Մեկ տաղավարի համար՝ 50-ից 100 հազար դրամ
Երևանում հունիսի 3-ից 4-ը կայացավ մեծ տոնավաճառ Արամի-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող այգում։ Դա 4-րդ Կետ մարկետն էր՝ Սիզնս այգում: Այս տոնավաճառները առանձնանում են նրանով, որ հնարավորություն են ընձեռում ոչ միայն կայացած ու հայտնի բիզնեսներին, այլ նաև անհատներին՝ գնորդներին առաջարկել իրենց արտադրանքը, վաճառել այն, ներկայացնել շուկային իրենց բրենդը, կայանալ։ Շատ աշխույժ առք ու վաճառք էր գնում 3 օր շարունակ, մեծ թվով մարդիկ այցելեցին Մալիբուի այգին, տարբեր օրիգինալ իրեր ձեռք բերեցին, տոնավաճառին մեծ թվով ռուսներ էին մասնակցում, որոնք իրենց ձեռքի աշխատանքն էին ներկայացրել հայկական շուկայում։ Բայց մենք տեղեկացանք, որ անհատական վաճառքի համար մարդիկ բավականին մեծ գումարներ էին վճարել կազմակերպիչներին՝ յուրաքանչյուր տաղավարի համար վճարելով 50-ից 100 հազար դրամ գումար: Մանր-մունր իրեր արտադրողների համար դա փոքր գումար չէ եւ ոչ բոլորն են այդ երեք օրվա արդյունքում հետ ստացել իրենց վճարած գումարը։ Այգին, ճիշտ է՝ պատկանում է Տաշիր հոլդինգին, սակայն այն վարձակալել է «Երեմյան պրոջեքթ» ընկերությունը՝ հայր և որդի Երեմյանների գլխավորությամբ: Մենք Երեմյան պրոջեքթից մեկնաբանություն խնդրեցինք, թե ինչպես է որոշվել գնային քաղաքականությունը, ո՞ւմ նախաձեռնությամբ են այգում նման միջոցառումներ կազմակերպվում և ինչ հաճախականությամբ։
Երեմյան պրոջեքթից Անահիտ Գևորգյանը պատասխանելով մեր հարցերին ասաց. «Որպես այդպիսին ասեմ, որ այգին հանրային տարածք է, որտեղ խրախուսում ենք, որպեսզի իրականացվեն մշակութային քաղաքն ու տուրիզմը զարգացնող միջոցառումներ: Մեզ դիմում են, իսկ մենք միայն խրախուսում են։ Այս պահին չեմ կարող ասել, թե երբ կլինեն նմանաբնույթ միջոցառումներ, սակայն կարող եմ ասել, որ բավականին հաճախ են այդպիսիք կազմակերպվում: Օրինակ` մեզ դիմել էր «Զատիկ կինոփառատոնը», տարբեր տոնավաճառներ և այլն: Բավականին տարբեր են դիմողները: Կետ մարկետի նախաձեռնությամբ էր կազմակերպվել հունիսի 3-ից 4-ը տեղի ունեցած տոնավաճառը, սակայն մենք զուտ պարտնյոր ենք, կազմակերպիչները նրանք են, գումարների մասով, թե ինչպես են գները որոշում, չեմ կարող ասել, որովհետև դրանով մենք չենք զբաղվում: Կետ մարկետն է որոշել գները», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե մեկ տոնավաճառի համար որքա՞ն գումար է Երեմյան պրոջեքթը որպես եկամուտ ստացել, Անահիտ Գևորգյանն ասաց. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ»:
Կարծիքներ