Ընտրում են Մարդուն

Ընտրում են Մարդուն

Կիրակի օրվա ընտրությունները որոշակի աշխուժություն մտցրին քաղաքական դաշտում: Իշխանության մեծամտացած ներկայացուցիչներին հասկացրին, որ «չագուճի» դեմ միշտ էլ «չագուճ» կա, եւ պողպատե մանդատը երբեմն կարող է պարզվել` թղթից է: Այնպես որ, պետք չէ մի կեսհաղթանակից ոգեւորվել: Իսկ իրականությունից կտրվելը կարող է նաեւ նման հետեւանք ունենալ․ երբ ձեռքերդ քշտած նետվում ես ընտրապայքարի մեջ՝ փորձելով խոշորացնել առանց այն էլ արդեն խոշորացված համայնքները եւ հեռացնել վերջին աշխատող համայնքապետերին, որոնց կասկածում ես, թե ըմբոստ են, սակայն արդյունքում ունեցածդ էլ ես կորցնում ու հայտնվում կոտրած տաշտակի առաջ:

Այս ընտրությունները նաեւ ապացուցեցին, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, իսկ ընդամենը ամիսներ առաջ` ամռանը, իշխանությունների ունեցած վստահության ռեսուրսն էլ ավելի է մաշվել: Այնպես որ, բավ է խոսել լեգիտիմության, ժողովրդից ստացած մանդատի եւ ցանկացած քաղաքական քայլ իրականացնելու իրավունքի մասին: Այդ մանդատը չբավարարեց անգամ մի քանի ամիս եւ մի քանի տեղական ընտրությունների համար:

Ինչպե՞ս կարող էր հաղթող, հասարակության 53 տոկոսի վստահությունը վայելող իշխանությունը, որի քվեների ամենամեծ բաժինը ստացվել է հենց մարզերում, նման խայտառակ պարտություն կրել միանգամից երեք համայնքներում` Գորիսում, Գյումրիում, Մեղրիում: Այս ընտրությունները մեսիջ էին նաեւ ընդդիմությանը: Փաստ է, որ մեր ժողովուրդն ընտրում է Մարդուն, ցանկալի է` Տղամարդուն, որը վստահություն է ներշնչում, որը կարող է պաշտպանել ու աջակցել, խնամել ու պատասխանատվություն ստանձնել: Անգամ կարելի է ընտրարշավ չանել, ոչ մի խոստում չտալ, ասֆալտ չփռել, կաշառք չբաժանել, բայց ստանալ ընտրողի քվեն: Սա դաս լինի մեզ բոլորիս համար: