Երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղին սոցիալիստականացումն է

Երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղին սոցիալիստականացումն է

Այսօր աշխարհում կատարվողն այլ կերպ չես բնորոշի, քան նոր աշխարհակարգի ձեւավորում: Եվ, ինչպես միշտ, այս անգամ եւս այդ նոր աշխարհակարգը գալիս է պատերազմներով, հաստատվում է հաղթողների ավարով եւ պարտվողների կորստով: Այն, պատերազմի միջոցով մեծերի եւ հզորների միջեւ եղած ուժերի հավասարակշռությունն ու հարաբերակցությունը ճշտելուց բացի, նաեւ փոքրերի կենսունակությունն ու դիմադրողականությունն է ստուգում: Դա իրոք քննություն է, որը, ցավոք, 44-օրյա պատերազմի տեսքով, մենք ձախողեցինք: Եվ միայն այն պատճառով, որ մեր խոսքն այսօր ոչ թե «ինչ է եղել»-ի, այլ «ինչ պետք է անենք»-ի մասին պետք է լինի, մենք կբավարարվենք այսքանով եւ կկենտրոնանանք «ինչ պետք է անենք»-ի վրա:

Նախ պետք է արձանագրենք, որ վիճակը, որում հայտնվել է երկիրը, դեռեւս հնարավոր է շտկել: Հնարավոր է, որովհետեւ թեեւ մենք տապալել ենք քննությունը, բայց կարողացել ենք պահպանել պետությունը: Պետություն, որի գոյությունը երկրի արտադրաարդյունաբերական եւ գիտաարտադրական հզորությունները վերագործարկելու, երկրի տնտեսության կառուցվածքում ժամանակակից ոլորտներ եւ ճյուղեր հիմնադրելու հնարավորությամբ է օժտում: Եվ քանի դեռ մենք պահպանում են պետականությունը, ուրեմն շատ աշխատելու եւ ճիշտ աշխատելու դեպքում կունենանք նաեւ մեզ պարտադրվող իրականությունը փոխելու հնարավորություն:

Այս արձանագրումից հետո մենք՝ որպես ազգ եւ որպես պետություն, շատ արագ կհասկանանք, որ արցախյան հիմնահարցից մինչեւ Հայաստանի Հանրապետության սուվերենության մեծացմանը վերաբերող խնդիրներն ու հարցերը միայն ժողովրդավարությամբ եւ օրենսդրական սրբագրումներով, հայրենասիրական ճառերով եւ երգերով լուծվող հարցեր չեն: Դրանք տնտեսապես հզոր Հայաստանով, սոցիալապես պաշտպանված եւ բարեկեցիկ հայկական հասարակությամբ, մարտունակ բանակով եւ ճիշտ օրակարգերով կազմակերպված, սփյուռքով եւ սփյուռքի հետ լուծվող հարցեր եւ խնդիրներ են:

30 տարի շարունակ մենք փորձել ենք կառուցել եւ ունենալ այդ Հայաստանը: Փորձել ենք, բայց այդպես էլ չենք հաջողել: Չենք հաջողել, որովհետեւ այդ Հայաստանը մենք միայն գերազատականացված շուկայական տնտեսություն ունեցող Հայաստանով ենք պատկերացրել, որովհետեւ մեզ համար իրականում ամենակարեւորը ոչ թե այդ Հայաստանը, այլ շուկայական տնտեսակարգն է եղել: Մենք, չգիտես թե ինչու, չենք ընդունել, որ եթե այդ Հայաստանը սոցիալիստականացված Հայաստանը լինի, ապա դրանից նրա կարեւորությունը ոչ միայն չի փոքրանա, այլեւ կմեծանա: Ավելի կմեծանա, որովհետեւ դա է պարտադրում երկրի աշխարհագրական դիրքը, որովհետեւ դա են պահանջում աշխարհաքաղաքական իրողությունները: 
Այս առումով, առաջին բանը, որ պետք է արվի մեր երկրում, սոցիալիստականացումն է: Մենք պետք է, պարտավոր ենք սոցիալիստականացնել այս երկիրը եւ սոցիալիստականացնել այնպես եւ այնքան, որ պետությունը դառնա երկրի վերահսկիչ փաթեթը տնօրինողը, նրա ներդրումային քաղաքականությունն ուղղորդողը: Այս իմաստով, հայկական սոցիալիզմն առաջին հերթին պետությունը տնտեսություն բերելու մասին պետք է լինի: 
Սակայն Հայաստանի սոցիալիստականացումը չպետք է արվի նաեւ այս երկիրը համաշխարհային սոցիալիզմի առաջամարտիկը դարձնելու համար: Հայկական սոցիալիզմի նպատակը ոչ թե Հայաստանը համաշխարհային սոցիալիզմի «օազիս», այլ հզոր եւ բարեկեցիկ Հայաստան դարձնելը պետք է լինի: Այդ հանգամանքն արդեն իսկ վկայում է այն մասին, որ սեփականության վերաբաշխումների, աշխատող ձեռնարկությունների եւ արտադրական ոլորտի այլ տիպի հզորությունների չհիմնավորված ազգայնացումների քաղաքականություն երկրում չի կարող եւ չպետք է թույլատրված լինի:

