Եթե փող տայի, թեստ էլ կգտնվեր, թեստավորման ժամ էլ

Եթե փող տայի, թեստ էլ կգտնվեր, թեստավորման ժամ էլ

«Մեր կառավարությունն ամեն ինչ անում է՝ քովիդը տարածելու համար»,- ասում է Էջմիածնի բնակիչ Ալվարդ Խաչիկյանը: Նա մտահոգված, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունի, անվճար թեստավորվելու համար դիմել է Էջմիածնի պոլիկլինիկա: «Թերապեւտիկ բաժանմունքում մուննաթ դեմքով մի բժշկուհի, երբ իմացավ, որ թեստ հանձնելու համար եմ գնացել, միանգամից կանխեց ասելիքս: Ասաց՝ թեստավորման համար պետք է շատ վատ վիճակում լինես՝ թոքաբորբով ու բարձր ջերմությամբ, համ էլ՝ թեստավորման ժամն անցել է: Թե որն է թեստավորման ժամը, եթե պոլիկլինիկայում էի 11.30-12․00-ի սահմաններում, այդպես էլ չիմացա»:

Պոլիկլինիկայում մերժում ստանալուց հետո կինը գնացել է «Մաստեր ֆարմ» ախտորոշիչ կենտրոն: Այստեղ էլ են նրան «քաղաքավարի» մերժել ու ճանապարհ դրել: Ասել են՝ նախարարությունից հրահանգել են՝ ամեն դիմողի չթեստավորել, քանի որ թեստերը քիչ են:  

«Խնդրում էի, ասում՝ անհանգիստ եմ, տանը ծերեր ու երեխաներ կան, բա չիմանա՞մ՝ վարակվա՞ծ եմ, թե՞ ոչ: Պատասխանը նույնն էր՝ պետք է թոքաբորբ  ունենաս ու բարձր ջերմես, որ կարողանանք թեստ վերցնել: Այսինքն, ասացի՝ պետք է մահամերձ գամ, որ մահացա՞ծ տանեն»,- պատասխանել է կինն ու վիրավորված դուրս եկել կենտրոնից: «Բայց համոզված եմ՝ եթե փողով լիներ, թեստ էլ կգտնվեր, թեստավորման ժամ էլ…»:

Մյուս զրուցակիցս Քաղավիացիայի կոմիտեի աշխատակից է, որը մտավախություն ունի, որ աշխատանքային պարտականությունները կատարելիս վարակվել է: Զրուցակիցս ավիացիոն անվտանգությունում է աշխատում: Ասում է՝ մինչեւ պատերազմը ուղեւորների զննումն իրականացնում էին մետաղորսիչով՝ առանց անձին դիպչելու եւ որոշակի հեռավորություն պահպանելով: «Պատերազմից սկսած եւ դրանից հետո, այսինքն՝ քովիդի բուռն շրջանում, հրահանգված է զննումն իրականացնել ձեռքով՝ քաղաքացու հետ սերտ կոնտակտով: Երբ անընդհատ սոցիալական հեռավորություն պահելու քարոզ է տարվում, մեր ղեկավարությունը մեզ սերտ շփման է դրդում»,- պատմում է անվտանգության ծառայողը:

Քովիդի տարածման հնարավոր ռիսկերը կանխելու եւ սեփական առողջությունը պահպանելու համար անվտանգության ծառայողները խնդրանքով դիմել են Քաղավիացիայի ղեկավարությանը: Զրուցակցիս փոխանցմամբ՝ պատասխանը բացասական է եղել: «Ոնց ճիշտ ենք գտնում, այնպես էլ անում ենք»,- ղեկավարության պատասխանը ոչ բառացի փոխանցեց աշխատակիցը: Նա եզրակացնում է. կառավարության ուզածը վարակը տարածելն է, որ վախից, ստիպված՝ պատվաստվենք: