Իսկ եթե որևէ դատավոր չցանկանա՞ գնալ վաղ կենսաթոշակի (տեսանյութ)

Իսկ եթե որևէ դատավոր չցանկանա՞ գնալ վաղ կենսաթոշակի (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանը, որն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին զեկուցում էր ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա պատվով հեռանալու հնարավորություն է այդ դատավորների համար։

«Չի կարող որակվել որևէ կերպ որպես նվաստացուցիչ, և ավելին ասեմ, գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքով արդեն իսկ դա կարգավորվում է, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի։ Այնպես որ, նման խոսակցությունները բացարձակ անհիմն են»,-ասաց Բադասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությւոններին, թե սա նվաստացուցիչ նախագիծ է ՍԴ դատավորների համար։

Իսկ եթե որևէ դատավոր չցանկանա վաղաժամ հեռանա՞լ, ի՞նչ կլինի այդ դեպքում, Բադասայանն ասաց, որ դա կնշանակի, որ որևէ դատավոր չցանկացավ հեռանալ։ Ապա ակնարկեց, որ իրենք իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով կստուգեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարևարքությունը։ Դիտարկմանը, թե սա ճնշում չի՞ ընկալվի ՍԴ դատավորների նկատմամբ, որ եթե չգնան վաղաժամ կենսաթոշակի, իրենք կգնան և կստուգեն նրանց գործունեությունը, նախարարն արձագանքեց․ «Ներողություն, եթե իմ խոսքը այդպես ընկալվեց»։ Hraparak.am-ի դիտարկմանն էլ, որ եթե ոչ իրենց ստուգումներն արդյունք տան, ոչ էլ այս նախագծի հնարավորություններից օգտվեն ՍԴ դատավորները, չի՞ ստացվի, որ իշխանության ջանքերը զուր անցան, արդարադատության նախարարն ասաց, որ չի կարծում, թե նման իրավիճակ հնարավոր է։

«Անհնար եմ համարում, որ որևէ արդյունք որևէ գործիքակազմ չունենա, բայց ամեն դեպքում, եթե սպառենք ու տեսնենք, որ ամեն ինչ նորմալ է, բոլոր մեխանիզմները գործադրվել է, և խնդիր չկա, ապա այն անձի հետ, ում հետ կապված խնդիր չկա՝ խնդիր չկա»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։