Մեզ հիմարի տեղ մի դրեք

Մեզ հիմարի տեղ մի դրեք

Երբեմն անկախ լրատվամիջոցներին եւ ընդդիմությանը մեղադրում են՝ ամեն ինչ սեւացնում եք, ոչ մի լավ բան չեք տեսնում, մի՞թե մեր երկրում ոչ մի լավ բան չի կատարվում, այս իշխանությունը ոչ մի լավ բան չի՞ անում, որ դրա մասին էլ գրեք: Բայց դժվար է այսքան վատի, աղետալիի, անընդունելիի մեջ մի երկու լավ մանրուք գտնելն ու դրանց վրա կենտրոնանալը: Առավել եւս դժվար է, երբ իշխանության մեջ գտնվողները ողջ հասարակությանը փորձում են հիմարի կամ կույրի տեղ դնել եւ ամենավատ բանն անգամ որպես լավություն հրամցնել: Կիրանցի կեսը տալ ու ասել` ուռա, սահմանազատում արեցինք:

Ադրբեջանին տարածքներ հանձնել ու հայտարարել, որ ոչ թե 4 գյուղ ենք տալիս, այլ 4 գյուղ ստանում ենք, որովհետեւ, եթե չտայինք, Ադրբեջանը կհարձակվեր ու 4 հայկական գյուղ էլ կգրավեր: Թշնամու պարտադրանքով Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնել ու հայտարարել, որ մեր ինքնիշխանությունն ենք դրանով ավելացնելու: Սյունիքի միջանցքի անունը դնել ճանապարհ ու հայտարարել, որ ոչ թե միջանցք ենք հանձնում, այլ «կոմունիկացիաների ապաշրջափակում» է իրականացվում, որից Հայաստանն էլ է «շահելու»:

«Ազգային» բառը փոխարինել «պետական»-ով, թե` պետականությունն ենք ընդգծում: Արարատից հրաժարվել, թե մենք ավելի լավ սար ունենք՝ Արագածը: Արեւմուտքից ցատկել դեպի Ռուսաստան, ապա՝ նորից դեպի Արեւմուտք, հետո՝ էլի Ռուսաստան, կախված այն բանից, թե ով է այդ պահին քեզ ավելի շատ ճնշում ու վախեցնում, եւ հայտարարել, որ հավասարակշռված արտաքին քաղաքականություն ենք վարում: ԱՄՆ, ԵՄ դեսպաններին թույլ տալ, որ ամենօրյա ռեժիմով խառնվեն երկրի ներքին գործերին, եւ հայտարարել, որ արեւմտյան ժողովրդավարություն ենք ներդնում, համագործակցում ենք զարգացած երկրների հետ, նրանց աջակցությունն ենք ստանում: