«Թավշյա» թաղապետերը

«Թավշյա» թաղապետերը

Օրեր առաջ նշել էինք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում քրեածին իրավիճակը դարձել է բացառիկ տագնապահարույց, հատկապես աճել է հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվում է պետական պաշտոններում զբաղվածների ակտիվ մասնակցությամբ։ Ընդամենն օրեր առաջ էր հրազենի գործադրմամբ սպանության փորձը երեւանյան հայտնի «Թոխմախի գերեզմաններ» կոչված վայրում, որտեղ  գիշերային ուշ ժամին, իբր թե պատահաբար, հայտնվել, տուժածներին «մարդասիրական» օգնություն էին ցույց տվել Շենգավիթի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների ղեկավարները։ Թեպետ դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր գրանցվել այն մասին, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։ 

Այս երկու դեպքերի միջեւ եղած հնարավոր կապի առկայության վերհանումը թողնենք մեր իրավապահների պրոֆեսիոնալ որակներին՝ հիշատակելով «ռազբորկաների» մեկ այլ դեպք։ Արդեն կա պաշտոնական լրատվություն, որը հաստատում է մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի եւ թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի միջեւ ծեծկտուքի փաստը։ Ավելին՝ փոխթաղապետ Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է  բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով)։ Հարկ է նկատել, որ ըստ  տեղեկատվության, ծեծկռտուքը կրել է խմբակային բնույթ։

Ցավով արձանագրենք, որ «ռազբորկաների» եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթի ուժ է ձեռք բերում «թավշյա» Հայաստանում, մինչդեռ թվում էր, թե պիտի ականատես լինեինք հակառակին, մանավանդ եթե հիշենք, թե իմքայլական պատգամավորները խորհրդարանում ի՜նչ խանդավառությամբ ազդարարեցին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումը։

Դառնալով հեղափոխական ավանդույթի ուժով հաստատված քրեական մշակույթին՝ հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին նույն Կենտրոնի թաղապետարանում թաղապետ Ավետ Պողոսյանն իր մոտ էր կանչել բաժնի պետերից մի քանիսին ու դարձյալ ծեծկռտուքով ավարտված «ռազբորկա» սարքել իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրի արտահոսքը կազմակերպելու համար՝ դրանով իսկ փորձելով լռեցնել մարդկանց, պարտակել իրողությունը։ Տեղեկացնենք, որ Ավետ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել թաղապետարանում աշխատանքի ձեւակերպված, սակայն այդպես էլ աշխատանքի չներկայացած, բայց աշխատավարձ ու պարգեւավճար ստացած երկու անձի առնչությամբ։

Կենտրոնի թաղապետարանում արձանագրված վերոհիշյալ երկու դրվագներով միջադեպերը գալիս են հաստատելու Երեւանի քաղաքապետի անգործությունը, ինչպես նաեւ վկայելու, որ պետական պաշտոնները «թավշյա» երիտհեղափոխականների համար դարձել են կայուն եկամտի աղբյուր, ինչը պահանջում է, որ հիմնավորապես ուսումնասիրվեն թաղապետական ինստիտուտում գործերի դրվածքն ու բարքերը։  

Միաժամանակ նշենք, որ վերը հիշատակված դեպքերը  հասարակությանը հասանելի դարձած դեպքերն են ընդամենը, մինչդեռ որքա՜ն գործեր են լռության մատնվում, պարտակվում։ Մենք մեր պարտքն ենք համարում խոսել եւ հասարակությանը հասանելի դարձնել այս ամենը։

Հրանտ Գրիգորյան