Ինչ հարցեր կտար օմբուդսմենին արցախցի ազատամարտիկը

Արցախյան երեք պատերազմների մասնակից Հայկ Բաբայանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ հարցեր կուղղեր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, եթե հանկարծ հրաշք կատարվեր, եւ ՄԻՊ-ը սկսեր ընդունել հասարակ արցախցիներին ու լսել նրանց դարդերը, պատասխանեց․ «Եթե ես գնայի ՄԻՊ-ի հետ հանդիպման, ապա առաջին հարցը, որ կբարձրացնեի, կվերաբերվեր հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի դատավարություններին, այդ ուղությամբ տարվող աշխատանքներին։ Չնայած կարծում եմ` այդ ուղությամբ ոչ մի աշխատանք էլ չի կատարվում։ Երկրորդը՝ ես կհարցնեի, թե ի՞նչ աշխատանք է կատարել օմբուդսմենը Սրբազան պայքարի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկաների կողմից կիրառված անմարդկային բիրտ ուժի և ոչ իրավաչափ գործողությունների հետ կապված։ Եւ երրորդը՝ կհարցնեի արցախցիների ՀՀ քաղաքացի չլինելու մասին։
Եթե ՄԻՊ-ը ունենար իրավաբանի տարրական կրթություն, նա կհասկանար, որ դա հատուկ է արվում և ունի մի շարք քողարկված նպատակներ»։ Ի՞նչ նպատակների մասին է խոսքը, Հայկ Բաբայանը պատասխանեց․ «Եթե որևէ պետական կառույցի դիմում ես աշխատանքի ընդունվելու համար, առաջին պատճառաբանությունն այն է, որ քաղաքացի չես։ Այսինքն, մեզ աշխատանքի չընդունելու համար է։ Հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ արցախցիները չմասնակցեն համապետական ընտրություններին, այսինքն, զրկված լինեն ձայնի իրավունքից։ Դա այն դեպքում որ` թեկուզ և դատական կարգով 2021 թ Հադրութից և այլ շրջաններից տեղահանված մեր քաղաքացիները, ովքեր ապաստան են գտել ՀՀ տարբեր բնակավայրերում, իրավունք ենք ստացել մասնակցելու ընտրություններին»։
Ազատամարտիկը հարց է տալիս, որի պատասխանը չի լսել պետական այրերից․ եթե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն եղել, ապա ինչպե՞ս է լինում, որ ՀՀ-ում մինչև պատերազմը ձեռք են բերել անշարժ գույք, այդ թվում նաև գյուղատնտեսական նշանակության։
Կարծիքներ