Փաշինյանի ընկերը օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել

Փաշինյանի ընկերը օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել
Լուսանկարում նշանակված տնօրենը սեղանի վերևում նստած կարմիր վերնաշապիկովն է

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջևանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որն ավարտել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը չունի բարձրագույն կրթություն, ընդամենը` ինչ-որ տեխնիկում է 2000-ականների կեսերին ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջևանի թիվ մեկ դպրոցի տնօրենն էր:

Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջևանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացում, այդպես էլ որևէ հերքող, կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը և ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ:

Նա մեզ հետ զրույցում նշեց. «Իջևանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որևէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան», - նշում է նա:

Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց. «Այո, այո, տնօրնն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»: