Վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը
«Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման եւ անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաեւ տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից:
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձեւավորվել է նաեւ Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարեւոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաեւ դպրոցական եւ մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։
Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձեւաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների /5-6-րդ/ սովորողների համար:
Կարծիքներ