Թրամփն ու Զելենսկին զրուցել են. կարևոր է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին ասվում է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆիրովի հայտարարության մեջ։
«Նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ։ Մենք մանրամասները կհաղորդենք դրա արդյունքների հիման վրա», - նշել է Նիկիֆորովը։
Զելենսկին ավելի ուշ ասել է՝ զրույցի ընթացքում նրանք քննարկել են այն փաստը, որ Գերագույն Ռադան վավերացրել է Միացյալ Նահանգների հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև «խաղաղության համար հետագա ջանքերի անհրաժեշտությունը»։
Զրույցի ընթացքում Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է համաձայնել 30-օրյա հրադադարի «նույնիսկ այսօրվանից» և ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի այդ առաջարկին։
«Ես նաև հաստատեցի, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու իր մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից։ Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի, պատրաստ է օգնել և աջակցում է հրադադարի անհրաժեշտությանը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփն, իր հերթին, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են։ «Միացյալ Նահանգները, իդեալական դեպքում, պահանջում է 30-օրյա անվերապահ հրադադար։ Հուսանք, որ կպահպանվի ընդունելի հրադադար, և երկու երկրներն էլ պատասխանատվություն կկրեն այս ուղիղ բանակցությունների սրբորեն պահպանման համար։ Եթե հրադադարը չպահպանվի, Միացյալ Նահանգները և նրա գործընկերները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ», - նշել է Թրամփը։
Նա ասել է, որ ժամանակավոր հրադադարը, ի վերջո, պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի։ «Այս ամենը կարելի է շատ արագ անել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Կարծիքներ