Ո՞րն է վերջին կետը

Ո՞րն է վերջին կետը

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հռետորական հարց է ուղղում ինքն իրեն և հանրությանը, թե ո՞րն է այն վերջին կետը, որից այն կողմ ինքն այլևս ստիպված չի լինելու հայաստանյան տարածքներ զիջել Ադրբեջանին: Որպես հանրության մաս անմիջապես պատասխանեմ՝ չի լինում նման կետ: Ճիշտ այնպես, ինչպես ախորժակն է ուտելուց բացվում, այնպես էլ հնարավորության դեպքում ագրեսոր պետությունն է անընդհատ, պատառը պատառի հետևից օտար տարածք կորզելու: Իսկ այդ հնարավորությունը նրան ընձեռվում է  այն դեպքում, երբ պատերազմում պարտված պետության ղեկավարը համառորեն խաղաղություն է փորձում մուրալ թշնամուց: Այն, ինչ մեկ տարի շարունակ համառորեն փորձում է անել Փաշինյան Նիկոլը: Թշնամի երկիրն էլ միջազգային հանրություն կոչվածի աչքին արդարացի երևալու համար սեփական ագրեսիվ վարքագիծը ներկայացնելու է որպես պատմական արդարության վերականգնում: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հայ ժողովրդի բնօրրանի մի անկյունում ձևավորված պետություն է, այլ, ըստ իլհամական պատկերացումների, «Արևմտյան Զանգեզուր» և կամ նույնիսկ «Արևմտյան  Ադրբեջանի Հանրապետություն»:                   

Այնպես որ, եթե նման բան է թույլ տրվում թույլ երկրի կողմից, ապա վերջին կետ ուղղակի չի լինում՝ քանի դեռ պարտված երկրից պոկելու բան կա: Սակայն կարող է լինել հարցի մեկ այլ լուծում՝ եթե պարտված երկրի ղեկավարը դադարի խաղաղություն մուրալուց: Իհարկե, դրան պետք է հետևեն (կա՛մ նախորդեն և կա՛մ երկուսը միասին) այլ քայլեր ևս: Դրանցից են՝ առկա բոլոր ռեսուրսները տնտեսության զարգացման համար տրամադրում, ազնվության հիմքով հասարակության հետ շփումների հաստատում, հասարակության պառակտման վերացում, պարգևավճարների տրամադրման պրակտիկայից իսպառ հրաժարում և տնտեսված յուրաքանչյուր լուման առաջին հերթին բանակին ուղղելուն, անվտանգության հայեցակարգի թարմացում, բանակի վերակազմավորում, նրա ներսում և նրա շուրջը բարոյա-հոգեբանական մթնոլորտի բարելավում և այլն, և այլն: Միաժամանակ, Հայաստանի բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունների ամբողջական բարելավում, Արցախի մնացած մասի և Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի թիկունքում արևմտյան ուղղվածության խաղիկներից հրաժարում: Այս ամենի արդյունքում մենք ոչ թե խաղաղություն կմուրայինք թշնամուց՝ մեզ մեր հայրենիքից վտարել երազող թշնամուց, այլ կկարողանայինք կանգնեցնել թշնամուն: Իսկ վերջին կետն էլ կլիներ հաստատ ոչ մեր սահմաններում:

Այդ ամենը շատ ավելի մեծ հաջողությամբ կարող էր անել ոչ թե պատերազմում պարտված և առնվազն օտարի աչքում պարտության խորհրդանիշ հանդիսացող, այլ այդ բարդույթից զերծ ղեկավարը: Հանուն սեփական անձի անվտանգության պահպանման՝ այդ տարբերակը հենց սկզբից մերժվեց «պարտությամբ հպարտացող» (ինչը խոստովանեց ավելի ուշ) Նիկոլի կողմից: Լավ, ընդունենք, որ մենք գտնվում ենք անմեղսունակության ինչ-որ աշխարհում, և, ինչ էլ պատահեր, ինքը պետք է մնար իր պաշտոնին: Բայց այդ դեպքում գոնե պետք է գիտակցեր, որ սեփական շահը պահանջում է դուրս գալ այն իրավիճակից, որում հայտնվել էլ անձամբ ինքը խայտառակ պարտությունից հետո: Որպեսզի, ասենք, Իլհամի հետ հանդիպումներում ոչ թե գլուխը կախեր, այլ հեգնանքով նայեր նրան՝ ինչպես անում էին իր չսիրած նախորդները: Եվ ոչ թե արևմտյան իր հովանավորներին բողոքեր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են հայաստանյան ժողովրդավարության համար: Իսկ դա նշանակում է, որ  հնարավորության սահմաններում պետք է աներ գոնե անհրաժեշտ նվազագույնը երկիրը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ: Գոնե այն, ինչ ներկայացվեց հոդվածի նախորդ պարբերությունում:

Ի վերջո, հենց ինքն էր, չէ՞, «երկնել» 15 կետից բաղկացած կիսամյա գործողությունների ճանապարհային քարտեզի գաղափարը: Սակայն ապաշնորհ այդ անձը նույնիսկ իր գրածը չկարողացավ կյանքի կոչել՝ բացի Արցախին ուղղված սոցիալական կիսատ-պռատ ծրագրերից և զուտ պոպուլիստական այս կետից. «13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»: Ի դեպ, դատավորներն արդեն լուրջ մասնագիտական խնդիրներ են բացահայտել օրենքի դրույթների կիրարկման տեսակետից: Բայց դե պրոֆեսիոնալիզմն ո՜ւր, Նիկոլի իշխանությունն ո՜ւր: Հա, քիչ էր մնում մոռանայի՝ մեկ էլ անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություն, ինչը նախատեսված չէր սեփական ճանապարհային քարտեզով: Սակայն դա էլ ծառայեց ոչ թե հասարակությունն ի մի բերելուն, այլ «չաքուջային» քարոզարշավով այն ավելի պառակտելուն: Եվ արդյունքում ստացանք հասարակության նիկոլապաշտ հատվածի՝ «խեղճ Նիկոլը (կամ մեկ այլ տարբերակով՝ խեղճ հայվանը) ի՞նչ անի» հարցադրումը: Եվ արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք:

Հ. Գ. Յուրաքանչյուր տնտեսված լուման բանակին ուղղելու փոխարեն Նիկոլը որոշել է պետական բյուջեից 185 հազար ԱՄՆ դոլարով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հատկացնել ներկայացուցչական դասի 7-րդ սերնդի BMW մակնիշի նոր ծառայողական մեքենա։ Դրա վերաբերյալ որոշումը կառավարությունն ընդունել է առանց քննարկման։