Կապ չե՞ք տեսնում այդ սարսափելի ծրագրի հետ

Կապ չե՞ք տեսնում այդ սարսափելի ծրագրի հետ

 

Ծրագիրը մինչև կորոնավիրուսն է եղել․

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի մասին նախագիծը:

Ըստ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության ծրագրի՝ Կառավարությունը հաշվարկել և արձանագրել է, որ ներկայումս օրական 3700 ՀՀ դրամ են ծախսում ծերերի խնամքի համար, իսկ եթե փակեն ծերանոցները և փոքր խնամքի տներ ստեղծեն կամ ծերերին ընտանիքում պահելու համար գումար տրամադրեն, ապա օրական 390 ՀՀ դրամ կծախսեն։

«Անկախ այն հանգամանքից, որ ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ, ընդունվել՝  իրավական ակտեր, դեռևս առկա են  բազմաթիվ չլուծված խնդիրներ և նոր մարտահրավերներ»,- նշված է նախագծում:

Հարկ է նշել, որ ըստ այդ ռազմավարության՝ 2020-2024 թթ. ընկած հատվածում նախատեսվում է փակել ՀՀ-ում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ հիմա խնամում են 1200 ծերերի:

«Նախագծի ընդունման արդյունքում ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կպակասի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60 %-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին,  տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն»,- նշված է նախագծում:

Հիշում եք, թե ինչ աղմուկ բարձրացավ ինտերնատները փակելու կապակցությամբ։  Կորոնավիրուսի շրջանում, արտակարգ դրության պայմաններում անձայն կլուծվեն նաև այս հարցերը։ Կապ չե՞ք տեսնում այդ սարսափելի ծրագրի մատչելիությունն ապահովելու հետ։  Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Alina Nikoghosyan

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները` պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար: