Ակտիվանում է սեփակա՞ն, թե՞ Փաշինյանի նախաձեռնությամբ

Ակտիվանում է սեփակա՞ն, թե՞ Փաշինյանի նախաձեռնությամբ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ առ ժամանակ ակտիվանալու եւ պասիվանալու սովորություն ունի։ Նա կարող է երկարաժամկետ գործունեություն սկսելու նպատակով ամիսներով անհետանալ, կուսակցության կյանքին մասնակցություն ունենալ «սկայպով», հետո վերադառնալ, բոլորին ձեռքով բարեւել ու հայտնվել իրադարձությունների կիզակետում։ «Ժառանգության» առաջնորդի վերջին «հայտնությունն» ու հարցազրույցը, որով քաղաքական հայտ ներկայացվեց, իսկ իշխանություններից գոհ է, թե դժգոհ հարցին պատասխանեց՝ ե՛ւ գոհ է, ե՛ւ դժգոհ, պատահական չեն։

Կա մտայնություն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, հաշվարկելով, որ Նիկոլ Փաշինյանը «պռավալ է» տալիս, եւ առաջիկայում արմատական ընդդիմությունը նորից պահանջված է լինելու, ինքնուրույն խաղ է սկսել։ Մանավանդ՝ դա թույլ է տալիս իր նոր պաշտոնը․ «Ժառանգության» խորհրդի նախագահ լինելով՝ մի կողմից ռեալ քաղաքականության մեջ չէ, մյուս կողմից՝ տեսանելի է եւ հարկ եղած ժամանակ կարող է ակտիվանալ։ Ոմանք էլ այստեղ տեսնում են Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ նախկինների ռեւանշի դեմ այլ ընդդիմադիր ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսին, «Սասնա ծռերին»,

«Ժառանգությանը» ակտիվացնելը՝ սեփական՝ կառավարելի ընդդիմություն ունենալու համար։ Հիշենք, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարինն է «թավշյա հեղափոխությանը» նվիրված «Ես մենակ չեմ» ֆիլմի ռեժիսորը եւ սեպտեմբերի 8-ին միջազգային կինոփառատոնին Աննա Հակոբյանի ու ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանի հետ այն ներկայացնողը։ Մենք զրուցել ենք կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

- Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալու ծրագիր ունի՞։

- Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք քաղաքականությունից չի հեռացել, որ վերադառնա։ Պարզապես հիմա իր հրապարակային գործունեության կոմպոնենտն է մեծացել՝ Գյումրիի խորհրդակցությունից հետո։ Ինքը չէր հեռացել։

- Բայց տեւական ժամանակ ակտիվ չէր։

- Մեր կուսակցական աշխատանքներում ակտիվ էր։ Իրականում այդ ուղիղ կապն իր հետ միշտ էլ եղել է՝ սկսած մարտ ամսից, երբ ես ղեկավարեցի կուսակցությունը, եւ իր հրապարակային կոմպոնենտը մշտապես մեծացել է, ու դա նաեւ որոշ կուսակցականների խնդրանքն էր, որ նա միայն ներքին խորհրդատվական խողովակներով հանդես չգա, այլ հրապարակային կոմպոնենտն ավելացնի։

- Կա վարկած, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվացնում է նախկին արմատական ընդդիմություններին՝ նրանց հետ հանդիպում, հարցեր քննարկում։

- Կարծում եմ՝ Դուք շատ վառ երեւակայություն ունեք։ Իրականում՝ երկրում առկա խնդիրների մասին, որոնք պայմանավորված են իշխող ուժի նախընտրած գործիքակազմով, մենք բազմիցս խոսել ենք, բայց վերջին 6 ամիսներին իշխող քաղաքական ուժի հետ որեւէ հանդիպում չի եղել։ 

- Խոսքը պարոն Հովհաննիսյանի անձնական հնարավոր հանդիպման մասին է։

- Պարոն Հովհաննիսյանն անձնապես կարող է հանդիպել ցանկացածի հետ, բայց անձնական ու կուսակցական հանդիպումները չպետք է նույնացնել։ Մենք՝ ինքներս ենք բազմիցս հանդես եկել հանդիպելու առաջարկներով, քննարկելու, սակայն մեր առաջարկությունները, ցավոք, օդում են մնացել։
Եվ մեր զգուշացումները՝ կապված երկրում առկա վտանգների հետ, միանշանակ անտեսվել են։ Մենք այս տարվա ապրիլից զգուշացնում ենք, որ երկրում կա կառավարման ճգնաժամ, եւ, ցավոք, դրանք ավելի են խորանում։

- Դուք էլ Րաֆֆի Հովհաննիսյանի նման իշխանություններից ե՛ւ գոհ եք, ե՛ւ դժգոհ։

- Սխալ կլինի պնդել, որ երկրում ոչ մի բան չի փոխվել, համակարգային փոփոխություններն ակնառու են, բայց բավական չէ տեմպը։ Մեր եւ իշխանությունների ժամասլաքները տարբեր վայրկենաչափերով են աշխատում։ Եվ այստեղ մենք խնդիր ենք տեսնում ոչ միայն արագության, տրամաբանության, այլեւ խորքային խնդիրները վերհանելու տեսանկյունից։ Իշխանությունները շատ հաճախ գործում են անձնային ընտրված թիրախավորումներով պայմանավորված, եւ համակարգային փոփոխությունների տեսանկյունից որոշակի թերություններ ենք տեսնում։ Ի վերջո, դեռեւս կյանքի չեն կոչվել համաժողովրդական շարժման առաջնորդի 3 խոստումները՝ նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք եւ «Կուսակցությունների մասին» օրենք։ Միայն այս 3 քաղաքական կոմպոնենտներն առաջ տանելու դեպքում է հնարավոր քաղաքական դաշտի առողջացում։ Այստեղ շատ կարեւոր է համակարգային փոփոխությունների տրամաբանությունը կյանքի կոչելը։ Կան խոստումներ, որոնք այդպես էլ չի կարող կյանքի կոչել, որովհետեւ ժամանակի ֆակտորն իր գործն արդեն արել է։