«Հրապարակ». Սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք` 54-րդը համարեք գրպաններդ դրված

«Հրապարակ». Սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք` 54-րդը համարեք գրպաններդ դրված

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն այս օրերի գլխավոր մեդիահերոսն է։ Նա տասնյակ զանգեր է ստանում ԶԼՄ-ներից, եւ բոլորն ուզում են պարզել՝ միանալո՞ւ է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հնչեցրած իմպիչմենթի պահանջին, թե՞ ոչ: Ո՞ւմ է հաջողվելու` իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը՝ իր կողմը քաշել 2021 թվականին «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում  պատգամավոր դարձած, ապա խմբակցությունից հեռացած Զաքարյանին։ Զաքարյանը խուսափում է հարցերից, նրա դիրքորոշման մասին միակ տեղեկությունը տարածել է Բագրատ սրբազանը` մայիսի 12-ին հայտարարելով, որ հանդիպել է Զաքարյանի հետ, եւ նա չի մերժել գործընթացին միանալ։ 

Հիշեցնենք․ օրենքով իմպիչմենթ սկսելու համար պետք է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին, ունեն ընդամենը 35 ձայն, 36-րդը կարող է լինել «Պատիվ ունեմ»-ի նախկին պատգամավորը։ Այս քաղաքական աժիոտաժին զուգահեռ հայտնի դարձավ, որ 2021-ի դեկտեմբերի 10-ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած  պատգամավորը, ով ղեկավարում է Համահայկական խաղերի համաշխարհային  կոմիտեն, վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից «պլյուսներ» է դնում տարիներով չլուծվող հարցերի առաջ։ Կոմիտեն վերջապես ստացել է գրասենյակ` Երեւանի կենտրոնական շենքերից մեկում՝ Բայրոնի 5 հասցեում։ Համահայկական խաղերի կոմիտեի խոսնակն ասաց, որ տարածքը նոր է տրամադրվել, աշխատակազմ, որպես այդպիսին, չկա, բայց գրասենյակում արդեն անցկացվել է միջոցառում՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի առաջին նիստը։ 

Երկրորդ «պլյուսիկը», որ Զաքարյանը քաղաքական այս խառն օրերին դրել է, տարիներով չլուծվող մի հարց է` համահայկական վիլիջ՝ օլիմպիական գյուղ կառուցելու նախագիծը։ Մայիսի 31-ին նորաբաց գրասենյակում անցկացված գործկոմի նիստի ժամանակ, որին մասնակցել են կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀԽՀԿ փոխնախագահները` ԱՄՆ-ից, Լիբանանից, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, գործկոմի անդամներ՝ աշխարհի տարբեր երկրներից, խոսել են նաեւ Համահայկական խաղերի վիլիջի կառուցման մասին։ «Նիստի մասնակիցներին ներկայացվել է համահայկական խաղերի վիլիջի նախագծի նախնական տարբերակը: Նշվել է, որ վիլիջի նախագծման աշխատանքներն ընթացքում են, որի կառուցման նպատակով հաստատվելու է հեռուստամարաթոնների անցկացման ժամանակացույցը»,- այս տեղեկատվությունը Համահայկական խաղերի կոմիտեի պաշտոնական կայքից է։ Համահայկական խաղերի վիլիջը նաեւ բիզնես նշանակություն է ունենալու։ Այն հանգստավայր է լինելու` բոլոր պայմաններով ու ժամանակակից ենթակառուցվածքներով։ Կարծիք կա, որ սրանք բոնուսներ են, որոնք Զաքարյանը ստացել է իշխանության կողքին մնալու համար։ Իսկ եթե գումարենք նաեւ այն քրեական գործերը, որոնք 2018-ից հետո հարուցվել էին Զաքարյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ, պարզ կդառնա, որ Իշխան Զաքարյանի նկատմամբ իշխանությունը լուրջ լծակներ ուներ:
Մենք մի քանի հարց ուղղեցինք Իշխան Զաքարյանին։  

- Ե՞րբ է կոմիտեն ստացել գյուղ կառուցելու թույլտվությունը, ո՞վ է ֆինանսավորելու, որտե՞ղ է կառուցվելու այն։ 

- Ոչ մի հստակ բան չկա, դեռ ընդամենը խոսում են։ Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնելու են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի սփյուռքի հովանավորները, բայց այս պահին դեռ ոչ մի կոնկրետ բան։ Նույնիսկ տեղն էլ չգիտեմ, թե որտեղ է լինելու։  

- Կոմիտեի կայքում խոսվում է նախագծի, նախագծման աշխատանքների մասին։ Կառավարությունից թույլտվություն ունե՞ք՝ վիլիջը կառուցելու համար, եւ ե՞րբ է այն տրվել։ 

