«Հրապարակ». Ովքեր են գծելու Հայաստանի սահմանները եւ ապահովելու մեր անվտանգությունը

«Հրապարակ». Ովքեր են գծելու Հայաստանի սահմանները եւ ապահովելու մեր անվտանգությունը

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց՝ նախօրեի երեկոյան, Երեւանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմերը: Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հանձնաժողովները գլխավորելու են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Առաջին նիստը կայացավ երեկ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Հայկական հանձնաժողովի կազմում, փոխվարչապետից բացի, եւս 11 պաշտոնյա է ընդգրկվել՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության եւ տարածքային կառավարման նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը, ԱԱԾ դեպարտամենտի պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը։ 

Ադրբեջանական հանձնաժողովում, բացի Մուստաֆաեւից, ընդգրկվել են եւս 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջեւանի փոխվարչապետը, վեց փոխնախարարներ, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության, արտաքին հետախուզության պետերի տեղակալները, ինչպես նաեւ Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։

Բնական է, որ Նիկոլ Փաշինյանը մեր համայնքային ղեկավարներին չէր ընդգրկի հանձնաժողովի կազմում՝ ավելորդ գլխացավանք չստեղծելու նպատակով։ Ասենք, կարելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե խոշորացված Գորիս համայնքի ղեկավար, ընդդիմադիր Առուշ Առուշանյանը լիներ սույն հանձնաժողովում: Պարզ է, որ սահմանի ամեն սանտիմետրի համար պայքարելու էր, ի տարբերություն այս կազմի, որտեղ, կարելի է ասել, բացառապես նիկոլահպատակներ են։ Մեր սահմանների հարցերը կարգավորելու են պաշտոնյաներ, որոնց մեծ մասի անունները ոչինչ չեն ասի ընթերցողին, նրանց անցած ճանապարհը մեզ հույս չի ներշնչում, որ կարող են մարտնչել հանուն հայրենիքի սահմանների, հանուն պետական շահի: Ակնհայտ է, որ անելու են այն, ինչ հրահանգելու է Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա առանց հանձնաժողովի էլ որոշեց, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է, եւ պատերազմից հետո հանձնեց Ալիեւին, որոշեց, որ կարելի է մարսել Սեւ լճի 30 տոկոսն ադրբեջանցիների կողմից գրավելը, ու չարժե դրա համար պատերազմել։ Նիկոլ Փաշինյանը դեռ պատերազմից հետո է սկսել սահմանները գծել Ալիեւի կամքով, իրենից ինչ ուզել են, ստացել են, միայն թե նոր պատերազմ չլինի, եւ Փաշինյանի աթոռը մնա անսասան: Հիմա այս ծրագիրը կատարվելու է հանձնաժողովով, եւ Փաշինյանի վրայից պատասխանատվությունն ընկնելու է այս հանձնաժողովի վրա։ Դրա համար կարեւոր է, որ սույն հանձնաժողովի կազմում ընդգրկվածները գիտակցեն, որ պատմական առաքելություն են ստանձնելու, ուստի պետք է առաջնորդվեն ոչ թե Փաշինյանի, այլ պետության շահերով։ 

Այսպիսով՝ հանձնաժողովում պաշտպանական ոլորտից ներկայացված է երեք պաշտոնյա։ Մեկը պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն է` «Լամպոչկա» մականունով, ով նախկինում ոստիկանապետն էր, պատերազմից հետո տեղափոխվեց ՊՆ, քանի որ բանակի բոլոր արժանապատիվ սպաներն ու զինվորականները հրաժարվում էին աշխատել Փաշինյանի հետ, իսկ Արման Սարգսյանը տեւական ժամանակ պաշտոնաթող էր արվել ոստիկանապետի պաշտոնից եւ արագ ընդունեց պաշտպանության փոխնախարար դառնալու առաջարկը։ Մյուսը ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն է, որն այդ պաշտոնում է նշանակվել 2022 թ. հունվարի 10-ին։ Նա թեպետ բանակի հնաբնակներից է, սակայն այն բացառիկ զինվորականներից է, որն իր ստորագրությունը չէր դրել Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության տակ, որով պատերազմից հետո պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Մարտիկյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1992 թվականից ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ռազմական կցորդն էր, ապա՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում։ Զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը, 2019-ից՝ հետախուզության գլխավոր վարչության պետի, ինչպես նաեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