Այս առումով, սոցիալիստականացված Հայաստանում պետությունը պետք է վերադառնա տնտեսություն` մասնավորին օգնելու, նրա կողմից չիրացված հնարավորություններն ու ռեսուրսներն իրացնելու համար: Այդ չիրացված հնարավորություններն ու ռեսուրսները պետք է իրացվեն օր առաջ, որովհետեւ Հայաստանը չի կարող ճեմել կամ երկար դոփել այն դռան առաջ, որով անգամ աշխարհի հզորներն են աճապարանքով եւ փութաջանությամբ անցնում: 
Մեր անցած պատմական ուղին այնպես է դասավորվել, որ մենք ինչպես երեկ, այնպես էլ այսօր ղեկավարվում ենք ժողովրդավարության մասին մեզանում արմատավորված տարօրինակ կարծրատիպերով: Չգիտես ինչու, հաճախ մենք սոցիալիզմը հակադրում ենք ժողովրդավարությանը, սոցիալիզմն ու ժողովրդավարությունն անհամատեղելի ենք համարում: Սոցիալիստականացված Հայաստանը պետք է հաղթահարի նաեւ պատմականորեն ձեւավորված այս բարդույթը: 

Հայկական սոցիալիզմը չի կարող ժողովրդավար չլինել: Ժողովրդավարությունը պետք է լինի, որ չլճանա այս երկրի պետական համակարգը, որ չհղփանա պետական պաշտոնյան, կառավարվեն պետական համակարգի ամբիցիաները, պետական համակարգը միշտ զգա իր ինստիտուցիոնալ պատասխանատվությունը:

Սակայն հայկական սոցիալիզմի համար ժողովրդավարությունը չի կարող ամենակարեւոր նպատակ հռչակվել: Հայկական սոցիալիզմի համար ամենակարեւոր նպատակը հզոր եւ բարեկեցիկ Հայաստանն է լինելու: Իսկ ժողովրդավարությունն այդ Հայաստանում ընդունված կենսակերպ եւ աշխարհին ներկայանալի լինելու կանոններից մեկը պետք է համարվի: Այդ Հայաստանի համար ընդունելի ժողովրդավարությունն աշխատող եւ արդյունավետ պետություն կառուցելու գործին նպաստող եւ նրա շրջանակներում տեղավորվող ժողովրդավարություն է լինելու:

Իսկ երբ կառուցենք նման արդյունավետ պետություն, ունենանք այդպես մտածող ու այդպես գործող հայկականություն եւ հայկական միջավայր, այն ժամանակ մեր մշակույթն ու մշակութային գործիչները իրոք ազգային կլինեն, մեր դպրոցն ու մեր ուսուցիչն իրոք ամենահայկականն ու ամենապատրաստվածը կլինեն, իսկ մեր քաղաքականությունն ու քաղաքական գործիչները` ամենապետականն ու ամենապետականամետները:

Գալուստ Սարգսյան