- Այո, կայքում ամեն ինչ ճիշտ է գրված, բայց դա չի նշանակում, որ ունենք շինթույլտվություն, ունենք հողահատկացում, որ ունենք ֆինանսներ։ Դեռ ոչինչ չկա։ Մենք այս ամենի մասին խոսում ենք մեկ տարի՝ ամառային խաղերից հետո։ Սա մեր սփյուռքահայերի ցանկությունն է, որ երեխեքի համար իրենք իրենց գումարներով կառուցեն վիլիջը, եւ նրանք իրենց գումարներով գան, այստեղ ապրեն, առանձին տեղերում չլինեն։ Սա  նաեւ հնարավորություն է տալու իրենց, որ միայն ինքնաթիռի փող ծախսեն եւ այստեղ ապրեն անվճար, եւ շատ ավելի մարդ կգա։ Բայց ես մեր կոմիտեի անդամներին ասել եմ, որ այս նախագիծը մեծ ծախսերի հետ է կապված, պատրա՞ստ եք դրան, ասել են՝ այո։ Դրանից հետո ես հրավիրել եմ մի քանի կազմակերպություն, տեխնիկական հարցեր եմ դրել, պարզել եմ` կկարողանա՞ն նման նախագծեր կազմել իքս տարածքում, կարեւոր չէ, թե որտեղ՝ Գյումրիում, Երեւանում, թե Արտաշատում։ Նրանք ինչ-որ նախագծեր են արել, իրենց ներկայացրել եմ, ասել եմ՝ սա է։ Իրենք շատ ոգեւորվել են։ Ներկայացրել եմ նաեւ, որ 29-30 սփյուռքի քաղաքներում պետք է հեռուստամարաթոններ կազմակերպեն, բայց թե երբ կլինի, երբ կհավաքվեն այդ գումարները՝ հայտնի չէ։ 

- Կոմիտեի նիստին Արայիկ Հարությունյանի մասնակցությունը խոսում է այն մասին, որ կառավարությունն ակտիվ մասնակցում է ամենին, որ առնվազն թույլտվություն տվել է։ 

- Արայիկ Հարությունյանը եկել է որպես կառավարության 2025 թ. փետրվարին նախատեսված ձմեռային խաղերի կազմկոմիտեի նախագահ, նույնն ամառային  խաղերի ժամանակ էր։ Մենք ձմեռային խաղերի հարցը քննարկել ենք, նա վեր է կացել, գնացել է։ Մենք օրակարգային բազմաթիվ հարցեր ենք ունեցել, որոնցից մեկը եղել է վիլիջի հարցը, որը ես իրենց ներկայացրել եմ։ Մինչեւ նոյեմբեր հեռուստամարաթոնների անցկացման հարցն է որոշվելու։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ 

- Կարծիք կա, որ գրասենյակը, վիլիջի կառուցմանը մասնակցությունը Ձեզ տրվել է շահագրգռելու համար, որ Դուք չմիանաք ընդդիմության իմպիչմենթին։ Ասում են՝ դրա համար է Իշխան Զաքարյանն անցել ՔՊ-ի կողմը։ 

- Իշխան Զաքարյանը երեխա չէ, մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ես գիտեմ, թե ովքեր են տարածում դա։ Ամոթ է նման ինտրիգներ փնտրելը։ 

- Այսօր գրվեց, որ 33 ստորագրություն կա՝ արտահերթ նիստ գումարելու համար, բայց Դուք չեք միացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

- 29 հոգով էլ կարող են օրակարգ մտցնել, ի՞նչ կապ ունի իմ  ստորագրությունը։ Հազար անգամ ասել եմ՝ 54 ձայն է ձեզ պետք՝ որոշում ընդունելու համար։ Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է։ Բարոյականություն  պետք է ունենան, գոնե ինձ զանգեն, հարցնեն։ Եթե պետք է լինում, գիշերը ժամը 12-ին էլ ինձ զանգում-գտնում են, քնից հանում։ Բայց ինձ որեւէ մեկը չի զանգել, չի ասել, ես  տեղյակ չեմ։ Ժողովի ժամանակ մի տղամարդ է զանգել, քարտուղարուհիս հարցրել է` ո՞վ է, ի՞նչ ասենք պարոն Զաքարյանին, պատասխանել է՝ խոսակցություն ունենք հետը, չենք կարող ասել: Ո՞վ է զանգել։ 

- Իսկ իմպիչմենթի հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք։ 

- Սա արդեն այլ խոսակցություն է, վիլիջի հետ կապ չունի։ Մի օր կխոսենք։