«Լը Ֆիգարո» պարբերականում՝ Արցախյան պատերազմի մասին

«Լը Ֆիգարո» պարբերականում՝ Արցախյան պատերազմի մասին

Հայ ժողովրդին սատարող նամակում, որը հրապարակվել է ֆրանսիական հանրահայտ «Լը Ֆիգարո» պարբերականում, ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ մեղադրել Էրդողանին, որ, պանթյուրքական նկրտումներից ելնելով, Ադրբեջանին դրդել է հարձակվել Արցախի վրա։ Ներկայացնում ենք մի հատված այդ նամակից․

«Իհարկե, Էրդողանը հերքում է, որ այս պատերազմի հրահրողն ինքն է։ Ժխտողականությունը թուրքական դիվանագիտության պատմության մեջ մեծագույն զենքն է։ Բայց Անկարան շարունակում է իր նախորդների ոճով, միշտ նախապես հերքում է սպասվելիք հանցագործությունը։ «Թուրքիան լինելու է իր ադրբեջանցի եղբայրների կողքին»․ սա նշանակում է` «մենք կավարտենք 1915-ի աշխատանքը»։ Այս ամենն իրենց հայրերի հանցավոր տրամաբանության մեջ է։ Երբ նրան բռնեցնում են փաստի վրա, ինչպես գողացող ձեռքը տոպրակում կամ, ավելի ճիշտ՝ ինքնաթիռի ղեկին, վրդովված՝ վիրավորվում է իր օսմանյան պատվի համար, ինչպես վատ դերասանը կվիրավորվեր։ Նա համառորեն հերքում է այն, ինչն ակնհայտ է: Նրա հանցագործության ապացույցները, այնուամենայնիվ, անջնջելի են՝ Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Հունաստանում, այժմ ՝ Արցախում եւ կրկին՝ Հայաստանում:

Չնայած ձեր գերժամանակակից զենքին, չնայած կրոնական շեշտադրումներով ձեր աղաղակումներին, չնայած ձեր՝ ամսական 2 հազար դոլարով վարձակալած ջիհադիստներին եւ նրանց համարձակ որակող պիտակներին, դուք չեք շահի: Քանի որ դո՛ւք արդեն կորցրել եք: Վերցրե՛ք ձեր դիերն ու գնացեք. հայերի հողը գիտելիքի, մեղրի ու վարդերի երկիր է: Դուք չգիտեք, թե ինչպես վարվել այդ սուրբ հողի հետ:  Մենք պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, որոնք հրաժարվում են մահանալ երկրորդ անգամ...»։