Պաշտպանական համակարգի երրորդ ներկայացուցիչը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանն է, որը 2020 թվականի կապիտուլյացիոն պայմանագրից հետո թեեւ միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, սակայն հետո հլու-հնազանդ շարունակեց ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունից էլ երկու պաշտոնյա է ներկայացված՝ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի համերկրացին է եւ պաշտոնական վերելքի է հասել պատերազմի օրերին։ 2002-2005 թթ․ աշխատել է Բերդավանի միջնակարգ դպրոցում: 2005 թ․ օգոստոսից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ զբաղեցնելով սպայի, ավագ սպայի, պարետատան պարետի, բաժնի պետի պաշտոնները: 2020 թ. փետրվարին նշանակվել է ջոկատի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իսկ հոկտեմբերի կեսերին՝ սահմանապահ զորքերի հրամանատար։ ԱԱԾ դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին համակարգում գիտեն իբրեւ թունդ կարիերիստ, ով երազում է դառնալ ԱԱԾ տնօրեն եւ ամեն ինչի ընդունակ է այդ պաշտոնին հասնելու համար։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա Աբազյանի տակը փորում է, որ իր համար ճանապարհ հարթի, հիմա սույն հանձնաժողովը նրա երազանքների իրականացման համար լայն ճանապարհ է բացում․ շեֆի կամքն անվերապահ կատարելու արդյունքում կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել։

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նույնպես հիշյալ հանձնաժողովում է, նա երեկ հանձնեց իր առաջին քննությունը։ Ընդդիմադիր պատգամավորները, որոնք երեկ երթով հասել էին ԱԳՆ, փակել մուտքն ու մտել փոխնախարարի աշխատասենյակ, համառորեն հորդորում էին նրան կրկնել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, պետք է միայն ասեք այդ պարզ նախադասությունը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։ ԱԺ պատգամավորները դուրս եկան Սաֆարյանի աշխատասենյակից եւ հայտարարեցին, որ նախարարի տեղակալն այդպես էլ չարտասանեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը։
Իսկ հանձնաժողովում ՏԿԵ փոխնախարար, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հայտնության փաստը ՔՊ-ում անեկդոտի թեմա է դարձել։ Ասում են՝ Հարությունյանն այնքան կամազուրկ է, որ իր բնական կարիքների համար էլ է վարչապետից թույլտվություն վերցնում, ուր մնաց հարկ եղած դեպքում ընդվզի նրան։

Ավելորդ է հիշեցնել արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբոր մասին։ Մարդն այնքան անսկզբունքային է, որ տարիներ առաջ Տարոն Մարգարյանին էր ծառայում ու ծաղրում Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով շոումեն, կտուրներ մագլցող, իսկ հիմա «շոումենի» ձեռքից նախկինների պաշտպան Մինասյանը սիրով պաշտոն է ստանում` մոռանալով իր անցյալն ու անցյալում արած հայտարարությունները:
Հանձնաժողովում է նաեւ կադաստրի պետի տեղակալ՝ 33-ամյա Նարինե Ավագյանը, որն արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, եւ կադաստրի պետի տեղակալ նշանակվեց 2020-ի հուլիսին: Նարինեի համար, ըստ լուրերի, միջնորդել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ում մոտ եւս՝ ԱԺ-ից հետո, Նարինե Ավագյանն օգնական է աշխատել: Ինչպես նաեւ պետի մյուս տեղակալ Արամ Գուգարացը։ Հանձնաժողովում է նաեւ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին, ապա փոխվարչապետն ավելի շատ ռուսական շրջանակների ազդեցությանն է ենթարկվում, քան ՀՀ ղեկավարությանը։

Ահա այսպիսի խայտաբղետ պատկեր եւ մի ողջ երկրի ճակատագիր, որ հանձնված է այս անձանց: