Օզարարատը Փաշինյանի եւ Էրդողանի կապավո՞րն է

Օզարարատը Փաշինյանի եւ Էրդողանի կապավո՞րն է

Երկու օր է՝ հայաստանյան լրատվամիջոցներն ալեկոծված են հերթական սկանդալային լուսանկարից: Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Ֆրանսիայում բնակվող թրքամետ գործիչ Սամսոն Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ՝ Երեւանի հյուրանոցներից մեկում: 

Օզարարատի եւ Իգիթյանի ընկերությունն իրենց անձնական գործն է, իհարկե: Մանավանդ, որ Օզարարատը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներից աշխատել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, իսկ Հովհաննես Իգիթյանն այն ժամանակ նույնպես պատգամավոր էր, ՀՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հաճախ լինում էր Ֆրանսիայում: Բայց այսօրվա լարված իրավիճակում, Թուրքիայի հետ թշնամանքի տասնապատիկ ավելացման, Նիկոլ Փաշինյանի դեմ հանրային անվստահության, նրան դավաճանության ու թրքահաճո գործելակերպի մեջ հանրային մեղադրանքի պայմաններում թրքամետ, Թուրքիայում ծնված գործչի այցը կասկածելի է: Չի բացառվում, որ հենց նա է ապահովում Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի մութ կապը: Նիսում ապրող հայերը՝ ֆրանսիական այն քաղաքում, որտեղ բնակվում է Սամսոն Օզարարատը, կարծում են, որ նա Էրդողանի ու Փաշինյանի միջեւ կապավորի դեր է կատարում, որն ինչ-որ տեղեկություն է Փաշինյանից ստանալու ու փոխանցելու թուրքական իշխանություններին: 

Այստեղ նրան «թուրքի գործակալ» են համարում, որը «88-ի երկրաշարժեն ի վեր Հայրենիքը ներքուստ քանդելու մասնագետ է»: Մեզ հետ կապ հաստատած Նիսի հայ համայնքի ներկայացուցիչները նաեւ շեշտում են, որ Օզարարատը ժամանակին ինտրիգներ է ստեղծել Նիցցայում, պառակտել է տեղի հայ համայնքը՝ իրեն ենթարկվող հոգեւոր հովիվ Վահանի հետ, իսկ Էջմիածինը, չգիտակցելով նրա արածի ազդեցությունը, բավարար չի պայքարել նրա դեմ։ Գրում են, որ նա շատ մտերիմ է «Նիս, Մոնաքո ապրող տարի մը ուսանող DJ Էդուարդ Աղաջանեան հետ, ինչբես նաեւ Անդրանիկ Քոչարյանի եւ Ռուբեն Ռուբինյանին հետ»:  

Նոր, հեղափոխական իշխանության հետ Օզարարատի կապն աչքի էր ընկել անցյալ տարվա հուլիսին, երբ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ռեյտինգը բարձրացնելու նպատակով կազմակերպվել էր ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան, որոնք, իբր, պետք է օգնեին կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օզարարատը, որպես «SOS Armeni Կոտ դ' Ազուր» կազմակերպության ղեկավար, ապահովել էր ֆինանսական մասը՝ ինքնաթիռի տոմսեր, «Մարիոթ Արմենիայի» համարներ, բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձը: 

Մենք փորձեցինք ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանից տեղեկություն ստանալ, թե ինչ հանդիպում է ունեցել «SOS-Arménie Côte d'Azur» կազմակերպության ղեկավար Սամսոն Օզարարատի հետ եւ ինչպես է մեկնաբանում ԶԼՄ-ներում երեկ տարածված տեղեկությունները: Ի պատասխան, նա մեզ ուղարկեց «SOS-Arménie Côte d'Azur» կազմակերպության տարածած հաղորդագրությունը, որում նշվում է, որ պարոն Օզարարատը կազմակերպության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան փետրվարի 20-24-ը, որ մասնակցել է քննարկումների հետեւյալ հարցերով. հետպատերազմյան շրջանում հումանիտար օգնություններ, վիրավորների եւ տեղահանվածների հարցերով համագործակցություն, նախարարության հետ համատեղ իրականացվող Covid19-ի դեմ պայքարի ծրագրի շարունակություն, ֆրանսիական փորձի փոխանակումը  ներառյալ, ուսումնական եւ հումանիտար հարցերով: Էրդողանի եւ Փաշինյանի միջեւ ինչ-ինչ տեղեկատվական փոխանակումների մասին հաղորդագրության մեջ ոչ մի բառ չկա: 

Հանուն արդարության նշենք, որ Օզարարատը բոլոր նախագահների օրոք է հայ-թուրքական ջերմացումների ջատագովը եղել: Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բարիդրացիական մթնոլորտում հարցեր լուծելու քաղաքականություն էր առաջ տանում, Օզարարատը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Սեւծովյան տնտեսական համաժողովի գործարար կոմիտեում եւ, իհարկե, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կողմնակիցն էր: 

«Այս արձանագրությունների ստորագրումը վերջը չէ, այլ երկար ճանապարհի սկիզբն է: Թուրքիան եւ Հայաստանը պետք է սովորեն աշխատել կողք-կողքի: Անպայման չէ, որ լինեն լավ կամ վատ հարաբերություններ, կարեւորը հարաբերություններ ունենալն է: Ես նույնիսկ վատ հարաբերությունների եմ համամիտ երկու երկրների միջեւ»,- հարցազրույցներից մեկում ասել էր Օզարարատը՝ նշելով նաեւ, որ Հայաստանի նախագահներից յուրաքանչյուրն իր ոճն ունի, բայց կարեւոր հարցերում նույն գծերն ունեն: «Հայաստանը դեռեւս չանկախացած էլ՝ այս քաղաքականությունն արդեն ճշտել էր: Թուրքիայի հետ առանց նախապայմանների այս գիծը շարունակվում է»,- անկեղծացել էր թուրքական լոբբիստը՝ խոսելով նաեւ այսօրվա մասին: