, թե ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ խնդիրների մասին է խոսում, ով ինչ ծրագրեր է ներկայացնում»։

Թե ինչպես է գնահատում իրենց կուսակցության շանսերն այս ընտրություններում, Մ․ Սողոմոնյանն ասաց․ «Մենք պայքարում ենք եւ մինչեւ քաղաքականություն մտնելն էլ հանրային մեծ պահանջի՝  հազարավոր դիմումների, նամակների հիման վրա ենք արել։ Հետո՝ մամուլի, սոցցանցերի արձագանքից ելնելով կարող ենք ասել, որ մենք ուշադրության կենտրոնում ենք եւ առնվազն մեզ տեսնում ենք որպես խորհրդարանական ուժ»։