Պարտադիր ԴՆԹ թեստավորում հայաստանցիների համար

Պարտադիր ԴՆԹ թեստավորում հայաստանցիների համար

Արցախյան պատերազմում խայտառակ պարտությունից հետո եւ դրան հաջորդած իրադարձություններին համընթաց, մեր հասարակությունում հաճախ են մարդիկ մեկը մյուսին վիրավորում՝ ասելով «թուրք», «սրանց մեջ թուրքի արյուն է», «գնացեք ձեր հարազատ թուրքերի հետ ապրեք»: Այս խոսքերը հիմնականում ուղղված են ներկայիս իշխանություններին, քանի որ ետպատերազմյան այս օրերին վերջիններս յուրահատուկ սեր են դրսեւորում Թուրքիայի, թուրք ժողովրդի նկատմամբ, նրանց սիրաշահելու եւ գոհացնելու քարոզչություն են վարում, ինչը շատ հարցերում կասկածների տեղիք է տալիս:

Ժամանակին էլ նախորդ իշխանություններն էին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների կողմից բնորոշվում որպես «մոնղոլ-թաթարական վարչախումբ»։ Չգիտես ինչու՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես պիտակավորվում էին որպես թուրքեր, չնայած նրանց արցախյան ծագմանը եւ Արցախի խնդրին նվիրվածությանը: Անգամ համացանցում ինչ-որ ֆեյք հորաքույր պատմում էր Քոչարյանի՝ իբր ադրբեջանցու որդի լինելու մասին: Ֆեյք լուրեր տարածելն այս իշխանության ձեռագիրն է: Հետո դրան ի պատասխան՝ ֆեյքային մակարդակի լուրեր տարածվեցին նաեւ Փաշինյանի անվան շուրջ՝ նրա՝ ադրբեջանցի կնոջ որդի լինելու մասին: 

Այս չհիմնավորված ֆեյք լուրերին չի կարելի լուրջ մոտենալ:  Ֆեյքերը՝ ֆեյքեր, զրպարտությունը՝ զրպարտություն, բայց պետք է մի պարզ իրողության հետ հաշվի նստենք եւ ջայլամային քաղաքականություն չվարենք: Այս մասին բարձրաձայնելը գուցե շատերը համարեն ոչ ճիշտ, բայց մեր պատմությունից չենք կարող փախչել: Իսկ մեր պատմությունը շատ ցավոտ է… հարյուրամյակներ շարունակ մեր ազգն ապրել է թուրքի հետ կողք-կողքի։ Ոմանք ամուսնացել են թուրքի հետ, ոմանց բռնաբարել են թուրքերը… բռնաբարվել են նաեւ եղեռնի ժամանակ եւ դրանից հետո: Այդ բռնաբարությունների հետեւանքով նաեւ հղիացել են: Հիմնականում հայ կանայք ազատվել են այդ անցանկալի հղիություններից:

Բայց թուրքերը, հաճախ իմանալով, որ այդ հղիությունն իրենցից է, երեխան իրենցն է, պարտադրել են, որ երեխաներին ծննդաբերեն, որպեսզի իրենց ցեղախումբը բազմանա… բազմանա մեր գեղեցիկ հայ մայրերի գենի հետ խառնվելով: Կանայք հաճախ իրենց ընտանիքներից թաքցրել են, որ երեխաներից մեկն այլ ծագում ունի, որպեսզի երեխաների մեջ խորթություն չմտնի…Ասում են, որ հարյուր տարի չխառնվելով, արյունը, գենը մաքրվում, զտվում է:

Եղեռնից անցել է ավելի քան հարյուր տարի, հետեւաբար, մեր արյունը պետք է որ մաքրված լինի: Իսկ եթե ո՞չ… Հավելենք նաեւ, որ խորհրդային տարիներին, երբ հայ-ադրբեջանական «բարեկամության» ժամանակաշրջանն էր, երկու ազգերը նույն համայնքներում ապրում էին հարեւանությամբ, շատ հաճախ եղել են խառն ամուսնություններ, հիմնականում հայ կանայք են ամուսնացել ադրբեջանցիների հետ: 1988-ից հետո այդ ընտանիքները  կիսվեցին, յուրաքանչյուրը գնաց իր արմատական հայրենիք, փոխեցին ազգանունները, որպեսզի չթիրախավորվեն, չմերժվեն հասարակության կողմից: Այսօր էլ Ադրբեջանում շատ կան հայի արյուն ունեցողներ, Հայաստանում էլ կան ադրբեջանցու արյուն ունեցողներ:

Իհարկե, այս մարդիկ մեղավոր չեն իրենց ճակատագրի համար, նրանք նույնպես ինչ-որ առումով զոհեր են, որոնց չի կարելի թշնամաբար նայել, պարսավել, քննադատել: Բայց չի կարելի նրանց կարգել իշխանության ղեկին, պատասխանատու պաշտոններում, երկրի համար ճակատագրական հարցեր որոշող կառույցներում: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե խառնածին գեներով մարդկանց մեջ որ գենն է ուժեղ, եւ հայրենիքի, պետության համար ճակատագրական պահին ինչպես կխոսի այդ գենը եւ ինչ հարցեր կլուծի թշնամի երկրի օգտին, որը կարող է ճակատագրական ու կործանարար լինել մեր երկրի համար:

Այո, Հայաստանի քաղաքացիներին պետք է ենթարկել պարտադիր ԴՆԹ թեստավորման, որպեսզի մենք էլ իմանանք մեր «բաղադրությունը», մեր գենետիկ մաքրության աստիճանը: Սա ամենեւին ազգային խտրականության դրսեւորում չէ, քանի որ Հայաստանում բոլոր ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, ռուսները, մոլոկանները, հույները եւ այլք, ազատ են ու հավասար բոլոր հարցերում: Խոսքը միայն մեր դարավոր թշնամի ադրբեջանական եւ թուրքական գեները կրողների մասին է: