Իսկապես, գո՞հ են հայտարարագիր ներկայացնողները

Իսկապես, գո՞հ են հայտարարագիր ներկայացնողները

Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն իր քաղաքացիական կնոջ հետ լռվել էր հեռավոր Ամերիկայում, նրա նշանակած պաշտոնյաները՝ նախարարներ, պատգամավորներ (այո, չզարմանաք՝ դրանք էլ են, չէ՞, իր կողմից նշանակովի) տարբեր թեմաններով զբաղեցնում էին հայաստանյան հասարակությանը: Դրանցից աչքի ընկած անձանցից էր էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը: Ով «կերակրում» էր մարդկանց համարյա թե սուրբծննդյան հեքիաթներով: 

Օրինակ՝ վերջինիս ասելով՝ 2025-ի առաջին ամսում հայտարարագիր է ներկայացրել ավելի քան 4 հազար հայաստանցի: Եվ գրեթե յուրաքանչյուրը ետ է ստացել հարյուր հազարական դրամ: Մինչդեռ անցած տարի, նրա ասելով, ընդամենը 3 500-ից ավելի քաղաքացիներ էին ներկայացրել հայտարարագրեր: Ինչպես երևում է, 500 հոգու ավելացումը նախարարի համար լուրջ առաջընթաց է, քանի որ 2024 թվականի տվյալը ներկայացնելիս Պապոյանն օգտագործել է «ընդամենը» բառը: Մինչդեռ այդ բառը տվյալ դեպքում գործածվում է ոչ թե «բոլորի» իմաստով, այլ նշանակում է ինչ-որ բանի քչություն: Ու այն հայոց լեզվի մտածողության տեսակետից չպետք է օգտագործվի «ավելի» բառի հետ: Ինչևէ, այդ 500-ի ավելացումն էլ, իր ասելով, տեղի է ունեցել ի հակադրություն եկամուտնրի հայտարարագրման շուրջ ստեղծված բացասական աղմուկի: Բայց այդպե՞ս է արդյոք՝ քննարկենք նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի արտահայտած մտքերի տրամաբանությունը: 

Եթե տարվա առաջին ամսում ՊԵԿ-ում գրանցվել է 4000 մարդ, ապա դժվար թե տաս ամսում դրանց քանակը դառնար նույնիսկ 400 հազար: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա հետ համեմատած՝ ներկայացնելու ժամկետն ավելացվել է ևս 6 ամսով՝ հասցվելով 10-ի: 2025-ին, չմոռանանք, հայտարարագիր պետք է ներկայացնի 782 հազար մարդ: Որքան հիշում եմ, 2024-ին ներկայացնողների թիվը եղել է 100 հազարից ավելի, սակայն ներկայացրել է ընդամենը, եթե չեմ սխալվում, 50-60 տոկոսը (հիշեցնեմ՝ անցյալ տարի ժամկետի վերջը մայիսի 1-ն էր): Ընդ որում, 2025 թվականի համար ավելացվել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնողների թվաքանակը, այլև դրա հետ միասին պակասել է այդ անձանց «որակը»: Այսինքն, բազմակի անգամ մեծացել է հայտարարագիր ներկայացնելու կարողություն չունեցողների թիվը: Ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ նախորդ տարվա համեմատ բազմակի անգամ պակասելու է ներկայացնողների տեսակարար կշիռը: Ինչը բերելու է տուգանքների ավելացմանը ու դրա շնորհիվ՝ պետբյուջեի համալրմանը: Այսինքն՝ մարդիկ հերթական անգամ վերածվելու են, Նիկոլի ասած, տուգանքի մատերիալի:

Դա՝ մեկ, և երկրորդ. հունվարին հայտարարագիր ներկայացրած ավելի քան 4 հազար մարդուց գրեթե յուրաքանչյուրը ետ է ստացել հարյուր հազարական դրամ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեղեկատվությունը: Չի՞ նշանակում արդյոք, որ ներկայացնողները եղել են հենց միայն նրանք, ովքեր կարող էին ստանալ այդ 100 հազարական դրամները: Ինչը, բնականաբար, ոչ թե բացասական աղմուկի հերքում չէր նշանակում՝ որքան էլ դա ցանկանար նախարարը: Այն դրա հետ չուներ որևէ աղերս: Իսկ մնացածների առումով այդ աղմուկն իսկապես արել է իր գործը՝ մարդիկ նախընտրել են չվազել անձնագրային բաժիններ, այնուհետև շարժական հեռախոսային կապի մատակարարների գրասենյակներ, և վերջում էլ բանկեր: Որ այդքանից հետո էլ փորձեն գլուխ հանել հայտարարգրման բարդությունից:

Ինչ մնում է Պապոյանի հավաստիացմանը, թե նրանք, ովքեր թաքցնելու բան չունեն, գոհ են դրանից, ապա դա ևս կեղծիք է: Ինչո՞ւ մարդիկ պետք է գոհ լինեն մի երևույթից, որ իրենցից ավելորդ ջանքեր է պահանջում: Ու դրանից իրենք չունեն ոչ մի շահ. այդպես ուղղակի չի լինում, ու այդպես չեն անի նույնիսկ նրանք, ովքեր պատրաստ են կրկին քվե նվիրել Նիկոլին: Իսկ գոհ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարող են հետվճար ստանալ, և վերջ։ Իսկ մնացածները կլինեն դժգոհ, խիստ դժգոհ: Օրինակ, բազմաթիվ վարձու աշխատողները, որոնք առնչություն չունեն, ասենք, բանկերի հետ: Կամ ինձ նման թոշակառուները, որոնք պետք է հայտարարագիր ներկայացնեն մյուս տարի: Ինչ մնում է գոհ մարդկանց քանակին, ապա դրանց թիվը կլինի 782 հազար կազմող հսկա բազմության 10 տոկոսից էլ պակաս: Որովհետև եթե իշխանությունը հետվճարը գնահատել է մոտ 70 մլրդ դրամ, ապա ստացողների թիվն էլ կլինի 70 հազար մարդ: Ենթադրաբար, հենց այդքան էլ կլինի հայտարարագիր նեկայացնողների թիվը՝ գումարած 160 հազար պետական հիմնարկների աշխատակիցներն ու մի այդքան էլ գործարարները՝ լինեն դրանք մանր, միջին կամ մեծ:

Եվ վերջապես, ինչ մնում է հայտարարգրումը որպես հարկման միջոց ներկայացնելուն, ապա դա ասում է ոչ թե ընդդիմությունը՝ ինչպես Պապոյանն է բողոքում, այլ այդ ոլորտի փորձագետները: Օրինակ՝ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով ոչ թե որպես զուտ ընդդիմադիր է հանգես գալիս, այլ, ունենալով տնտեսագիտական ու իրավաբանական կրթություն, որպես հայտարարագրման ոլորտի փորձագետ: Իսկ տառաճանաչ հայաստանցին էլ պետք է հավատա ոչ թե կեղծիքների ու մանիպուլյացիայի վարպետ Փաշինյան Նիկոլին և կամ նրա նշանակած նախարարին, այլ հենց փորձագետին: