Իշխանությունն Ալիեւին պատասխանելու փոխարեն Սերժ Սարգսյանին է պատասխանում

Իշխանությունն Ալիեւին պատասխանելու փոխարեն Սերժ Սարգսյանին է պատասխանում

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել  հերթական հակահայ հայտարարությամբ, Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն անվանելով ամոթի պատմություն, անվանարկելով  հայոց բանակը: Խոսել է Հայաստանում տիրող անօրինականություններից, կոռուպցիայից, բռնաճնշումներից եւ այլ բարքերից: Այս հայտարարությունից հետո տրամաբանական կլիներ, որ Ալիեւին պատասխաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ պաշտոնապես իրավասու այլ անձ: Բայց, ինչպես տեսնում ենք, շատ խոսել սիրող մեր վարչապետը, կամ էլ որեւէ իրավասու պաշտոնյա չպատասխանեցին Ալիեւին: Մի կողմից հասկանալի է, որ Փաշինյանն ավելի «լուրջ» ու կարեւոր «հակառակորդների»՝ ՍԴ  անդամների դեմ պատերազմով է զբաղված, գլուխը խառն է: Մյուս կողմից էլ, ի՞նչ պատասխանի մի մարդու, ում համարում է կիրթ ու կառուցողական: Բացի այդ, Ալիեւը գրեթե բառացի կրկնում է այն, ինչը տարբեր ամբիոններում  Հայաստանի ու նրա պատմությունից բամաբասել է Նիկոլ Փաշինյանը: Ինչեւէ, Փաշինյանը չպատասխանեց Իլհամ Ալիեւին: 

Վարչապետի փոխարեն Ալիեւին պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Անկախ ամեն ինչից, թե ինչ սխալներ է թույլ տվել Սարգսյանն իր նախագահության տարիներին, արձանագրենք, որ նա, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, պետական գործիչ է եւ լավ է հասկանում նման հայտարարություններին ժամանակին պատասխանելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին դիպուկ էր ու հստակ: Իր խոսքի վերջում նա ասում է.«Ալիևի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես և իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Այսքանից հետո, վարչապետը փոխանակ թեկուզ  ուշացումով պատասխաներ Ալիեւեին, պատասխանում է Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանին պատասխանում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ: Թեեւ այն կարդալիս այնպիսի տպավորույթուն է, թե վարչապետ Փաշինյանի ելույթներից մեկն ենք կարդում…Նա խոսում է հինգերերդ շարասյունից,  Սերժ Սարգսյանի ընտանիքի թալանից, կուտակած հարստություններից, Սերժ Սարգսյանի՝ վիզը ծուռ խոսելուց, եւ այլն:  Վարչապետի երիտասարդ մամուլի խոսնակը, առանց տարիքային ցենզը հաշվի առնելու, առանց հաշվի առնելու, որ խոսում է Հայաստանը տաս տարի ղեկավարած մարդու հետ, ոչ կոռեկտ բառապաշարով խոսում է Սերժ   Սարգսյանի մասին …«Ալիեւի ներկայությամբ»…Ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը: 

Մի խոսքով, վարչապետ Փաշինյանի կռիվը դեւռեւս ոչ թե «կառուցողական » ու «կիրթ» Ալիեւեի հետ է, այլեւ մնում է նախկինների ու Սերժ Սարգսյանի հետ: Իսկ Ալիեւեին մինչեւ հիմա Փաշինյանը դեռ չի պատասխանել …