ԱԱՏՄ-ն իրեն պահում է 90-ականների «գաիշնիկի» նման . տնտեսվարող

ԱԱՏՄ-ն իրեն պահում է 90-ականների «գաիշնիկի» նման . տնտեսվարող

Լրագրող Արայիկ Թարփոշյանը  «Հրապարակին» տեղեկացրել էր Հայաստանի գյուղական շրջաններից մեկում  «Տիգրան Խաչատրյան» ԱՁ-ի նկատմամբ ԱԱՏՄ տեսուչի պահվածքի մասին՝ այն նմանեցնելով 90-ականների «գաիշնիկի» պահվածքին։ Ներկայացնում ենք Արայիկ Թարփոշյանի նամակը։

 «Եվ այսպես, բանից պարզվում է, որ «ով վճարի, նա էլ կպատվիրի» հայտնի ասույթը շատ ընդունված է այս մարմնում Հակոբ Ավագյանի գործի անցնելուց հետո։ Պատմեմ ընդամենը մեկ դեպք։ ՀՀ Մարտունի քաղաքում այս տարի հունիսին մի  «միամիտ»  որոշել է ներդրում անել և փոքրիկ թունաքիմիկատների վաճառքի խանութ է բացել, բայց դրա համար մոռացել է առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի «դաբրոն» ստանալ, ու այ այստեղից կինոն սկսվում է։

Գտնվում է մի «աբիժնիկ», որը գործ է «պաս տալիս» սրանց, իրենք էլ, չնայած, որ լիազորություն չունեն նման օբյեկտներում ստուգում իրականացնելու, (թունաքիմիկատների վաճառքով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն կարող էր իրականացնել ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային մարմինը, որը լուծարվել է, իսկ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը չի հանդիսանում նրա իրավահաջորդը) որոշում են գնալ ու պատժել։ Գործուղման է գնում տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը (պաշտոնական ծանուցում լինում է այցելությունից 8 օր հետո),ինչու՞, որովհետև նա Մարտունուց է և մեծ ներդրում ունի «աբիժնիկին» գտնելու գործում, բացի այդ  էլ՝ բարեկամ ունի, որը նույնպես թունաքիմիկատ է վաճառում ու սրանք նրա գործին խփում են։ Գալիս, տեսնում է, որ խանութը փակ է, զայրացած զանգում է «օրինախախտին»  և հրամայում է շտապ ներկայանալ, հետո սկսվում է. «Դու լիցենզիա չունես (գործունեությունը լիցքավորման ենթակա չի 2015թ-ից), դու պահեստ չունես, դու «ապտեչկա չունես» (հիշու՞մ եք 90-ականների գաիշնիկներին), դու ՀԴՄ  չունես (չգիտեմ, թե երբվանից է ԱԱՏՄ-ն ՀԴՄ ստուգում, բայց ՀԴՄ-ի համար ՊԵԿ-ում կա սահմանված կարգ, որը պահպանված է եղել, համապատասխան մուծումն էլ կատարված)»։

Մի խոսքով, խեղճ մարդուն այն վիճակի են հասցնում, որ, ինչպես ասում են, քիչ է մնում հավատա, որ Քենեդիի սպանողն էլ ինքն է։ Լսումների ժամանակ Ա/Ձ լիազորված անձը հստակ ներկայացնում է (գրավոր և բանավոր) փաստերը, որոնք ապացուցում էին, որ վերը նշված մարմինը գերազանցել է իր լիազորությունները և չի տիրապետում օրենքներին, բայց տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են օր ու արև չտալ Ա/Ձ-ին, գալիս են՝ երբ խելքները փչի, զանգում են, ահաբեկում ու վերջապես օրենքով սահմանված ժամկետից 5 օր ուշացումով ուղարկում են մի ինչ-որ անհեթեթ առաջարկություն, հետո 3 օր անց մի ուրիշ բան են մտածում և հրավիրում են Սևան քաղաք ինչ-որ արձանագրության կազմմանը մասնակցելու։ Հիմա էս խեղճ մարդը չգիտի, թե էս համաճարակի պայմաններում, երբ շատերը փակում են իրենց բիզնեսները, ինքը ինչու որոշեց խանութ բացի, որ հիմա էլ կրակի մեջ է ընկել, ու չգիտի որտեղից փող ճարի, որ քցի սրանց բերանը, բայց ամենավատն էն է, որ իր ունեցած-չունեցածը, մի բան էլ՝ պարտքերի տակ է մտել ու դրել է էս գործի մեջ, որը սկի չի էլ աշխատում, որովհետև 2 օր հետո սկսվեց խանութի դիմացի ճանապարհի կապիտալ վերանորոգումը, իսկ թունաքիմիկատների վաճառքի սեզոնն էլ վերջացավ։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, որի ղեկավարն է ֆինանսիստ (2005-2012թթ Երևանի  «Գլաձոր» համալսարանի, «Ֆինանսներ և վարկ») Հակոբ Ավագյանը, և որը մինչև այս պաշտոնը զբաղեցնելը կիլոմետրերով հեռու է եղել առողջապահության ոլորտից, երևի կարծում է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած կառույցի աշխատողները կարող են ոչ կոմպետենտ լինել և անել այն, ինչ սրտները կուզի, միայն թե մեջը «բան» լինի»։

«Հրապարակը» կապ հաստատեց ԱԱՏՄ մամուլի քարտուղարի հետ, ներկայացրեց տնտեսվարողի 3 մեղադրանքներն էլ, սակայն խոսնակն առաջարկեց գրավոր հարցեր ուղղել՝ պատճառաբանելով, որ հասկանան, թե խոսքն ինչ վարույթի մասին է։

«Հրապարակն» ի պատասխան առաջարկեց ծանոթանալ քաղաքացու նամակին այն հրապարակելուց հետո, իսկ ծանոթացնելուց հետո առանձին նյութով ներկայացնել ԱԱՏՄ տեսակետը։