Գյումրին ոչ թե ես եմ թալանել, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եղբայր ու հենարան ՀՀՇ-ն

Գյումրին ոչ թե ես եմ թալանել, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եղբայր ու հենարան ՀՀՇ-ն

Իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ լարված հարաբերությունները շարունակվում են: Գեւորգ Պետրոսյանի հայտնի նախաձեռնության պատճառով բռնկված կայծը երեկ բորբոքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով  քրեական ենթամշակույթը կրողների գործողությունները քրեականացնելու մասին նախագծին քննադատող Վարդան Ղուկասյանի մասին՝ նա առանց անուն նշելու հայտարարել էր նախ, որ այդ մշակույթը  Հայաստանից պետք է արմատախիլ արվի, և եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են՝ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, խոսքը Նազելի Բաղդասարյանի մասին է, «ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառի բուն իմաստով»։

«Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ, որ ասֆալտին փռելուց, պատերին ծեփելուց վախենամ, վախենում եմ միայն Աստծու ահեղ դատաստանից»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հայտարարեց Վարդան Ղուկասյանը .«Ինչ-որ սխալ բան չեմ ասել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն իրավունք ունի հայտնել, զգում եմ՝ կարծիքներին արտահայտվելուն բռնանում են մանավանդ հանրապետության առաջին համարի կողմից»: 

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր խոսքում ասել էր նաեւ, որ Գյումրու կեսը թալանած մարդը չի կարող հիմա թպրտալ .«Գյումրու կեսը թալանելու պահով, որ էդպիսի բան է ասում հարգարժան մեր վարչապետը, ես մի բան կարող եմ ասել. իմ աշխատած տարիներին ՀՀ ոչ մի կառույց մեր պես մաքուր ու թափանցիկ չի աշխատել»,- ասաց նա շարունակելով.

«Գիտե՞ք դրա ապացույցը որն է. ոչ թե պարոն վարչապետն է հիմա առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել, այլ ես եմ ընտրվել էն ժամանակ առանց կեղծիքի և առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան, մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թ., երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով էդ արկղերը վերցրին ու դրեցին աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Եվ թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ-ի բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Էնքան գումար էր եկել ՀՀ, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ ՀՀ-ն կկառուցվեր, 37 գործարան թալանվեց: Ինքը, որտեղից որ ծնվել է, նրանք ենք թալանել»:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ բանտարկությունից էլ չի վախենում։ Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ նախագծի հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին միջնորդավորված սպառնալուն, ապա Վարդան Ղուկասյանն ասաց, որ նրան չի ճանաչում, գիտի իր մայրիկին: Մինչդեռ Բաղդասարյանը ասաց, որ կթարմացնի Ղուկասյանի հիշողությունը եւ նրան կանդրադառնա ԱԺ ամբիոնից: